«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ
-Ձեր կարծիքով` հայ-թուրքական հարաբերությունների կայացման ընթացքում ինչ-որ սխա՞լ կատարվեց, թե՞ ի սկզբանե սխալ կար, որ այս արդյունքին հասանք:
-Իսկ ի՞նչ արդյունքի հասանք: Վատագույն տարբերակի դեպքում մենք ունենք հայ-թուրքական չստորագրված արձանագրություններ, փակ մնացած սահման և չհաստատված դիվանագիտական հարաբերություններ: Տասը տարի առաջ մենք ավելի՞ն ունեինք կամ մինչև Ցյուրիխը: Մենք ընդամենը համարձակություն ենք ունեցել հիմնվելու սեփական ուժերի ու հաշվարկների, սեփական մտքի վրա, նաև հիմնվելով մեծ երկրների աջակցության վրա` մտնել հայ-թուրքական բանակցությունների մեջ:
-Այսինքն` խնդիրը Ա կետից Բ կետին հասնելն էր, բայց մենք Ա կետում ենք` որոշակի ճանապարհ անցնելուց հետո՞ էլ:
-Մենք եղել ենք Ա կետում, քայլեր ենք ձեռնարկել Բ կետին հասնելու համար, բայց դեռ նույն տեղում ենք: Ի՞նչ է դա նշանակում: Որ պետք է լինել նախաձեռնող ու հետևողական, նաև համարձակ: Եթե մարդը վճռականություն ունի գործելու, եթե վստահ է սեփական ուժերին, սովորաբար իր նպատակին հասնում է: Իհարկե, մեր հարևանը Թուրքիան է, և պատմությունը վկայում է, որ թուրքերը մեծ դիվանագետներ են, թուրքական դիվանագիտությունն աշխարհում արդեն իսկ բրենդ է, բայց նորանկախ Հայաստանը որպես դիվանագիտություն որդեգրեց մարտունակ կուրս և աշխատանք հասկացությունները, և այսօր մենք, որպես պետություն, էական գործոն ենք դարձել աշխարհում: Աշխարհի 47 երկրներից մեկն է այսօր Հայաստանը, որին հրավիրում են իբրև միջուկային տերություն մասնակցելու միջուկային անվտանգության խնդիրներով համաժողովին: Հայաստանից տասն անգամ ավելի խոշոր ու հին, նաև հարուստ պետություններ կան, որոնց չեն հրավիրում: Կան պետություններ էլ, որ Հայաստանից հարուստ են, բայց նրանց «ճաշից հետո» են կանչում:
-Իսկ գուցե Հայաստանին ուղղված հրավերն ավելի շատ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ևս մեկ քայլ անելու ենթատե՞քստն ուներ:
-«Գուցե»-ներով պատմություն չի գրվում, այլ փաստերով հիմնավորված գործողություններով: Փաստը մնում է փաստ, որ Հայաստանն այսօր աշխարհի 47 պետություններից մեկն է, որն իր արժանավոր տեղն ունեցավ նման քննարկման մեջ: Հայաստանը, ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության և այս ընթացքում կատարած քայլերի, ընդունվում է Բրյուսելում, Լոնդոնում, Փարիզում, Վաշինգտոնում, Մոսկվայում... Եթե դա արդյունք չէ, եկեք հասկանանք` ի՞նչ ենք փնտրում և ի՞նչն ենք արդյունք համարում: Կարծում եմ` մենք ականատեսն ենք այն բացառիկ դեպքի, երբ խաղարկվել է պարտիա, որտեղ պարտություն չի լինում: Լավ դեպքում էլ, վատ դեպքում էլ մենք շահած ենք: Ես չեմ հիշում, գուցե ուրիշները գիտեն, որ մեր արտաքին քաղաքականությունը նախկինում ունեցել է նման փայլուն ձեռնարկում, որն առաջին պահից սկսած այսքան անվրեպ է գործել: Ընդամենը մի հիշատակում. ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման պահը մտաբերեք և այն գործիչներին, որոնք կանգնած էին արձանագրությունները ստորագրողների թիկունքին: Եթե անգամ ընդունենք, որ նրանց կեսն էր հանուն Հայաստանի այնտեղ, աշխարհի հզորագույն պետությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներն էին` ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Շվեյցարիա, Եվրամիություն... Եվ այսօր նախագահ Վուդրո Վիլսոնի հիշատակին հնչեցնում ենք` հիշեք, որ այլևս հայերը երբեք չտառապեն: Սա ընդամենը կարգախոս չէ, գործողությունների ծրագիր է: Զորակցեք, որ հայերը չտառապեն... Երբ հայ-թուրքական արձանագրությունները նոր էին ստորագրվել, ինչ մեղադրանքներ էին հնչում` Ցեղասպանության ուրացում, Ղարաբաղի հանձնում... Շատ կարճ ժամանակ է անցել, մեկ տարին էլ չի լրացել, բայց ոչ միայն ուրացում չկա, այլև նույն Ցեղասպանության խնդիրն ամենաբարձր մակարդակով հնչեցվեց Լոնդոնում, Վաշինգտոնում, Դեր Զորում` թիկունքում պետականություն ունենալով: Ինչո՞ւ չեք ուզում տեսնել, որ բոլորովին նոր մոտեցում է և նոր բովանդակություն: ՀՀ արտաքին քաղաքականության հաջողություններն են սրանք և Հայաստանի վարկի ու հեղինակության բարձրացումը:
