Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Պետեր Լեկոյի խորամանկությունը

Պետեր Լեկոյի խորամանկությունը
21.08.2009 | 00:00

ՋԵՐՄՈՒԿԻ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
Շախմատի «Մեծ մրցանակի» խաղարկության Ջերմուկի մրցաշարի ավարտին մնացել է երեք խաղափուլ: Ծավալվել է բավական անզիջում պայքար, և միանգամից մի քանի շախմատիստ պայքարում են մրցանակային տեղերի համար:
Իններորդ խաղափուլն արդյունքների տեսանկյունից ութերորդի կրկնությունն էր. յոթ պարտիա խաղաղ ելք ունեցավ, և միայն մեկ պարտիա ավարտվեց կողմերից մեկի հաղթանակով: Մրցաշարի հայտնություն ուզբեկ Ռուստամ Կասիմջանովը գեղեցիկ հաղթանակ տարավ բուլղարացի Իվան Չեպարինովի նկատմամբ: Ամենայն հավանականությամբ, Կասիմջանովի խաղի վրա դրական է անդրադառնում աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ համագործակցությունը (2008 թվականից նա հնդիկ շախմատիստի մարզիչներից մեկն է):
Լևոն Արոնյանը սևերով մրցում էր ֆրանսիացի Էթիեն Բաքրոյի հետ: Լևոնն «a» ուղղաձիգում ստացավ անցունակ զինվոր, սակայն պարզվեց, որ այն իրացնել հնարավոր չէ, և մրցակիցները քայլերի կրկնությամբ համաձայնեցին ոչ-ոքիի: Վլադիմիր Հակոբյանի և Դմիտրի Յակովենկոյի մրցավեճում սպիտակներով խաղացող ռուսաստանցին ուներ որոշակի առավելություն, սակայն չկարողացավ իրացնել, և խոր վերջնախաղում մրցակիցները խաղաղություն կնքեցին: Այս տուրում ոչ-ոքի ավարտվեցին նաև Կարյակին-Ինարկիև, Էլյանով-Իվանչուկ, Գելֆանդ-Ալեքսեև և Կամսկի-Լեկո պարտիաները:
Մեկօրյա հանգստից հետո երեկ կայացավ 10-րդ խաղափուլը: Խաղային օրը բավական արդյունավետ էր: Կրկին ուրախացրեց Լևոն Արոնյանը: Յակովենկոյի հետ պարտիայում նա տոնեց իր չորրորդ հաղթանակը: Սևերով խաղացող ռուսաստանցին 17-րդ քայլում սխալ թույլ տվեց, և Լևոնը, աստիճանաբար զարգացնելով առավելությունը, վերջնախաղում ստացավ երկու անցունակ զինվոր թագուհու թևում: Կատարելով 50-րդ քայլը` Յակովենկոն հանձնվեց: Վլադիմիր Հակոբյանը 47-րդ քայլին ստացել էր բացարձակ պարտված դրություն, սակայն սպիտակներով խաղացող Լեկոն երկու անգամ կոպտորեն վրիպեց, և մեր գրոսմայստերը, ունենալով մեկ նավակ պակաս, պարտիան հավերժական շախով ավարտեց ոչ-ոքի: Մյուս պարտիաներում Ալեքսեևը հաղթեց Էլյանովին, Գելֆանդը` Չեպարինովին: Իր առաջին հաղթանակը տոնեց Ինարկիևը. նա հաղթեց Բաքրոյին: Ոչ-ոքի ավարտվեցին Իվանչուկ-Կարյակին և Կամսկի-Կասիմջանով պարտիաները:
Վերջին երեք տուրերից առաջ մրցաշարային աղյուսակը 6,5-ական միավորով գլխավորում են Լեկոն, Իվանչուկը և Կասիմջանովը: Արոնյանն ու Ալեքսեևն ունեն 6-ական միավոր: Հակոբյանը 4 միավորով բաժանում է 10-12-րդ տեղերը:
Զվարճալի միջադեպ գրանցվեց 8-րդ տուրի Լեկո-Յակովենկո պարտիայի ժամանակ: Հունգարացի գրոսմայստերը հրավիրեց մրցավարին և պահանջեց արձանագրել ոչ-ոքի, քանի որ տեղի է ունեցել քայլերի եռակի կրկնություն, իսկ ինքն արագ դուրս եկավ խաղասրահից: Մրցավարը ստուգեց դիրքը, և պարզվեց, որ ոչ մի կրկնություն էլ չի եղել, և Լեկոյին, ըստ գործող կանոնների, տուգանեցին` մրցակցի ժամանակին ավելացնելով երեք րոպե: Հետագայում պարզվեց, թե ինչու էր Լեկոն դիմել այդ քայլին: Նա ծիծաղելով բացատրեց, որ իրեն ստիպել էր բնական կարիքը: «Ես գիտեի, որ խաղատախտակին հավասար դիրք է, և որոշեցի դիմել այդ խորամանկությանը»,- բացատրեց սովորաբար զուսպ և հավասարակշռված Լեկոն:
Ահա թե ում հետ են հանդիպելու հայ շախմատիստները վերջին տուրերում.
11-րդ տուր (օգոստոսի 21)
ՀԱԿՈԲՅԱՆ-ԱՐՈՆՅԱՆ
12-րդ տուր (օգոստոսի 22)
ԼԵԿՈ-ԱՐՈՆՅԱՆ
ԻՆԱՐԿԻԵՎ-ՀԱԿՈԲՅԱՆ
13-րդ տուր (օգոստոսի 23)
ԱՐՈՆՅԱՆ-ԻՆԱՐԿԻԵՎ
ՀԱԿՈԲՅԱՆ-ԻՎԱՆՉՈՒԿ
Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3205

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