ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մարտի 19-ը ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԻ ծննդյան օրն է

Մարտի 19-ը ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԻ ծննդյան օրն է
19.03.2023 | 23:29

ՎԱԶԳԵՆ ՎԵՀԱՓԱՌԸ ՆԱԵՎ ԹԱՐԳՄԱՆԻՉ
(hատված դերասանուհու` «Իմ կյանքի հեքիաթը» գրքից)

Կար մեկը իմ ուսուցիչներից, որի հանդեպ մի առանձին ակնածանք ունեինք: Լևոն Պալճյան էր նրա անուն-մականունը: Երեսնամյա գեղանձն մի երիտասարդ, եվրոպական կրթությամբ իմաստուն մի այր: Նա մեզ դասավանդում էր պատմություն և աշխարհագրություն: Մի առինքնող լույս կար նրա դեմքին: 1943-ին Լևոն Պալճյանը հրաժարվեց աշխարհիկ կյանքից, դարձավ կուսակրոն և շնորհիվ իր իմաստնության՝ բարձրացավ հոգևորականների համար սահմանված աստիճաններով և 1955-ին ընտրվեց Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա:

Հայաստանում առաջին անգամ տեսա Վեհափառին 1955թ. աշնանամուտին, կրոնական հագուստով, փոքրիկ մորուքով: Երևան էր ժամանել՝ մասնակցելու կաթողիկոսական ընտրություններին: Նույն այդ ժամանակ էլ ընտրվեց Ամենայն հայոց կաթողիկոս: Հակառակ կրոնական կերպարանքին՝ ճանաչեցի: Ինչպես կարող էի չճանաչել նրա աչքերը, որոնցից բարությունն էր կաթում ու լցվում դիմացինի սիրտը: ՈՒ երևի կարոտս էր մեծ, որ չկարողացա զսպել ինձ ու մոտեցա նրան: Դիմեցի հոգևոր հայրերին դիմելու ընդունված բառով:

-Բարի ողջույն, սրբազան: Ինձի չե՞ք ճանչնար:

-Չէ՛, աղջիկս, չեմ ճանչնար:

-Ես Վարդուհի Վարդերեսյանն եմ, Բուխարեստի հայկական վարժարանի Ձեր սանուհին:

Մեկ անգամ էլ ուշադիր նայեց: Նրա հայացքի դիմաց կանգնած էր ոչ թե որբ աշակերտուհին, այլ վեր բարձրացող աստղի հովերով տարված դերասանուհին:

-Աս որչափ փոխված ես, Վարդուհի՛:

Մեկ-երկու րոպե ևս խոսեցինք: Երկար ժամանակ Վեհափառին հանդիպելու առիթը չէր ներկայանում: Երբեմն-երբեմն տեսնում էի նրան օթյակում նստած ներկայացում դիտելիս, բայց պատկառում էի, սիրտ չէի անում մոտենալ նրան:

Վեհափառի երբմնի սաներից շատերն էին ներգաղթել հայրենիք: Չգիտեմ՝ ում մտահղացմամբ՝ որոշեցինք ամեն տարի այցելել Վեհափառին՝ շնորհավորելու նրա օրհնյալ ծնունդը: եվ սա դարձավ ավանդություն, քանի ապրում էր Վեհափառը:

Վեհափառը մի երկու դերում տեսել էր ինձ թատրոնի բեմում: Թե ինչ կարծիք ուներ դերասանուհուս մասին, չգիտեմ: ՈՒ մի օր էլ զանգ: Կաթողիկոսի գրասենյակի կառավարիչն էր: Հայտնեց, որ Վեհափառը ուզում է ինձ տեսնել: Երկու օր անց կաթողիկոսի մեքենան ինձ տարավ Սուրբ Էջմիածին: Վեհափառը առաջարկեց զբաղեցնել իրեն մոտիկ աթոռը:

-Վարդուհի, դուն ռումիներենը մոռցա՞ծ ես:

-Ո՛չ, Վեհափառ:

Ինձ մեկնեց երեք-չորս էջանոց մեքենագիր մի տեքստ: Կարդացի, շատ հավանեց ռումիներենս: Կարդացածս Նարեկացու հանճարեղ պոեմի տողերից էին:

-Մեկ շաբաթեն Ռումինիայեն հյուրեր պիտի ունենամ, բարձրաստիճան հոգևորականներ: Կուզեմ անոնց ծանոթացնել Նարեկացիի «Մատյան ողբերգության» պոեմին, քանի մը դրվագ ես թարգմանած եմ: Կուզեմ՝ այս երկու դրվագը սորվիս, արտասանես անոնց համար:

Մեկ շաբաթ անց կրկին Վեհափառի ընդունարանում էի: Տեսա հինգ-վեց սևազգեստ, ալեհեր հոգևորականների հետ զրուցելիս: Վեհափառն ինձ

ներկայացրեց հյուրերին, ապա առաջարկեց կարդալ: Ինչ մեղքս թաքցնեմ. մինչ այդ Նարեկացու հանճարեղ պոեմին ծանոթ չէի: Վեհափառի թարգմանությունն այնքան վեհաշունչ էր, որ չէր կարելի կարդալ առանց հուզմունքի:

Ամփոփվեցի ինքս իմ մեջ, ինչպես անում եմ բեմ ելնելուց

առաջ: Այլևս չիմացա, թե ուր եմ ես: Ներշնչանքի գրկում սկսեցի

արտասանել, ոչ, չարտասանեցի, աղոթք մրմնջացի առ Աստված՝ նման այն մոլեռանդ հավատացյալի, որ, խորանի պաղ սալաքարին ծունկի իջած, աղոթում է:

12 րոպե տևեց իմ մրմունջը, ու երբ ավարտեցի, հայացքս

երկնից իջեցրի ունկնդիրներիս, տեսա զարմանքից բացված նրանց աչքերը՝ լցված հիացմունքվ:

Մի քանի վայրկյան լռություն տիրեց:

Ռումինիայի հոգևորականներից մեկը դիմեց Վեհափառին:

-Մի՞թե աշխարհում այսպիսի բանաստեղծ է եղել:

Հետո խնդրեց Վեհափառին, որ ժամանակ գտնի ամբողջ պոեմը թարգմանելու, որ ռումին ըներցողը հաղորդակից դառնա հայ հանճարին:

Մինչև այսօր էլ ինձ հայտնի չէ, թե Վեհափառը մինչև վերջ թարգմանե՞ց Նարեկացու պոեմը, թե՞ չէ:

70-ական թվականների վերջերին կարդացի Նարեկացու պոեմը Վազգեն Գևորգյանի աշխարհաբար թարգմանությամբ. ի՜նչ վիթխարի տքնություն:

ՈՒ պիտի խոստովանեմ, որ Վեհափառի թարգմանության հմայքն ուրիշ էր, շատ էր տպավորիչ: Գուցե Նարեկացուն առաջին անգամ իմ հաղորդակցվելու պարագան էր պատճառը:

... Վեհափառին հանդիպելու շատ առիթներ եմ ունեցել, որոնցից ամեն մեկը մի քաղցր հուշ է թողել իմ մեջ: Վեհափառի մահը եղավ իմ ապրած մեծ կսկիծներից մեկը:

Հրածին ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 4975

Մեկնաբանություններ