-Տեսնել ուզում ենք, բայց և ուզում ենք արդյունքները տեսնել, ոչ միայն ընթացքը: Լոնդոնում լորդերը քննարկեցին, բայց մերժեցին, Վաշինգտոնում արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց, բայց հայտնի չէ` Կոնգրեսի օրակարգ կմտնի՞, թե՞ ոչ, ի վերջո, թող մեծ ու փոքր բոլոր տերությունները, որ ճանաչել են ու ճանաչում են Ցեղասպանությունը, ներեն, բայց առավել գնահատելի է, որ Ցեղասպանությունն իրականացրած պետությունը ճանաչի Ցեղասպանության փաստը:
-Իհարկե, առավել կարևորն Անկարայի ընդունումն է, իսկ դրա համար շատ կարևոր են քննարկումները, այն մթնոլորտը, վերաբերմունքը, միջավայրը, որտեղ այս ամենը տեղի է ունենում: Փաստորեն, Բարաք Օբաման տվեց Ադոլֆ Հիտլերի պատասխանը, այդ մասին բրիտանական թերթերն էլ գրեցին` ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը, աշխարհն է հիշում։
-Կարծում եք` հասարակական կարծիքի ու քաղաքական էլիտայի դիրքորոշման փոփոխություն Թուրքիայում հնարավո՞ր է։
-Իրողություններ կան, որ անհերքելի են և անդառնալի: Իրականում այս ամենի ազդեցությամբ Թուրքիայի հասարակական կարծիքում փոփոխություններ են կատարվում: Ես տասը տարի առաջ Թուրքիայում հանդիպումներ եմ ունեցել թուրք պատգամավորների, գործարարների, թրքահայերի հետ. երբ ցեղասպանության հարցն էր շոշափվում` զարմացած-վախեցած իրար էին նայում։ Համարյա 100 տարի այդ երկրի հասարակական կարծիքը փակ է եղել, այդ երկրի պատմությունն իր համար գաղտնիք է եղել, դասագրքերը, թերթերը, գրքերը այլ պատմություն են պատմել:
-Մինչև 1965 թիվը մեզ էլ են այլ պատմություն պատմել, իսկ հիշողություն ունեցողներին 37 թվին են «բացատրել» ճշմարտությունը:
-Դե համեմատեք` բացարձակ փակ էջերը և այսօրվա քննարկումները` պետության առաջին դեմքերից սկսած մինչև դպրոցներ: Այս թեման այսօր ահազանգի պես անընդհատ հնչում է, և շատ կարևոր է, որ այսօր մենք ունենք Հայաստանի ու սփյուռքի միասնականության բարձր որակ, այն դեպքում, երբ Թուրքիան միշտ է ջանացել սեպ խրել հայության այս երկու հատվածների միջև։ ՀՀ նախագահի ջանքերով է այս ամենը եղել: Բոլորիս աչքի առաջ` երկրից երկիր, քաղաքից քաղաք տասնյակ հանդիպումներ ու հարյուրավոր հարցերի պատասխաններ, ոչ մի չպատասխանված հարց։ Արդյունքը սա է, այսօր սփյուռքը միասնական ու կազմակերպված կանգնած է Հայաստանի Հանրապետության կողքին:
-Վաշինգտոնում կարո՞ղ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր ճանապարհային քարտեզ ստորագրվել:
-Ես չեմ կարծում, որ նման հանդիպումներում կոնկրետ, գործնական խնդիրներ են լուծվում և քննարկվում: Այլ հանդիպումներ կլինեն, այլ ձևաչափերով, բայց որ հիմնական ուղին ընդունվում և համաձայնեցվում է նման բարձր հանդիպումների ժամանակ` անկասկած է:
-Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման պատմության ոդիսականի հանգուցակետ է լինելու ապրիլի 24-ը` Ցեղասպանության 95-րդ տարելիցի օրը: Աշխարհի բոլոր անկյուններում հայերը և ոչ միայն հայերը սպասում են` Բարաք Օբաման կարտաբերի՞ ցեղասպանություն բառը, թե՞ ոչ:
-Իսկ ի՞նչ է փոխվելու, եթե արտաբերի կամ չարտաբերի:
