ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

ԵԹԵ ՓՈՂՈՑՈՒՄ «ՋԻՊՈՎ ՏՂԵՆ ԼԱՎ ՏՂԵՆ Ա», ԱՊԱ ԲԱՆԱԿՈՒՄ ԱՅԴՊԵՍ ՉՊԻՏԻ ԼԻՆԻ

ԵԹԵ ՓՈՂՈՑՈՒՄ «ՋԻՊՈՎ ՏՂԵՆ ԼԱՎ ՏՂԵՆ Ա», ԱՊԱ ԲԱՆԱԿՈՒՄ ԱՅԴՊԵՍ ՉՊԻՏԻ ԼԻՆԻ
04.11.2011 | 00:00

Այսօր, առավել քան երբևէ, բանակը հայ հանրության ուշադրության կենտրոնում է ու կլինի այնքան ժամանակ, քանի դեռ հայ մայրն իր որդուն ահով է ճանապարհում բանակ, քանի դեռ հայ երիտասարդը տարբեր ուղիներ է փնտրում հայրենիքի ծառայությունից մի կերպ գլուխը պրծացնելու համար, քանի դեռ ազգը լիաթոք չի հպարտանում իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանող մարտունակ բանակով: Բայց համոզմունքս է` մեր տունը ինքներս ենք կառուցելու, առանց օտարին «քավոր» կարգելու, ուրեմն, ինքներս էլ պիտի լուծենք մեր խնդիրները: Քննադատաբար խոսելն էլ պիտի լինի միայն սրտացավությամբ` վաղն ավելի հզոր, մարտունակ զինուժ ունենալու հավատով:
Բանակում առկա խնդիրների շուրջ զրուցում ենք ռազմական հոգեբան ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻ և ռազմական փորձագետ ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:

