Ռումինիայի Սահմանադրական դատարանի որոշման համաձայն` նախագահ Տրայան Բասեսկուի պաշտոնանկության գործընթացը համապատասխանում է երկրի սահմանադրությանը: Իմփիչմենթի գործընթացը նախաձեռնել է ընդդիմադիր ձախակենտրոն կոալիցիան: Այդ որոշման օգտին քվեարկել է խորհրդարանի 258 պատգամավոր, դեմ են արտահայտվել 114-ը: Խորհրդարանի ընդունած որոշումից հետո նախագահի լիազորությունները դադարեցվում են 30 օրով: Այդ ընթացքում ռումինացիները պետք է հանրաքվեի միջոցով որոշեն նախագահի պաշտոնից հեռացման հարցը: Նշենք, որ Բասեսկուն մեղադրվում է կառավարության աշխատանքը խոչընդոտելու և սահմանադրությունը խախտելու մեջ: