Երեկ, Կալիֆոռնիայում, 92 տարեկան հասակում մահացել է «Նեբյուլա» և «Հյուգո» գրական մրցանակների դափնեկիր, աշխարհահռչակ գրող-ֆանտաստ Ռեյ Բրեդբերին: Այդ մասին «ИТАР-ТАСС»-ին տեղեկացրել են գրողի կինն ու դուստրը:
1950 թ. գրած «Մարսի տարեգրությունները» պատմվածքների ժողովածուում, որը գրողին բերեց համաշխարհային հռչակ, նա կանխատեսում էր, որ արդեն 2-րդ հազարամյակի սկզբին Մարսի վրա կլինեն բնակավայրեր, մարդաբնակ քաղաքներ: «Ի՞նչ եք կարծում, ի՞նչու այդպես չեղավ» հարցին Բրեդբերին պատասխանել է. «Ինձ հաճախ են հարցնում դրա մասին, և ես սիրում եմ ամեն անգամ ուրիշ, նախորդից տարբեր պատասխան տալ: Այսօրվա պատասխանս է ՝որովհետև մարդիկ հիմար են: Նրանք արեցին բազում հիմարություններ՝ հնարեցին շնիկների համար պիջակներ, գովազդային գործակալի պաշտոն և IPhone –ի նման բաներ, որոնց դիմաց ոչինչ չստացան, բացի բերանում մնացող դառնահամից: Իսկ եթե մենք զարգացնեինք գիտությունը, յուրացնեինք Լուսինը, Մարսն ու Վեներան…Ո՞վ գիտի, թե ինչպիսին կլիներ աշխարհն այսօր: Մարդկությանը տրվել է հնարավորություն նվաճելու տիեզերքը, բայց մարդն ուզում է լինել զուտ սպառող՝ գարեջուր խմել ու հեռուստասերիալներ դիտել: Բայց Դուք առանձնապես ուշադրություն մի դարձրեք ասածներիս, սա ծերունական մառազմ է (ծիծաղում է), վերջիվերջո, ես շուտով կլինեմ 100 տարեկան»:
Թեմայի մասին ավելի մանրամասն կարդացեք «Իրատես de facto»-ի հունիսի 12-ի համարում: