Հայաստան- Եվրամիություն բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ՝ «Ազատության» հետ հարցազրույցում ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն։ «Այժմ մենք բանակցում ենք այս գործընկերության օրակարգի շուրջ, որպեսզի տեսնենք, թե որքան հեռու են մեր գործընկերները ցանկանում գնալ, որքան հեռու ենք պատրաստ գնալ մենք և համապատասխանեցնել մեր նպատակները»,- շեշտել է դիվանագետը:                
 

ԴԱՐԲԻՆԸ ՉԷ ՄԵՂԱՎՈՐԸ

ԴԱՐԲԻՆԸ ՉԷ ՄԵՂԱՎՈՐԸ
08.11.2011 | 00:00

ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Ֆրանսիացի մեծ բանաստեղծ, իրենց իսկ` ֆրանսիացիների բնորոշմամբ` կենդանի դասական Ռուբեն Մելիքը, ֆրանսիացի ընկերոջ հետ Երևանում զբոսնելիս տեսնում է անվերջանալի երկար մի հերթ։ Ռուբեն Մելիքը փորձում է շեղել ընկերոջ ուշադրությունը, որ վերջինս չտեսնի, որ իր հայրենիքում կյանքն այնքան վատ է, որ ամեն ինչի համար հերթեր են գոյանում։ Բայց ընկերը պնդում է, և նրանք մոտենում են հերթին, որը ձգվում էր հրապարակի գրախանութից հինգ շարքով։ Երբ հարցնում են, թե ինչ են վաճառում խանութում, հերթում կանգնողներից մեկն ասում է, որ Ֆիրդուսի են բաժանորդագրում։ Ֆրանսիացին զարմանում է (մենք էլ հիմա կզարմանանք. մեզ իջեցրին իրենց մակարդակին), իսկ Ռուբեն Մելիքը... Ռուբեն Մելիքի սիրտը հպարտությունից և հրճվանքից պարզապես ճախրում է։ Ֆրանսիացի ընկերն ասում է. «Ես հիմա եմ հասկանում, թե ինչպես է, որ դու` հայ լինելով, ֆրանսիացի մեծ բանաստեղծ ես, որովհետև քո ժողովուրդը հասկանում, գնահատում և սիրում է բարձր պոեզիա»։
Եվ այսպես միշտ է եղել, որովհետև բանաստեղծությունը հայի էության մեջ է։ Ռուս գրականագետ և բանաստեղծ Վալերի Բրյուսովն ասել է. «Հայ ժողովուրդը բանաստեղծ է, իսկ նրա բանաստեղծը` կրկնակի բանաստեղծ»։
Ահա այս բանաստեղծ ժողովրդին ցավ պատճառելու չափ կոպտությամբ պոկեցին գրականությունից ու գրքից, գրականությունն էլ` հայից ու դաժանորեն գցեցին փողի հորձանուտը, որի պտույտների մեջ ընկնողը կործանվում է. ով` ֆիզիկապես, ով` բարոյապես, ինչը համազոր է մարմնական մահին։
Եվ ստեղծեց Արարիչը մարդուն իր պատկերով և նմանությամբ, արարեց, արն ու արարելը և հոգևորը դարձրեց մարդու էության հենքը։ Գոնե մենք` հայերս, Աստծուց դժգոհելու առիթ չունենք։ Հազարամյակներով մեր ազգի լավագույն զավակները ստեղծել են աստվածահաճո արվեստ, մարդկային մտքի և հանճարի` աստվածային լույսով շաղախված գիտություն և ճարտարապետություն, երգ ու բանաստեղծություն, խաչքար ու մանրանկարչություն. մի խոսքով` բարձրարժեք մշակույթ։ Ստեղծել են և փոխանցել հաջորդ սերունդներին, որը` ձեռակերտ, որը` բանավոր, որը` գրքերում։ Եվ հենց այդ գրքերն են, որ հայ մարդու համար եղել են հոգևոր սնունդ։ Հարյուրհազարավոր մագաղաթյա գրքեր են գրվել մեր վանքերի մութ խցերում, ամեն հայ ընտանիք մարդկային մտքի և հոգու լույսն իր տանն ունենալու անհրաժեշտություն և պարտավորություն է զգացել։ Եվ փա՜ռք Աստծո, որ դա տևել է դարեր։ Իսկ հիմա մեզ փորձում են հավատացնել, թե մենք գիրք կարդալ չենք սիրում։
Եթե նույնիսկ զանց առնենք նախամաշտոցյան գիր ու գրականության գոյությունը, ապա 1600-ամյա գրական և թարգմանչական ժառանգություն ստեղծած մեր ժողովրդին հարիր չէ մայրաքաղաքում մեկ կամ երկու գրախանութ ունենալը (գրենական պիտույքների խանութներում փոքրիկ` հիմնականում դասագրքերի և քննական շտեմարանների բաժինները հաշվի մեջ չեն)։ Ամոթ է, մեզ պատիվ չի բերում։
Մի օր հեռուստատեսությամբ մի պարսիկ ուսանող, որ Երևանի բուհերից մեկում էր կրթություն ստանում, մեծահոգաբար մեզ խորհուրդ էր տալիս, որ լավ կլիներ` Երևանում գրքերը վաճառվեն ոչ թե փողոցներում և ստորգետնյա անցումներում, այլ գրախանութներում։
Շնորհակալություն խորհրդի համար։ Բայց մենք չենք մոռացել, որ դարեր առաջ նաև պարսիկների թեթև ձեռքով բազում մագաղաթներ են ոչնչացվել։ Հավանաբար, նրանք այն ժամանակ այդ կերպ էին գնահատում գիրքը։
Եվ, այդուամենայնիվ, մեզանում գրքանպաստ միջավայր չկա։ «Ո՞վ է հիմա գիրք կարդում»,- արհամարհանքով ինձ ասաց Երևանի դպրոցներից մեկի տնօրենը։ Եթե այս խոսքերն ասեր հանապազօրյա հացը մի կերպ վաստակող չարքաշ և կրթությունը թերի մի մարդ, պիտի ենթադրեինք, որ իր կարծիքն ուղղված էր իր շրջապատի մարդկանց հասցեին, թեև գիրք կարդալը ո՛չ կուշտ լինելով է պայմանավորված, ո՛չ բարձրագույն կրթություն ունենալով։ Բայց երբ հեգնանքով և չարախնդությամբ այդ խոսքերն ասում է դպրոցի տնօրենը, ապա սա ահազանգ է և՛ հասարակությանը, և՛ մանավանդ գիտության և կրթության նախարարությանը. ո՞ւմ ենք վստահել սերնդի կրթության սրբազնագույն գործը։
Վերջին քսան տարիները կործանարար եղան հայ երեխաների կրթության և դաստիարակության գործում։ Տարեցտարի իջնում է նրանց հանրակրթական գիտելիքների և կրթվածության մակարդակը։ Մեր ծնողները ներքին` ազգային մտածողության մղումով ձգտում են իրենց երեխաներին բարձրագույն կրթություն տալ, սակայն դպրոցի տված գիտելիքները բուհի ընդունելության քննությունների համար բավարար չեն եղել, և նրանք ստիպված երեխաների գիտելիքները համալրում էին կրկնուսույցների դասընթացներով։ Այսօր էլ ավագ դպրոցում վիճակը չի փոխվել։ Որքան էլ որոշ պաշտոնյաներ թերագնահատում են կրկնուսույցների աշխատանքը, սակայն հանուն ճշմարտության պիտի ընդունենք, որ դպրոցի շրջանավարտները նրանց տված գիտելիքների շնորհիվ են բուհ ընդունվել։ Փոխանակ շնորհակալ լինենք նրանց, որ դպրոցի «երեսը պարզ են արել» և բուհի համար բավարար գիտելիքներ ունեցող ուսանող են պատրաստել։
