ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց

Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
31.01.2021 | 20:26

Պատերազմի առաջին իսկ օրերից մեծ թվով կամավորներ ստանձնեցին պատերազմից տուժածներին օգնելու առաքելությունը։ Ծնվեցին նաև ձեռք մեկնելու պատրաստ կազմակերպություններ, որոնք այսօր էլ շարունակում են իրենց առաքելությունը, շահառուներին ոչ միայն առաջին անհրաժշետության պարագաներով ապահովելով, այլև փորձելով լուծել նրանց զբաղվածության, նոր մասնագիտություն ձեռք բերելու և այդպիսով աշխատաշուկայում պահանջված լինելու հարցը։ Այդ կամավորներից երեքը պատերազմից հետո որոշեցին ստեղծել բարեգործական հասարակական կազմակերպություն՝ գիտակցելով, որ երկիրը նոր մարտահրավերի առաջ է հայտվելու՝ տեղահանվածներին, տնավերներին ու հայրենիք, ունեցվածք, հույս, հավատ կորցրածներին այդ հույսը վերադարձնելու, սատարելու և ոտքի կանգնեցնելու, նրանց կյանքը նորից կառուցելու խնդրի առաջ. Այդպես ստեղծվեց «Ձեռք մեկնիրը», որը նաև հենց անդամների համար դարձավ ապրելու փրկօղակ՝ կորսված հայրենիքի, հազարավոր զոհված, անհետ կորած ու գերեվարված հայորդիների ցավին դիմանալու համար: ՀԿ-ի նախագահը Նաիրա Ասլանյանն է, որը համատեղությամբ նաև ՀԿ-ի վարորդն է։ Այդպես սիրում են կատակել կազմակերպության անդամները, որ իրենց մոտ հիերարխիկ տարանջատում չկա՝ նախագահը կարող է զբաղվել մաքրությամբ, տեսքտեր գրելով, զանգերին պատասխանելով, իրենց համեղ տապակած կարտոֆիլով կերակրելով։ ՀԿ-ի անդամներն են Թագուհի Ասլանյանը և Պարույր Սինիավսկին, բայց շատ ընկերներ ունեն, որոնք էլ օգնում են իրենց կարևոր առաքելությունն իրականացնելու գործում. Օրինակ՝ այն մասնագետները, որոնք պատրաստակամորեն այսօր անվճար դասընթացներ են կազմակերպում ՀԿ-ի շահառուների համար. Կամ այն մարդիկ, որոնք իրենց հնարավորության սահմաններում օգնում են գումարով, հագուստով, տան կենցաղը կազմակերպելու համար անհրաժեշտ պարագաներով, կահույքով, վառարաններով, հույսով, սիրով

Մեր զրուցակիցը «Ձեռք մեկնիր» ՀԿ-ի անդամ, լրագրող ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆՆ է։

-Ինչպե՞ս ծնվեց «Ձեռք մեկնիր»-ը։
-«Ձեռք մեկնիր» բարեգործական հասարակական կազմակերպությունն ավելի քան մեկ ամսվա կյանք ունի, բայց մինչև պաշտոնապես ՀԿ դառնալը կազմակերպության սակավաթիվ անդամներն արդեն պատերազմի օրերին իբրև կամավորներ փորձում էին օգնել Արցախից տեղահանվածներին, ինչպես նաև ռազմի դաշտ մեկնած մեր զինվորներին տաք հագուստ, սնունդ և անհրաժեշտ այլ իրեր ուղարկելով, օգնության ձեռք մեկնելով վիրավոր զինվորներին և նրանց ընտանիքներին։ Այդ օրերին ինքներս էինք հասնում ընտանիքներին՝ մեկնելով մարզեր, և ողջ օրը նման շրջագայություններով էր անցնում․ մեքենան բեռնում էինք մեր ընկերների, բարեկամների, ծանոթ ու անծանոթ մարդկանց տրամադրած հագուստով, կոշիկներով, անկողնային պարագաներով, մի երիտասարդ աղջիկ կա՝ Ռուզաննան, որն օրուգիշեր վերմակներ էր կարում, ներքնակներ, բարձեր և նաև մեր ընտանիքներին բաժին հանում, սնունդ ու հիգիենայի պարագաներ էինք գնում այդ մարդկանց ուղարկած գումարներով, և գնում փնտրելու հասցեները, որտեղ ժամանակավոր կացարան էին գտել արցախցիները։ Մեր կենսագրության յուրահատուկ էջերը գրվեցին այդ օրերին։ Ի՞նչ օրեր էին՝ լի խառը հույզերով, նոր ծանոթություններով, պատմություններով մարդկային կյանքերի մասին, ճակատագրերի մասին, մտորումներով մեր գոյության մասին, մտահոգություննրով, արցունքներով։
-Նոյեմբերի 9-ից հետո ոգևորությունը, ձեռք մեկնելու պատրաստակամությունը պահպանվե՞ց։
-Պարտությունը, թվում էր, վերջակետ կդնի կամավորական գործունեությանը՝ հուսահատությունը, վիշտը, զայրույթը շատերիս թևաթափ արեց, բայց զարմանալիորեն մեր թիմն ավելի մեծ աշխուժությամբ սկսեց աշխատել, և այսօր արդեն խոստովանում ենք, որ այս բարեգործական գործունեությունը փրկօղակ դարձավ մեզ համար՝ չկենտրոնանալու մեր ձախողումների, դժբախտության վրա, այլ ուժ հավաքելու պատուհասը հաղթահարելու և ի նպաստ հայրենիքի գործը, ես կասեմ՝ առաքելությունը շարունակելու համար։
-Գլխավորապես ի՞նչի կարիք ունեն շահառուները։
-Առաջնային կարիքները շատ են։ Ձմռան առաջին ամսին նրանցից շատերն անգամ ձմեռային հագուստ և կոշիկներ չունեին, և մենք շատերի համար ձմեռային կոշիկներ էինք գնում։ Այսօր, փառք Աստծո, բոլորիս ջանքերով(իսկ մեզ նման կազմակերպությունները քիչ չեն) այդ խնդիրը լուծվել է։ Բայց դեռևս սննդի, հիգիենայի պարագաների, փոքրահասակ երեխաների տակդիրների, հատուկ կաթնային խառնուրդների հարցը մշտական է։ Պետությունը չի կարողանում համակարգել այդ ընտանիքների հոգսերը և բավարարվում է միանվագ գումարային օգնություններ տրամադրելով։ Բայց գումարը սպառվում է, իսկ տեղահանվածները մշտական եկամուտի աղբյուր հիմնականում չունեն։ Մինչդեռ շատերը ստիպված են բնակարաններ ու տներ վարձակալել բավականին բարձր գերով, քանի որ այլ առաջարկ չկա. Պետք է մտածել նրանց աշխատանքով ապահովելու մասին, որպեսզի մշտական եկամուտի աղբյուր ունենան։ Մենք էլ մի օր եկանք այդ եզրահանգման, որ սնունդ, հագուստ տրամադրելով այդ մարդկանց խնդիրը հիմնավորապես չենք լուծի, ինչքա՞ն ժամանակ պետք է մարդասիրական օգնություններով նրանց գոյությունը պահենք։ Ի վերջո, դա նաև սոցիալական լավ գործիք չէ, երբ մարդուն վարժեցնում ես օգնություններին՝ ծուլացնելով նրանց։ Եվ այդ ժամանակ մենք միտք հղացանք այդ մարդկանց աշխատանքով ապահովելու ծրագրեր իրականացնելու մասին։
-Դժվար չէ՞ ,մանավանդ այս օրերին։
