Հայաստան- Եվրամիություն բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ՝ «Ազատության» հետ հարցազրույցում ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն։ «Այժմ մենք բանակցում ենք այս գործընկերության օրակարգի շուրջ, որպեսզի տեսնենք, թե որքան հեռու են մեր գործընկերները ցանկանում գնալ, որքան հեռու ենք պատրաստ գնալ մենք և համապատասխանեցնել մեր նպատակները»,- շեշտել է դիվանագետը:                
 

«ՄԻՆՉ ԱՅԺՄ ԱՅՍ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՔՆՎԱԾ ԲՆՈՒՅԹ Է ԿՐԵԼ»

«ՄԻՆՉ ԱՅԺՄ ԱՅՍ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՔՆՎԱԾ ԲՆՈՒՅԹ Է ԿՐԵԼ»
02.12.2011 | 00:00

Հայաստանում անչափահասների նկատմամբ սեռական բնույթի հանցանք գործողներին սպառնում է ամլացումը, եթե, իհարկե, ամլացման մասին օրինագիծը հաստատվի։ Կառավարության նիստից հետո լրագրողներն արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին խնդրեցին մանրամասնել այն։ «Անչափահասների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների դեպքում առաջարկվող օրինագծով նախատեսվում է որպես պատժատեսակ կիրառել նաև ամլացում քիմիական միջոցով,- ասաց նախարարը։- ՈՒսումնասիրությունները վկայում են, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում այդ եղանակը կիրառվում է որպես կանխարգելիչ միջոց և ոչ որպես պատժատեսակ։ Հարկադիր ամլացումը գոյություն ունի միայն Լեհաստանում և Չեխիայում։ Կառավարությունն առաջարկում է կիրառել կամավորության տարբերակը, որը ենթադրում է հետևյալը. նման ոտնձգություն կատարած անձն իր ազատազրկումից մի քանի ամիս առաջ ենթարկվում է փորձաքննության, որից հետո փորձագետները տալիս են իրենց եզրակացությունը` տվյալ անձը հասարակության համար վտանգավո՞ր է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ենթարկվում է հարկադիր բուժման` դրանից հրաժարվել չի կարող։ Եվ քանի դեռ մասնագետների եզրակացությունը չկա այն մասին, որ տվյալ անձը վտանգ չի ներկայացնում, հարկադիր բուժումը շարունակվում է։ Եվ միայն անձի համաձայնությամբ քիմիական եղանակով նա կորցնում է... Հարկադիր ամլացման դեպքում կարող է առաջանալ անձի արժանապատվության խնդիր»։
Արդյո՞ք Հայաստանում մանկապղծության դեպքերը գնալով շատանում են, և ընդհանրապես, ինչ է վկայում այս մասին վիճակագրությունը։ Այս և էլի մի քանի հարցերի շուրջ զրուցեցինք արդարադատության նախարար ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ հետ։
-Իհարկե, վիճակագրություն կա, սակայն այս պահին հստակ թվեր չեմ կարող ասել։
-Ամեն դեպքում, աճ կա՞, և եթե այո, ապա ի՞նչ ժամանակահատվածի համեմատ։
-Ընդհանուր տենդենցը փաստում է աճի մասին։ Գուցե մինչ այժմ այս հանցագործությունը թաքնված բնույթ է կրել` և՛ ծնողները, և՛ երեխաները փորձել են եղածը քողարկել։ Հրապարակայնության մեծացմանը զուգահեռ նման տիպի հանցագործությունների մասին լուրերը դառնում են ժողովրդին հասանելի։ Չեմ բացառում, որ այս հանցատեսակի աճը դրանով պայմանավորված լինի։ Եվ եթե չլինեին գիշերօթիկ դպրոցի, Լոռու մարզի աղմկահարույց դեպքերը, հնարավոր է, որ խնդիրն այդպես էլ լայնորեն չլուսաբանվեր։ Նման հանցատեսակը վտանգավոր երևույթ է, և միայն օրենքների փոփոխություններով խնդիրը չես լուծի։ Մեր իրականության մեջ տեղի են ունենում արժեհամակարգային փոփոխություններ, որոնք հասկանալու համար ավելի խոր վերլուծություններ են անհրաժեշտ։ Այն երկրները, որտեղ նման հանցատեսակներ կան, Հայաստանի պես մոնոէթնիկ չեն։ Հայաստանի բնակչության 90 տոկոսը հայ է, և նման հանցագործությունը ժամանակի ընթացքում այլ հետևանքներ է ունենում։ Այժմ, երբ նման երևույթները գլուխ են բարձրացնում, ինձ, որպես հայ մարդու, այն մտահոգում է։
-Քանի որ խոսեցինք Լոռու դեպքերից, ուզում եմ ճշտել` գո՞հ եք դատավարության ընթացքից, քանի որ խոսակցություններ կան, որ հնարավոր է Սերոբ Տեր-Ղազարյանն արդարացվի։ Հավատո՞ւմ եք, որ նա հիվանդ է։
-Խոսակցություններին չեմ հետևում։ Դատավարության գործընթացին բոլորը կարող են հետևել։ Առաջին ատյանն առավելագույն պատիժ է սահմանել։ Ցանկացած ոք իրավունք ունի իր դատական որոշումը բողոքարկելու։ Ինչ վերաբերում է հիվանդության հետ կապված հարցին, ապա ես բժիշկ չեմ, որ կարողանամ ասել` հիվա՞նդ է նա, թե՞ ոչ։ Յուրաքանչյուրն իր գործով պետք է զբաղվի։ Եթե բժիշկներն ախտորոշել են, որ Սերոբ Տեր-Ղազարյանը հիվանդ է, ապա, անկախ այն բանից` ինչ հանցանք է կատարել, իրավունք ունի ստանալու բժշկական օգնություն։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1120

Մեկնաբանություններ