ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մի լուսանկարի պատմություն

Մի լուսանկարի պատմություն
18.03.2023 | 22:53

Լուսանկարվել է պատահական, 1968 թվականին, Էջմիածնի Մայր տաճարի բակում: Ձախից Ֆրունզե
Դովլաթյանն է, գեղանկարիչ Զուլում Գրիգորյանը,, Խորեն Աբրահամյանը և Ֆրուզիկ (Մհեր) Մկրտչյանը:
-Մենք մտերիմ ընկերներ էինք,- պատմում է Զուլումը,- և գրեթե ամեն շաբաթ հանդիպում էինք իմ
արվեստանոցում: Հերթական հանդիպման ժամանակ մեկ էլ Խորենն ասաց.
-Ա՛յ, Զուլում, Ֆրունզիկը (խոսքը Մհեր Մկրտչյանի մասին է) անտեր տղա է, դժվար թե կնքված լինի, արի գնանք կնքենք: Դու էլ քավորը կլինես: Միայն թե խնդիրը խաչի հարցն է:
-Անմիջապես զանգահարեցի ոսկերիչ իմ լավ բարեկամին` Ժիրայր Չուլոյանին, ով, ի դեպ, Վեհափառի մոտ գտնվող մեծ խաչի ու ոսկե այբուբենի հեղինակն է:
Ասաց.
-Այո, պատրաստի խաչեր ունեմ:
Երեք խաչ պատվիրեցի, ասացի.

-Վրան էլ փիրուզ քար ավելացրու, որ չար աչքից հեռու լինեն:
Կեսօրից հետո խաչերը վերցրինք ու գնացինք Ֆրունզիկ Մկրտչյանի Կոմիտաս պողոտայի վրա գտնվող
տուն:
Ներքևից ձայն տվեցինք, Ֆրունզիկն իջավ ու հարցական տոնով ասաց.
-Էս ու՞ր:
-Քո գործը չի, նստիր,- ասաց Ֆրունզե Դովլաթյանը:
-Զուլումը քավոր է կանգնելու, պիտի գնանք,- բացատրեց Խորենը:
Ֆրունզիկը թե`
-Բա ինչու՞ «Զապորոժեցով», իմ մեքենան հանեմ:
Տղերքը, թե`
-Չէ՛, էդպես են պայմանավորվել, քավորի «Զապորոժեցով» պիտի գնանք:
Բանն այն է, որ երեքն էլ «Վոլգա», ունեին, միայն իմն էր հասարակ «Զապորոժեց»: Ֆրունզիկը լուռ ու
մունջ, մի կերպ տեղավորվեց, ու շարժվեցինք:
Հասանք Էջմիածին: Արդեն երեկո էր:
Ասացի.
-Դուք նստեք, ես գնամ, խոսեմ ու գամ:
Եկեղեցին արդեն փակվելու վրա էր, արարողակարգերն ավարտվել էին, ժողովուրդը արդեն հետ էր գնում:
Մեկ էլ Տեր հորը տեսա, խնդրեցի, ասաց.
-Օրհնության ջուրն արդեն տարել են, չեմ կարող:
Շատ խնդրեցի, ասացի երեխաներով շատ հեռվից եմ եկել, ես ամեն բան կանեմ:
Ասաց.
-Դե լավ, գնա, երեխաներին բեր:
Գնացի, ասացի.
-Իջե´ք:
Դե ինքներդ պատկերացրեք. փոքր «Զապորոժեց»-ից դուրս են գալիս հաղթանդամ Խորեն Աբրահամյանը, Ֆրունզիկ Մկրտչյանն ու Ֆրունզե Դովլաթյանը:
Հետ գնացող ժողովուրդն ապշահար մեզ է նայում: Ավելին, ինչքան մեքենա կար, որ պիտի շարժվեին,
չշարժվեցին: Ժողովուրդը հետևներիցս գալիս է: Ներս ենք մտնում: Տեր հայրը նայում է չորս կողմը և
զարմացած հարցնում.
-Իսկ երեխաներն ու՞ր են:
Ցույց տալով ներս մտնող Ֆրուզե Դովլաթյանին, Խորիկին ու Ֆրունզիկին` ասում եմ.
-Սրա´նք են:
Տեր հայրը մի պահ քար կտրեց, ասաց.
-Ո՞նց թե` սրանք են:
-Այո, այո,- ասացի,- իրենց պիտի կնքես:
-Աստված վկա, չափազանց երջանիկ եմ, որ այսպիսի մարդկանց պիտի կնքեմ,- ասաց Տեր հայրն ու սկսեց կնունքի արարողությունը:
Այդ ընթացքում եկեղեցին լցվեց մեծ ու փոքրով: Ժողովուրդը շրջապատել էր մեզ: Արարողության ավարտի վերջում Տեր հայրն ասաց.
-Համբուրեք քավորի ձեռքը:
Ֆրունզե Դովլաթյանը ակնածանքով համբուրեց ձեռքս, Ֆրունզիկը մի թեթև հայացք գցեց Դովլաթյանի
երեսին, ինքն էլ համբուրեց ձեռքս: Հիմա Խորենը չի համբուրում, ասում է.
-Դուրս գնանք, կհամբուրեմ, էլի՜:
Ես ասում եմ.

-Համբուրի, համբուրի´, կարգ է:
Խորենն էլի չի համբուրում: Տեր հայրը զարմանքից քար է կտրել, հավանաբար մտածում էր, թե էս ով է, որ Խորենի հետ էդպես է խոսում: Իհարկե, ձեռքս քաշեցի: Գրպանիցս չորս հատ 25 ռուբլիանոց հանեցի (այն ժամանակ մեծ գումար էր) մեկն ինձ պահեցի, երեքը մեկնեցի Տեր հորը, չվերցրեց, ասաց.
-Ես երջանիկ մարդ եմ, որ այսպիսի մարդկանց եմ կնքել:

Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆԻ զրույցից

(կրճատումներով)

Դիտվել է՝ 5305

Մեկնաբանություններ