ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

«Մահվան էսկադրոնները», «սև այրիները», «արյան վրիժառուները»` մերօրյա Կովկասի իրողություններ

«Մահվան էսկադրոնները», «սև այրիները», «արյան վրիժառուները»` մերօրյա Կովկասի իրողություններ
29.09.2009 | 00:00

Վերջին իրադարձությունները, կարծես, մեկ անգամ ևս գալիս են ապացուցելու, որ հերթական կովկասյան պատերազմն այլևս կորցրել է թեական հարցադրումը և գնալով վերածվում է նոր ու ցավալի իրողության։ Այդ հանգամանքը ոչ միայն լուրջ հետևանքներ կունենա Ռուսաստանի և տարածաշրջանի, այլև, ամենայն հավանականությամբ, իր արձագանքը կթողնի ավելի լայն աշխարհագրական ու քաղաքական տարածության մեջ։
Եթե խոսելու լինենք նոր կովկասյան կամ «երրորդ չեչենական» պատերազմի մասին, ապա առաջին հայացքից դրա համար բավարար հիմքեր չկան, քանի որ ռուսական կենտրոնական իշխանության մասնակցությունն այդ գործողություններին, բանակի միջամտության առումով, առայժմ նվազագույն մակարդակի վրա է։ Սակայն, նկատի ունենալով հյուսիսկովկասյան իրադարձություններում զոհերի քանակն ու մարտական օպերացիաների բազմաբնույթ լինելը, կարելի է արձանագրել, որ դրանք արդեն հիշեցնում են «ռազմաճակատային քրոնիկա»։ Սպանությունները դարձել են հարահոսային, օր չի անցնում, որ հյուսիսկովկասյան բազմաթիվ հանրապետություններից որևէ մեկում տեղի չունենան մարտական բովանդակություն ունեցող միանգամից մի քանի միջադեպեր։ Ռուսական իրավապաշտպանները, հենվելով պաշտոնական տվյալների վրա, պնդում են, որ այս տարվա հունիսից սկսած` նվազագույնը 260 մարդ է սպանվել ահաբեկչական և ռազմական գործողությունների հետևանքով, որոնցից մոտ 100-ը միլիցիոներներ և զինվորականներ են։ Հետաքրքիր է և, անկասկած, պատահական չէ այն, որ երբ Ռուսաստանում նշվում էր Մոսկվայի բնակելի շենքերի պայթեցումների տարելիցը, որոնք ոչ միայն խաղաղ քաղաքացիների կյանքեր խլեցին, այլև առիթ տվեցին Վլադիմիր Պուտինին լայնամասշտաբ ռազմական օպերացիա սկսել Կովկասում, այս անգամ էլ «կովկասյան ռազբորկաները» տեղափոխվել են մայրաքաղաք։ Մասնավորապես, անցած կիրակի երեկոյան Մոսկվայում անհայտ անձինք ավտոմատ հրազենից գնդակահարեցին Դաղստանի Խասավյուրտի շրջանի վարչակազմի ղեկավար Ալիմսուլթան Ալխամատովին։ Տարօրինակ զուգադիպությամբ բուն Դաղստանում միաժամանակ սպանվեց միլիցիայի երկու բարձրաստիճան սպա։
Միաժամանակ ռուսական և արտասահմանյան ԶԼՄ-ները գրեթե յուրաքանչյուր օր տեղեկություն են տարածում առևանգումների, անպատկերացնելի դաժանությունների և սպանությունների մասին, որոնք իրականացնում են «մահվան էսկադրոնները»։ Քիչ չեն կարծիքները, թե նրանց թիկունքում հաճախ կանգնած են տեղական միլիցիան, ինչպես նաև ռուսական հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Ռուսական «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Չեչնիայում առևանգվել է 79 մարդ, Դաղստանում փետրվարից սկսած անհետացել է 25 տեղաբնակ, որոնցից 12-ը հետագայում հայտնաբերվեցին մեռած։ Կովկասում բռնությունների նոր բռնկումը բնութագրվում է նաև կին-մահապարտ ահաբեկիչների կրկին ի հայտ գալով, ովքեր դրանով փորձում են վրեժ լուծել իրենց սպանված ամուսինների կամ եղբայրների համար։ Իսլամիստների կարծիքով, այդպիսի մոտեցման կիրառումն օգտակար է, և պետք է Ռուսաստանին ցույց տալ, որ ինքը շատ խոցելի վիճակում է, և շրջանառվող վարկածի համաձայն, «շահիդ» կանանց դպրոցը շարունակում է հաջողությամբ կենսագործվել չեչենական Արգունում։
Այս «գաղտնի» և արևմտյան չափորոշիչներով կեղտոտ պատերազմում խաչաձև կրակի տակ են հայտնվում բազմաթիվ խաղաղ բնակիչներ։ Բացի այն հանգամանքից, որ կովկասցի երիտասարդների հիմնական խմբերի իշխանությունները դարձյալ դիտարկվում են իբրև «ռիսկային», և ռեպրեսիաների հետևանքով առաջին հերթին նրանք են տուժում, տարածաշրջանի քաղաքներն ու գյուղերն իրենց զգում են ինչպես «մեծ պատերազմի» շեմին, և շղթայական ռեակցիայի ձևով տարածվող սարսափը ստիպում է բոլորին «ռազմավարական պաշարներ» պատրաստել։ Հյուսիսկովկասյան հանրապետություններում կրկին առկա են զրահատեխնիկայի խոշոր կուտակումներ, քաղաքներում մեծ թիվ են կազմում սլավոնական արտաքինով գործուղված զինվորականները, պարենամթերքի գներն աճում են աննախադեպ արագությամբ։ Այսինքն, բնակչության մեծամասնության մեջ գնալով կրկին արմատավորվում է այն համոզմունքը, որ հիմա նորից «ինչ-որ բան է տեղի ունենալու»։ Շատ բնութագրական է, որ այս խորապատկերի վրա Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն օրերս հայտարարեց, թե արդեն իսկ իր համար փոխանորդ է պատրաստել, և եթե իր հետ ինչ-որ բան պատահի, ապա իրեն կփոխարինի այժմ Չեչնիայից ռուսական Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը։ Սա, չնայած այն հանգամանքին, որ վերջինիս նկատմամբ «Ինտերպոլի» միջոցով հայտարարված է միջազգային հետախուզում, քանի որ Արաբական Միացյալ Էմիրությունների դատախազությունը կասկածում է նրան չեչենական հայտնի «Վոստոկ» գումարտակի նախկին հրամանատար Սուլիմ Յամադաևի սպանության մեջ։ Ընդ որում, «հյուսիսկովկասյան պարտիզանների» ղեկավար Դոկու ՈՒմարովը հայտարարել է. «Մեր գործողություններում, ըստ հնարավորության, կաշխատենք խուսափել քաղաքացիական կառույցներին հարվածներ հասցնելուց։ Թեպետ, իմ կարծիքով, Ռուսաստանում խաղաղ բնակչություն, որպես այդպիսին, չկա»։
Միաժամանակ, փորձագետների մի մասը, ովքեր հատկապես շեշտադրում են հյուսիսկովկասյան հակամարտությունների` ներկայումս «աֆղանացման» գործընթացը, միաժամանակ ուշադրություն է հրավիրում նախկինում դրսևորում չունեցած մի շարք իրողությունների վրա։ Մասնավորապես, տեսակետ է շրջանառվում, թե տարածաշրջանն աստիճանաբար կխրվի քողարկված քաղաքացիական պատերազմի հորձանուտը, ինչին կնպաստեն արյան վրեժի տոտալ դրսևորումները։ Ճիշտ այդպես էլ բոլորովին վերջերս Մախաչկալայի մզկիթների մոտ և շուկաներում տարածվեցին թռուցիկներ, ուր նշված էին դաղստանյան միլիցիոներների մահվան մեջ մեղադրվող և արյան վրեժի օրենքով «դատապարտված» անձանց ցուցակները։ Այսպես կոչված, «ապստամբների» անուններից բացի, այստեղ կարելի էր տեսնել իրավապաշտպանների, փաստաբանների և լրագրողների 16 ազգանուն։ Դատապարտվածների ցանկում են նաև «Դաղստանի մայրեր» կազմակերպությունից երկու կին, իսկ երեք անձինք, ովքեր, իբր, մասնակցել են միլիցիոներների սպանություններին և երկաթուղում կատարված դիվերսիոն գործողություններին, արդեն սպանվել են։ Սպանված միլիցիոներների հարազատները չեն թաքցրել, որ այդ ցանկում են ներառել 250 մարդու անուն։
Ակնհայտ է, որ այս շղթայական ռեակցիան կանգնեցնելը չափազանց դժվար է, և չի բացառվում, որ «կլանային ու քաղաքացիական» պատերազմը, որպես ընդհանուր միասնությանը խոչընդոտող գործոն, ունի լուրջ պատվիրատուներ։ Չմոռանանք, որ 1999-ին Չեչնիան էլ կանգնած էր քաղաքացիական պատերազմի շեմին, ինչը հնարավորություն տվեց ռուսական իշխանություններին` հաջողությամբ օգտագործել Ասլան Մասխադովի ու նրա հակառակորդների միջև առկա հակասությունները։ Ամենայն հավանականությամբ, հենց այդ պատճառով էլ անհաջող ավարտվեցին Ինգուշեթիայի նախագահ Յունուս Բեկ-Եվկուրովի բոլոր նախաձեռնությունները` իր հանրապետությունում ազգային կոնսենսուսի հասնելու ուղղությամբ։ Մինչդեռ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ նախագահ նշանակված Բեկ-Եվկուրովը պետք է լիներ «միավորիչ նախագահ», սակայն այս տարվա հունիսին մահափորձի հետևանքով ծանր վիրավորվեց ու հազիվ ողջ մնաց։ Այժմ հյուսիսկովկասյան հանրապետությունների ղեկավարների մեջ, որոնց գլխավորում է Ռամզան Կադիրովը, ինչպես նաև մոսկովյան չինովնիկների շարքերում կրկին գերիշխում են հյուսիկովկասյան հիմնախնդիրներն ուժային մեթոդներով լուծելու տրամադրությունները։
Այն հանգամանքը, որ Կովկասն անհանգիստ է հրաբխի նման, ու դրա պատճառն արյան վրեժի դրսևորումներն են կամ քրեական «ռազբորկաները», չի նվազեցնում հավանականությունը, որ ցանկացած պահի այդ գործընթացները կընդունեն նոր ձև ու բովանդակություն` ուղղվելով կրկին Մոսկվայի դեմ։ Վերջին 15 տարիներին հյուսիսկովկասյան հանրապետություններում, այդ թվում և Դաղստանում, աճել է մի ամբողջ սերունդ, որը գրել ու կարդալ չգիտի, սակայն գերազանցապես տիրապետում է հրաձգային զենքին ու ականապատման արվեստին։ Այդ սերնդի ներկայացուցիչներից շատերը երկարատև պատերազմի արդյունքում ձեռք են բերել հոգեբանական շեղումներ, և ռուսները նրանց համար այլևս օտարներ են, եթե ոչ` թշնամիներ։ Անշուշտ, Հյուսիսային Կովկասում ներքին «ռազբորկաներն» այս պահի դրությամբ գուցե և իրավիճակի ապակայունացման հիմնական շարժառիթն են։ Մանավանդ որ արմատական իսլամական շարժումներն այս պահին չունեն բրգի ձև ունեցող կազմակերպական կառույց, ինչը նախկինում կար Չեչնիայում, և հենց դա էլ թույլ տվեց հրահրել առնվազն վերջին երկու չեչենական պատերազմները։ Թեպետ տարածաշրջանում գործող պարտիզանական կազմավորումներից շատերը պահպանել են իրենց ամուր կապերն արտասահմանի իսլամական շարժումների հետ, և եթե իրավիճակը շարունակի լարվել, ապա մեծ է հավանականությունը, որ կլինի համապատասխան աջակցություն ու օժանդակություն։
Բնութագրական է և այն, որ, Չեչնիայի նախագահ Կադիրովի բնորոշմամբ` «ընդհատակյա բանդիտիզմի ակտիվացումն Արևմուտքի ձեռքի գործն է»։ Կադիրովը պնդել է, թե իսլամական աշխարհը չի օգնում զինյալներին, զենքն ու զինամթերքը վերջիններս ձեռք են բերում բացառապես Վրաստանից ու Ադրբեջանից` ԱՄՆ-ի օգնությամբ։ «Լեռներում մենք պատերազմում ենք ամերիկյան ու անգլիական հատուկ ծառայությունների դեմ։ Իսկ նրանք չեն կռվում ընդդեմ Կադիրովի կամ ավանդական իսլամի։ Նրանք պատերազմում են ընդդեմ ռուսական անկախ պետության»,- համարում է Չեչնիայի երիտասարդ նախագահը։ Այս ամենին, ինչպես նաև «ռուսական բազեների» համարժեք ելույթներին, թերևս, չարժեր ուշադրություն դարձնել, եթե դրանցում չնկատվեր սեփական սխալներն այլ գործոններով պայմանավորելու ձգտումը։
Այդ հանգամանքը, ի դեպ, իր դրսևորումն էր ունեցել Ռուսաստանի նախագահի վերջին հայտնի հոդվածում, ուր Դմիտրի Մեդվեդևն ընդ-գծել էր, թե Հյուսիսկովկասյան տարածաշրջանում իրական իրադրությունը խիստ տարբեր է ավանդաբար Մոսկվա ուղարկվող հաղթական զեկույցներից։ «Ահաբեկչական հարձակումները Ռուսաստանի վրա շարունակվում են, և, իհարկե, այդ հանցագործությունները կատարվում են միջազգային բանդիտական խմբավորումների աջակցությամբ։ Սակայն եկեք ընդունենք` իրավիճակն այսքան սուր չէր լինի, եթե Ռուսաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացումն իրապես արդյունավետ լիներ»,- նշել է Ռուսաստանի նախագահը, թերևս, նկատի ունենալով, որ հյուսիսկովկասյան հանրապետություններն առայսօր դոտացիոն են, այսինքն, գոյատևում են ոչ թե սեփական ջանքերով ստեղծված բարիքների, այլ դաշնային կենտրոնից հատկացվող միջոցների հաշվին։ Դրան զուգահեռ շարունակվում են հավաստիացումները, որ տեղական ղեկավարների գործունեության գնահատման օբյեկտիվ չափորոշիչներ կհաստատվեն, և որ կենտրոնական իշխանությունը վճռական է` «ճնշելու բանդիտական խմբավորումները, որոնք ահաբեկելով ու վախեցնելով փորձում են կովկասյան հանրապետությունների բնակչությանը պարտադրել իրենց գաղափարներն ու բարբարոսական կարգերը»։ Բայց որքանո՞վ է արդյունավետ այս ամենը։ Սկզբունքորեն կարելի է հանգել այնպիսի հետևության, որ Ռուսաստանն անցած 18 տարիների ընթացքում չկարողացավ հաղթահարել իրականում կենցաղային բնույթ ունեցող կազմակերպված հանցավորությունն այս տարածաշրջանում, բայց պատրաստ է շարունակել կույր դաժանության նույն քաղաքականությունը, ինչը միայն նորանոր մարդկանց է մղելու դեպի «իսլամական գաղափարների պաշտպանների շարքերը»` որպես Կրեմլի կոշտ գործողությունների պատասխան։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1977

Մեկնաբանություններ