Այս հակակրթական մթնոլորտը հաճախ ձևավորում են կրթության հետ բարոյական որևէ կապ չունեցող մարդիկ, ում, ցավոք, վստահված է սերնդի կրթության և դաստիարակության չափազանց կարևոր գործը։ Ի դեպ, ուսուցչին աշխատանքի ընդունելը տրված է դպրոցի տնօրենի հայեցողությանը։ Նա է ընտրում իր դպրոցի մանկավարժ-մասնագետին։ Լուրեր են պտտվում, որ այդ «ընտրության» գինն է 2,5 հազար դոլար։ Մեր քաղաքը, թեև` «միլիոնանոց», բայց այնուամենայնիվ, փոքր է. մեկը մյուսի բարեկամն է, բարեկամի հարևանը կամ խնամին, և տնօրենների «բիզնես ծրագիրը» հայտնի է դառնում հասարակայնությանը։ Այսպիսի տնօրենը կարո՞ղ է արդյոք հետաքրքրված և շահագրգռված լինել աշակերտների կրթության և դաստիարակության խնդիրներով և դրանց լուծումով։ Կարծում եմ` ոչ։
Այս ծավալուն նախաբանը կարելի էր ընդարձակելով դարձնել հոդված` մեր կրթական համակարգի թերությունների մասին, սակայն այն կմնա որպես նախաբան մի դիպվածի համար, որը մեզ բոլորիս մտորելու և դրա դեմ միջոցներ ձեռք առնելու հրամայական պիտի լինի։
ԴԱՐԲԻՆԸ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ, ՄԵՂԱՎՈՐԸ ԴԱՐԲՆՈՑԸ ՆՐԱՆ ՎՍՏԱՀՈՂՆ Է
Հայտնի բան է, որ յուրաքանչյուր թերթ կամ ամսագիր իր գոյությունը պահպանում է հիմնականում բաժանորդագրությունների և գովազդերի բերած գումարներով։ Պարբերական մամուլի հետ առնչություն ունեցողը միայն կիմանա, թե ֆիզիկական, հոգեբանական և ֆինանսական ինչպիսի տաժանակիր աշխատանք է պահանջվում թերթի կամ առավել ևս ամսագրի մի համար տպագրելը, եթե այն չունի հարուստ հովանավոր։ Այսպիսի պարբերականները, ոչ միայն Հայաստանում են քիչ։ Իհարկե, շատերի պես կարելի է ունենալ պատվիրատու-«հովանավոր» կամ լինել «պաշտոնաթերթ», և տպագրել ըստ պատվիրատուի կամքի այնպիսի հոդվածներ, որոնք մեր հասարակությանը վերջին մի քանի տարիներին ներարկել են և շարունակում են ներարկել սեփական ազգի արժեքների հանդեպ անտարբերություն և դրանք ըստ արժանվույն չարժևորելու «շիճուկ», որը փոփոխական հիվանդության հարուցչի նման արագությամբ տարածում է համաճարակը։
Այսօր բարոյական խաթարումներն ու բարոյական անկումը, ընչաքաղցությունն ու պետության ունեցվածքը յուրացնելը և ուրիշի սեփականությանը բռնությամբ տիրելը, անպարկեշտությունն ու լկտիությունը փորձում են բացատրել և, որ առավել աններելի է, արդարացնել դրանք ու պատճառաբանել` դեպի նոր հասարակարգ անցում կատարելով. գոյության կռիվ է` ասելով։ Իսկ գոյությունն առանց հոգևորի պարզապես կենսաբանական պահանջմունքների բավարարման գործընթաց է։ Բնության մեջ գոյատևման այս ձևը հատուկ է կենսաբանական էակներին, կամ, մեղմ ասած, կենդանական աշխարհին։
Երևանում տպագրվող ամսագրերից մեկի բաժանորդագրությունը կազմակերպելու նպատակով (տպագիր խոսքը ընթերցողին հասցնելու լիովին քաղաքակիրթ ձև) գլխավոր խմբագիրը մի քանի օրինակ ներկայացնում էր որևէ կազմակերպության կամ հիմնարկի տնօրենին և որոշ ժամանակ անց, երբ նրանք ծանոթացած էին լինում ամսագրի բովանդակությանը, շատերը պատրաստակամորեն բաժանորդագրվում էին։ Աշխատանքային նույն սկզբունքով գլխավոր խմբագիրը գնացել էր Երևանի դպրոցներից մեկը, զրուցել տնօրենի հետ, թողել երեք օրինակ ամսագիր և պայմանավորվածության համաձայն մեկ շաբաթից (ամսագրի նյութերը կարդալու նվազագույն ժամանակ) պետք է ներկայացներ նրան հաշիվ-ապրանքագիր` ընդամենը 6 հազար դրամի չափով։ Եվ ես` լիազորված գլխավոր խմբագրի կողմից` որպես ամսագրի գիտական խորհրդի անդամ և մշտական հեղինակ, հանդիպեցի տնօրենի հետ։ Նախ ինձ զարմացրեց նրա կերպարը. ոչ մի նշան մանկավարժի կամ կրթված մարդու։ Երբ ներս մտա աշխատասենյակ, նա մնաց նստած իր աթոռին. տարրական բարեկրթություն է ոտքի կանգնած կամ ընդառաջ գալով դիմավորել այցելուին. չհրավիրեց անգամ նստելու։ Ես, թույլտվություն խնդրելով, նստեցի, քանի որ ոտքի վրա զրուցելը, սովորաբար, արդյունավետ չի լինում, մանավանդ, գիտեի գլխավոր խմբագրի և դպրոցի տնօրենի նախորդ զրույցի բովանդակությունը. «Ո՞վ է հիմա գիրք կարդում»,- ասել էր տնօրենը` բաժանորդագրությունը մերժելու համար «հող» նախապատրաստելով։
Ի դեպ, հենց այս մտայնությունը վարակի պես տարածվել է դպրոցում։ Հայ գրականության դասականների արձակ ստեղծագործությունները գրականության դասերին հանձնարարվում է կարդալ «սեղմավեպերով», որոնք սյուժեի չոր ու ցամաք շարադրանքն են` առանց հեղինակի խոհերի, կերպարների հոգեկան ապրումների և բնության նկարագրության։ Մինչդեռ քննական հարցաթերթիկներում այնպիսի մանրամասներ են պահանջվում, որ պատասխանելու համար վեպը կամ պատմվածքը պետք է առնվազն 4-5 անգամ կարդացած լինել։ Այդ սեղմավեպերը ստեղծողները, իհարկե, գրքերի վաճառքից բավական շոշափելի շահույթ են ստանում, բայց ինչի՜ց են զրկվում դպրոցականները։ Նրանք զրկվում են բարձրարժեք գեղարվեստական խոսք կարդալուց և այն վայելելուց ու գեղարվեստական ճաշակ ձևավորելուց։ Ափսո՜ս։
Տնօրենի հետ զրուցելու ժամանակ ես միամտորեն կարծում էի, թե իմ լրագրողական ճկուն լեզուն և տարիների փորձը կօգնեն պարոն տնօրենին բերելու կրթամշակութային դաշտ։ Ավա՜ղ, նա հենց սկզբից ասաց, որ իրենց այդ ամսագիրը պետք չէ, և դպրոցում ոչ ոք չի ուզում կարդալ, և ընդհանրապես, ինքը մեզ համար «ժուռնալ ծախող չէ»։
Երբ ես փորձեցի խոսել մեր ամսագրում տպված նյութերի հույժ այժմեական և ազգային ինքնությանը նպաստող բովանդակության մասին, նա կտրուկ ասաց.
-Գիտեմ, գիտեմ, ամեն տեղ մի բան գրում են, ո՛ր մեկը կարդանք, փող ունենանք` մանկական գրքեր կառնենք։ Իսկ հիմա գնացե՛ք, գնացե՛ք, ե՛ս ժամանակ չունեմ,- և վերադարձրեց ամսագրերը, որոնք նույնիսկ չէր թերթել և որևէ ուսուցչի չէր տվել կարդալու, որպեսզի դրանք չկորցնեն իրենց «ապրանքային» տեսքը։ Ապա ինձ կոպտորեն դուրս «հրավիրեց» իր աշխատասենյակից։ Ի՞նչ կասեր նման իրավիճակում ձեզնից յուրաքանչյուրը, որ անհանգստացած է ազգի վաղվա ճարտարապետների` երիտասարդ սերնդի կրթությամբ և դաստիարակությամբ։ Իրավացի եք, ես նույնպես նրան նույնն ասացի. «Պարո՛ն տնօրեն, ես զարմանում եմ, թե ո՞վ է Ձեզ վստահել երեխաների կրթության և դաստիարակության գործը։ Դուք Ձեր տեղում չեք։ Խե՛ղճ երեխաներ»։ Բարեբախտաբար նա դպրոցի տնօրենների «քննությունից կտրվել էր» և այդպիսով ազատել դպրոցն իր ներկայությունից։
Ահա այն դիպվածը, որի համար նախաբանից բացի ուզում եմ գրել նաև վերջաբան։
Այսօր բոլորս տրտնջում ենք, թե մեր երկրում ակնհայտ դրական փոփոխություններ չկան։
Բայց գոնե գիտե՞նք, թե տնտեսագետ մասնագետներն ինչ լուծումներ են առաջարկում, կամ Հայաստանի տնտեսության մեջ ինչպիսի տեղաշարժեր են գրանցվել, թե մեր գիտնականները գիտական ինչ հայտնագործություններ են կատարել վերջին ժամանակներում, որոնց ներդրումը երկրի տնտեսության մեջ կարող է էական փոփոխություն բերել։ Իսկ որտեղի՞ց կարող է քաղաքացին այդ ամենի մասին իմանալ և լավատեսությամբ լցվել ապագայի հանդեպ։ Իհարկե, նախ և առաջ մամուլից։ Եվ փա՜ռք Աստծո, ամեն բովանդակության և ուղղվածության թերթեր և հանդեսներ կան. կարդանք և տեղեկանանք և իմացածը հաղորդենք ուրիշներին։
Մարդը կրթվում է հասարակության առաջադրած բարոյական և գաղափարական այն սկզբունքներով, որոնք սերնդից սերունդ փոխանցվում են ժողովրդական բանահյուսության կամ գրականության (գեղարվեստական, փիլիսոփայական, գիտական) միջոցով։ Դարերով կուտակված ազգի կենսափորձը և բարոյական ըմբռնումները նոր սերնդին փոխանցվում են գրքերի և դասագրքերի միջոցով։
Դպրոցը հասարակությանը պիտանի մարդու կերտման դարբնոց է։ Արդյոք այսօր դարբինը, ում վստահված է դարբնոցը, իր գործի վարպե՞տն է, թե՞ մուրճի ուժեղ հարվածով ձևախեղում է չթրծված երկաթը և այն դարձնում ոչ պիտանի նույնիսկ նորոգման համար, կամ շիկացած երկաթին այնքան թույլ և անհետևողական հարվածներ է հասցնում, որ այն ցանկալի ձև չի ստանում։ Երկու դեպքում էլ այդ դարբնին վստահել չի կարելի։ Այդպիսի դեպքում ասում են` դարբինը մեղավոր չէ, մեղավորը նրան դարբնոց վստահողն է։
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 1420

Մեկնաբանություններ