-Իմ կարծիքով` զոհերը հարություն չեն առնելու, տարածքները չեն վերադարձվելու, պատմության ընթացքը նույնն է մնալու, հերթական բարոյական հաղթանակն ենք ունենալու, որից ոչ մի գործնական քայլ չի բխելու, եթե արտաբերի, իսկ եթե ոչ` 2011-ի ապրիլի 24-ին ենք սպասելու:
-Դրանից առաջ էլ, հետո էլ Հայաստանի Հանրապետության իշխանությունը պարտավոր է շարունակել ու հետևողականորեն իրականացնել իր ծրագրերը, հայ ժողովրդի վաղեմի բաղձանքների կատարմանն ուղղված քայլերը: Դա է կարևորը: Իսկ թե ո՞վ, որտե՞ղ, ե՞րբ կարտաբերի ցեղասպանություն բառը, կամ չի արտաբերի` դա ավելի շատ իրենց երկրի արտաքին կան ներքին քաղաքական խնդիրների լուծումներից է բխում: Եթե նպատակային և նպատակասլաց գործում ես, նպատակիդ կհասնես։ Ռուսական ասացվածք կա` «Дорогу осилит идущий»։ Գնացողն է տեղ հասնում: Իսկ մենք քիչ ճանապարհ չենք անցել:
-Իսկ ֆինանսատնտեսական ճգնաժա՞մը, որ իր քաղաքականությունն է թելադրում աշխարհին:
-Իր պատմության մեջ Եվրոպան նման խորությամբ ճգնաժամ չի ունեցել, երբ մեկ տարուց ավելի անընդհատ ռեցեսիայի մեջ է եղել տնտեսությունը: Հայաստանը նույն պարագաներում, նույն դաշտում է ապրել: Տեսեք` ինչ է կատարվում Հունաստանում: Ինչ է կատարվում Իսպանիայում: Լոկալ դեֆոլտների վտանգն ամբողջ ԵՄ-ն է ձգտում հաղթահարել, երբ սոցիալ-տնտեսական պատճառներով երկրները քաղաքական ցնցումների առաջ են կանգնում: Այդ պայմաններում նույն ճանապարհն անցնում է Հայաստանը` ծանր իրավիճակներ, տնտեսական մեծ անկում հաղթահարելով: Եղան պետություններ, որոնք իրենց սոցիալական ծրագրերը կրճատեցին կամ դադարեցրին, ՀՀ-ն ամեն ինչ արեց, որ ոչ մի թոշակառու ոչ մի օրվա ուշացում չզգա: Այս պայմաններում կենսաթոշակի, նպաստների բարձրացման ճանապարհով փորձում ենք փոխհատուցել գազի գնի բարձրացման հետևանքները, իսկ գազի գնի բարձրացումը երկրից դուրս գոյություն ունեցող պատճառներ ունի: Մի քանի օր առաջ «Գազպրոմի» ներկայացուցիչը Հայաստանում էր և ասում էր, որ Եվրոպային գազն ավելի թանկ է վաճառվում, Հայաստանը պիտի ուրախ լինի, որ գազը համեմատաբար էժան է գնում: Իհարկե, մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ համեմատաբարն էլ ժողովրդի համար ծանր բեռ է: Այսօր ՀՀ նախագահն իր ժողովրդին ասում է` դժվարությունները տեսնում ենք և գիտենք, փորձում ենք հնարավորինս թեթևացնել կամ ուղի հարթել` դուրս գալու այս վիճակից:
-ՀՀ նախագահին հաճախ մեղադրում են, որ անցած երկու տարում ավելի շատ արտաքին քաղաքական խնդիրներով է զբաղվել, քան ներքին։ Այդպե՞ս է:
-Ես չեմ կարծում, որ դա բացարձակ ճշմարտություն է, թեև արտաքին քաղաքականությունը նախագահից շատ-շատ ժամանակ է խլում: Արտաքին քաղաքականության այս ընթացքն ապահովելու համար հսկայական աշխատանք է կատարվել, բայց չեմ կարծում, թե ներսում ինչ-որ բան բաց է թողնվել: ՈՒնենք ճգնաժամից դուրս եկող տնտեսություն: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հաշվետվությունը, օրինակ, արձանագրում է, որ Արևելյան Եվրոպայում 2010-ին ծրագրվում է 3-3,3 տոկոս աճ, մենք տարեսկզբից ունենք 2,5-ից ավելի աճ: Արտաքին բազմազբաղ օրակարգի պայմաններում էլ նախագահը հասցնում է լինել մարզերում, խորհրդակցություններ ու քննարկումներ անցկացնել, և դրանք աչքի են ընկնում ծառացած խնդիրների լուծումներով: Ի վերջո, երկրի նախագահի օրակարգում ներքին ու արտաքին քաղաքական խնդիրները չեն կարող խստորեն տարաբաժանված լինել, դրանք սերտ ամբողջություն են, և դժվար է ասել` որտեղ են սկսվում ներքին քաղաքական խնդիրներն ու որտեղ են ավարտվում արտաքին քաղաքական խնդիրները, դրանց լուծումներն ակնհայտորեն փոխշաղկապված են:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