-Իհարկե, դա էլ դժվար խնդիր է՝ հաշվի առնելով երկրում գործազրկության բարձր մակարդակը, որակյալ կադրերի պակասը։ Այդուհանդերձ մի քանիսին կարողացել ենք մեր միջնորդությամբ ապահովել աշխատանքով՝ սրճարաններից մեկում ժենգյալով հաց պատրաստողի, վարորդի, հայտնի հրուշակեղենի արտադրամասերում խմորեղեն թխողի։ Մի խուլուհամր աղջկա էլ «Ատեքսում» պատրաստակամություն հայտնեցին անվճար ուսուցանելու, դասերն արդեն մեկնարկել են, մեկ այլ երիտասարդ աղջկա ուսուցումն էլ ստանձնեց ոճաբան Ֆաինա Հարությունյանը։
Մեր թիմն այս ընթացքում բավականին մեծացել է, նրան են միացել նաև մասնագետներ, որոնք պատրաստակամություն են հայտնել տեղահանված արցախցիներին, պատերազմից տուժածներին, անապահով ընտանիքների անդամներին անվճար մասնագիտություն սովորեցնել՝ աշխատաշուկայում պահանջարկված լինելու և այդպիսով աշխատանք գտնելու համար։ Այս պահին կազմակերպության տանիքի ներքո անցկացվում են կարուձևի, գրաֆիկ դիզայնի, շուկայի փորձագետի, կայքերի պատրաստման, ձեռագործի դասընթացներ, որոնք մեծ պահանջարկ ունեն։ Գրաֆիկ դիզայնի երկու խմբակներում ընդգրկված երեխաների դասընթացներն անցկացնում է Սոնա Մանուկյանը, որը հասցրել է ոլորտում անուն ձեռք բերել։ Դասընթացը հատկապես հետաքրքրություն է առաջացրել 10-20 տարեկանների շրջանում, այնպես որ անգամ մարզերից են գալիս հասնում Երևան։ Պայծառ Պետրոսյանի կարուձևի խմբակում ավելի հասուն տարիքի կանայք են, դասընթացներն անցնում են բարձր տրամադրությամբ։ Հաջողության դեպքում չի բացառվում, որ այդ կանանց, աղջիկների ձեռքի աշխատանքները վաճառքի հանվեն։ Ձեռագործի ուսուցումը ստանձնել է նույն Ռուզաննան, որը մեր շահառուների համար վերմակներ էր կարում: Աննան էլ շուկայի փորձագետի իր հմտություններն է սովորեցնում, իսկ Մարկը կայքերի պատրաստման դասընթացի վարպետն է. Շուտավ հնարավոր է սկսենք նաև տեսամոնտաժի դասեր:
Մեր սկզբունքն է մարդկանց մասնագիտություն սովորեցնելը, որպեսզի նրանք իրենց ներուժն իրացնելով կարողանան վաստակել և հոգալ իրենց և ընտանիքի ապրուստը։ Արցախցիների զգալի մասն այսօր ոչ միայն առանց տանիքի է մնացել, այլև գործազուրկ է դարձել և մասնագիտությամբ աշխատանք գտնելը մեծ խնդիր է։ Բայց մենք նրանց հնարավորություն ենք տալիս այլ հմտություններ սովորել և կփորձենք օգնել աշխատանք գտնելու հարցում։ Արդեն որոշակի փորձ ունենք։
Համագործակցության հնարավորություն կա առաջատար IT ընկերություններից մեկի հետ՝ ուսուցման համատեղ ծրագրով: Անվճար դասընթացներում սովորում է ավելի քան 40 շահառու։
-Ի՞նչ միջոցներով եք իրականացնում ծրագրերը։
-«Ձեռք մեկնիր» հասարակական կազմակերպության գործունեությունը հնարավորէ դարձել միմիայն այն միջոցների հաշվին, որոնք արտասահմանից ուղարկում են ՀԿ-ի անդամների ընկերները, ծանոթները, բարեկամները: Այդ փոխանցումների շնորհիվ է հնարավոր եղել դասընթացների համար կարի մեքենաներ և օգտագործած համակարգիչներ ձեռք բերել, որոնցով էլ սովորում են խմբակների անդամները։ ՀԿ-ի գրասենյակը Կոմիտասի 1 հասցեում է, առայժմ վարձակալած բնակարանում, որտեղ բազմաթիվ արցախցիներ են հյուրընկալվել, պատմել իրենց հոգսերի մասին, օգնություն ստացել։
-Ասել է թե՝ նման կազմակերպությունների գոյությունը անհրաժեշտություն է։
-Այո, պետական կառույցներն ի վիճակի չեն լիարժեքորեն լուծելու պատերազմից տուժած և այս պահին օգնության հույսով մնացածների հոգսերը, խնդիրները, և շատ դեպքերում նրանց հոգսը հնարավոր է լինում թեթևացնել հենց նման կառույցների շնորհիվ։ Բայց այդ կազմակերպություններն էլ ֆինանսական աջակցության, փոխանցումների կարիք ունեն, որի համար հաշվետվություն ենք ներկայացնում հովանավորներին և աջակիցներին։


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 85705

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