Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ռուսական տակտիկա, ադրբեջանական պրակտիկա

Ռուսական տակտիկա, ադրբեջանական պրակտիկա
15.02.2024 | 17:02

Մինչ Ադրբեջանը ՀՀ սուվերեն տարածքում «Հատուցում» ռազմական օպերացիան է իրականացնում, արդյունքում հայկական կողմը 4 զոհ և վիրավորներ է տալիս, Կրեմլը Բաքվի հետ քննարկում է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի շուրջ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները:

Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը խոսում է վերջինիս շուրջ համաձայնության ձեռքբերման, իսկ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հերքում է նման տեղեկությունը՝ ասելով, որ «Բաքուն չի երկարաձգի ռուս խաղաղապահների մանդատի ժամկետը, որն ավարտվելու է 2025 թվականին»:

Եվ դա սպասելի էր.

Ադրբեջանը ցանկանում է օր առաջ տեսնել Արցախն այժմ էլ՝ առանց ռուսի:

Առայժմ դա անհնար է:

Իսկ մինչ այդ, «հակաահաբեկչական գործողության» ավարտից հետո, ռուս խաղաղապահներն ադրբեջանական ուժերի հետ միասին խորհրդակցում են ականազերծման համատեղ աշխատանքներ տանելու մասին, պարեկություն են անում Արցախի ողջ տարածքում, իրականացնում են շենք-շինությունների, հուշակոթողների, ճարտարապետական, մշակութային արժեք ներկայացնող օբյեկտների պահպանությունը:

Եվդոկիմովը նաև անկեղծանում է՝ ասելով. «Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցքի թեման շատ կարևոր է Բաքվի համար: ՌԴ-ն պատրաստ էր իր միջոցներով բավականին արագ վերականգնել այս երթուղին։ Ըստ այդմ, մենք կկարողանանք Ռուսաստանից Թուրքիա ապրանքներ տեղափոխել»:

Եթե խաղաղապահների մանդատի շուրջ Մոսկվայի ու Բաքվի միջև խմորումները շարունակվում են, ինչը, ի դեպ շուտով խիստ հակասությունների պատճառ կարող է հանդիսանալ, մանավանդ, երբ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն այսօր խոսում է «արցախահայերի անվտանգ վերադարձի ու իրենց հայրենիքում ապահով բնակվելու» Ռուսաստանի աջակցության պատրաստակամության մասին, ապա Եվդակիմովի հայտարարությունը ևս մեկ բացահայտ ապացույցն է այն բանի, որ «Զանգեզուրի միջանցքի» ջատագովն ու շահառուն Ադրբեջանից ու Թուրքիայից ոչ պակաս, նույնիսկ ավելին՝ ՌԴ-ն է:

Ինչ խոսք, նորություն չէ, որ ՌԴ-ի համար այն բիզնես մեգապրոյեկտ է, որին կենսական նշանակության աստիճանի կարևորություն է տրվում (անգամ բարձրաձայնվում է, որ «ՌԴ-ն պատրաստ էր իր իսկ միջոցներով բավականին արագ վերականգնել այս երթուղին, միաժամանակ հսկել այն):

Իսկ դրա իրականացման համար ՌԴ-ն կգնա ցանկացած քայլի:

Այժմ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի հիմքով, ՀՀ-ի հանդեպ դեռևս բանեցվում է «փափուկ ուժը», որին զուգընթաց արդեն իսկ սկսվել է Ադրբեջանի ճնշիչ (ուրիշի ձեռքով) լոկալ էսկալացիաներն ու ագրեսիան Սյունիքի մարզի հարավային հատվածում:

Չի բացառվում, որ ադրբեջանական հնարավոր հարձակումը կանխելու և Սյունիքի օկուպացիան թույլ չտալու համար ՌԴ-ն իր «զսպիչ, կանխարգելիչ, փրկիչ» դերակատարությունն ունենա, բայց դա իհարկե իր գինը կունենա:

«Շանտաժ» - «ադալժենիա» - պայմանը՝ Հայաստանի համաձայնությամբ և իր վերահսկողությամբ միջանցքի տրամադրումն է լինելու:

Ի դեպ, Եվդակիմովի հայտարարության մեջ հատկանշական է պրոադրբեջանական այն միտքը, թե՝ «Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցքի թեման շատ կարևոր է Բաքվի համար»:

Վերջինիս ընդամենը կասեմ հետևյալը.

Մեզ համար էլ շատ կարևոր է «Լաչինի միջանցքով» Արցախի բնակավայրեր հասնելը:

Բա այդ մասին ինչու՞ չի խոսվում:

Հուշե՞նք Կոպիրկինին, որ նման համարժեք հայտարարությամբ հանդես գա:

Մի օր չտեսանք, որ Հայաստանում ՌԴ դեսպանը խոսի «Լաչինի միջանցքով» նախատեսված ազատ և անվտանգ երթևեկի ապահովման և առհասարակ՝ Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների, առավել ևս դրանց պատշաճ կատարման մասին:

Ինչևէ, երկակի ստանդարտները, տևական, ժամանակավոր ու այսօրվա շահերն ու դիվիդենտներն իրենցն անում են:

Ցանկացած սխալ քայլ ու որոշում ճագատագրական է լինելու:

Գործող իշխանությունների պարագայում դրանք անբեկանելի են:

Ստեղծված քաոտիկ իրավիճակում, երբ

վարչապետ կոչեցյալը միջազգային լրատվականներին հարցազրույցներ տալիս իր քաղաքական մերկությունն ու մելանխոլիան է ի ցույց դնում, հույսն էլ Աստծո վրա դնում, հասկանում ես, որ ողբերգություների շղթան դեռ շարունակվելու է, ավելի տխուր ու անդառնալի վերջաբանն էլ անխուսափելի է:

Որքան ժամանակ նման ղեկավարը լինի մեր անվտանգության գլխավոր որոշումները կայացնողը, այդքան ժամանակ մենք միայն կորցնելու ենք։

Մանավանդ, երբ թշնամու հռետորաբանությունը նոր լիցք է ստանում.

Ալիևը երդմնակալության ժամանակ կրկին բռունցք է թափ տալիս, հոխորտում, հիշեցնում է ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները, սպառնում նոր պատերազմով, դե իսկ բարձրաստիճան գործիչների շուրթերից հնչում են այնպիսի հայտարարություններ, ինչպիսիք են՝ «պատմության արդարության վերականգման ժամն է. հետ ենք բերելու Էրիվանը», «Հայաստանն ամբողջությամբ զինաթափելու հրամայականն է, այլապես՝ «Полный демонтаж Армении»…

Ադրբեջանը հստակ ձևակերպում և անկաշկանդ ասում է իր ծրագրերը և թե ինչ խնդիր են մտադիր լուծել տարածաշրջանում։

Ֆունդամենտալ փոփոխությունների հրամայականն է:

Հա՛յ ժողովուրդ, խոսքը քոնն է, գնդակը՝ քո դաշտում:

Անելիք ունես, որոշում կայացրու՛:

Ցանկացած լկտիություն սահման ունի:

Սրանց լռեցնելը պետք է յուրաքանչյուր հայի պատվի գործը դառնա, իսկ սրանց ճանապարհելը՝ օրվա հրամայական:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2187

Մեկնաբանություններ