ԶԻՆԿՈՄՆԵՐԸ` ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՕՂԱԿ
Ապագա զինվորի առաջին շփումը բանակի հետ սկսվում է զինկոմիսարիատներից: Խորհրդային մնացուկ հիշեցնող այս կոռումպացված համակարգում ընդունված սկզբունք է` «Փող տուր, դասավորեմ` չծառայես», կամ էլ` «Օգնեմ, լավ տեղ գցեմ»: Մեր կյանքի տարբեր ոլորտներ ներխուժած կոռուպցիայի բացիլն այստեղ իրեն յուրովի է զգացնում:
Փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը նկատում է, որ այս փուլում կեղծիքներն իրականացվում են միաժամանակ երեք` առողջապահության, կրթության, պաշտպանության գերատեսչությունների կողմից: Եթե ծնողը որոշել է, որ իր տղան չի ծառայելու, 9-10-րդ դասարանի բուժզննումից անմիջապես հետո սկսում է գործի դնել կեղծումների շղթան, որն անցնում է վերոնշյալ երեք նախարարություններով:
Այս խայտառակ առուծախը սեփական բանակի հանդեպ հայ երիտասարդի հավատը խաթարող առաջին հարվածն է, քանի որ նա տեսնում ու համոզվում է, որ զինվորական ծառայությունից խուսափողները զօր ու գիշեր պետության կայացումից ճառեր ասող պաշտոնյաների տղերքն են, և առողջ հարուստի փոխարեն բանակ գնացողն աղքատ հիվանդն է: ՈՒ ապագա զինվորի մեջ մի վտանգավոր պատկերացում է ձևավորվում` մեր բանակն աղքատների բանակ է:
Հայ երիտասարդի մեջ հիասթափության հաջորդ փուլը սպասվում է բուն ծառայության ընթացքում, երբ զինվորի առաջ կանգնում է ոչ թե հայրենիքին անձնուրաց ծառայող սպան, այլ հերթական մի կաշառակեր: Մինչդեռ մենք պարտավոր ենք բանակում զինվորի մեջ ձևավորել արժեհամակարգի ճշգրիտ պատկերը, որ նա հասկանա` եթե փողոցում, հասարակության մեջ «ջիպով տղեն լավ տղեն ա», ապա բանակում ամենևին էլ այդպես չէ:
ԻՆՔՆԱՐԴԱՐԱՑՈ՞ՒՄ, ԹԵ՞…
Տարիներ առաջ ուսանողների հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին այսպիսի հարց էր ուղղվել. «Իսկ հայոց բանակից ե՞րբ կվերանան ապօրինությունները»։ Նախարարը տվել էր դիպուկ պատասխան. «Այն ժամանակ, երբ դրանք վերանան մեր հասարակությունից»։
Թվում է` բանակի մասին խոսելիս հասարակական խոցերը մատնացույց անելն ընդամենը ինքնարդարացման փորձ է: Բայց մտածե՞լ ենք, թե դաստիարակչական ինչ ճանապարհ է անցնում ապագա զինվորը` այսօրվա դպրոցականն ու ուսանողը, մինչ զորակոչվելը: Ի՞նչ է տեսնում նա փողոցում, ի՞նչ է մատուցվում նրան հեռուստաեթերից: Պարզե՞լ ենք, թե որքա՜ն ենք աչքաթող արել հայրենիքի նվիրյալ զինվոր, ուրեմն և նվիրյալ քաղաքացի դաստիարակելու այդ կարևորագույն ընթացքը:
Ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանն ու փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը տարիների իրենց ուսումնասիրությունների արդյունքում համոզվել են, որ հասարակության ներսում առկա մտավոր, հոգևոր, սոցիալական շերտավորումներն առավել ցայտուն դրսևորվում են բանակում: Հոգեբան Դավիթ Ջամալյանի դիտարկմամբ, բանակ են զորակոչվում ամենատարբեր հոգեկերտվածք, դաստիարակություն, կրթական մակարդակ, աշխարհայացք ունեցող երիտասարդներ, որոնց մեծամասնության մեջ իսկական տղամարդու կերպարը ձևավորվել է «սուտի գողական»-ի, կամ «լավ տղու» մասին փողոցային կիսապատկերացումներում: Պարզ է, որ նման մտածողություն ունեցող զինվորն ընկերոջ ամենաանհեթեթ խոսքը պիտի լուրջ հակասության վերածի:
«Երբ 4-5 տարի առաջ ասում էինք, որ մեր երեխաները դաստիարակվում են «Որոգայթ»-իզմով, մեզ ծաղրում էին, իսկ այսօր տեսեք, թե ո՜ւր ենք հասել սերիալային դաստիարակության արդյունքում, ինչպիսի արժեհամակարգում է դաստիարակվում բանակ զորակոչվող հայ երիտասարդը, որը մի սովորական ականջակալի համար կարող է դիմել սարսափելի քայլի»,- նկատում է փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն ու հավելում. «Ամենևին ցանկություն չունեմ մի գերատեսչության խնդիրը մյուսի վրա բարդելու, բայց մենք հո գիտենք, թե ինչ է կատարվում կրթական ոլորտում: Համաձայնեք, որ կրթական ցածր մակարդակ ունեցող երիտասարդություն է գալիս բանակ, նույն վիճակում է և սպայական կազմը»:
Իր ելույթներից մեկում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատել էր «Ամենամեծ փորձանքները ծնվում են անգիտությունից, իսկ ողբերգությունները` տգիտությունից: ՈՒսյալ և մեթոդապես գրագետ սպան բռնություն չի կիրառում: Գրագետ և կիրթ սպաներ ունենալու դեպքում հնարավոր կլիներ խուսափել շատ արատավոր երևույթներից»: Ստացվում է, որ չնայած տարիներ առաջ սկիզբ դրվեց պայմանագրային հիմունքներով սերժանտային ինստիտուտի ձևավորմանը, սակայն առայսօր մեզ չի հաջողվել պատրաստել որակական հատկանիշներով օժտված սպայական կադրեր: Հոգեբան Ջամալյանն իր փորձով համոզվել է, որ խնդիրները կնվազեն, կառույցն էլ կաշխատի ժամացույցի պես, եթե «դասակի, իսկ ամենակարևորը` ջոկատի հրամանատարներն իրենց տեղում լինեն, ճշգրտորեն կատարեն զինվորականի իրենց պարտականությունը, քանի որ անձնակազմի հետ անմիջական շփումն իրականացվում է նրանց միջոցով»: Մեզ կայացած, առաջնորդի որակներով օժտված հրամանատարներ են պետք, վերահսկելիություն ապահովող կարող ուժ:
Բանակը երբեք չի խուսափում պատասխանատվությունից, հայտարարում են համակարգի ներկայացուցիչներն ու նաև նկատում, որ սա միջանձնային, ներանձնային հարաբերություններ կարգավորելու իմաստով բարդ ոլորտ է, հետևապես, շատ բան կախված է զինվորի ու սպայական կազմի մասնագիտական պատրաստվածությունից: Տեղին է դարձյալ մեջբերել պաշտպանության նախարարի խոսքը. «Բանակը պետք է հաղթի ոչ միայն սահմանում, այլև իր ներքին առօրյայում ձախողումներ չպետք է ունենա»:
ՍԵՊԸ ՍԵՊՈՎ ՉԵՆ ՀԱՆՈՒՄ
«Որքան էլ դժգոհում ենք, բայց նաև իրավունք չունենք չհպարտանալու մեր նվիրյալ հրամանատարներով, իսկ այդպիսիք շատ կան մեր բանակում»,- ասում է Դավիթ Ջամալյանը:- Աշխատանքի բերումով շփվում եմ նրանցից շատերի հետ, հաճախ եմ լինում «Եղնիկներ» զորամասում, ցավոք, գաղտնիության ռեժիմը թույլ չի տալիս անուն հրապարակել, բայց գումարտակի հրամանատար ունենք, որին զինվորներն ուղղակի աստվածացնում են: Այդպիսիք կան նաև այլ զորամասերում, հրամանատարներ, որոնք զորքի ոգին են: Նրանց մասին պետք է խոսել ու ներկայացնել մեր ժողովրդին»: Սակայն, հոգեբանի դիտարկմամբ, այստեղ մեկ այլ խնդիր կա. բանակում տեղի ունեցող ողբերգական ելքերով պատահարների շուրջ ստեղծված հուզական ֆոնը, որը հասարակությանը համակում է ըմբոստ տրամադրություններով, հաճախ թույլ չի տալիս տեսնել ու գնահատել դրականը: Բայց, ինչպես ժողովուրդն է ասում, «սեպը սեպով չես հանի», ասել է` միայն թերությունների մասին խոսելով դրանք չես կարող վերացնել: «Մեր հերոս տղաներին հաջողվեց մի քանի անգամ չեզոքացնել թշնամու դիվերսիոն խմբերը, բայց այս մասին անհրաժեշտ չափով չլուսաբանվեց, ՀԿ-ներն ու իրավապաշտպան կազմակերպությունները ևս լռեցին, ինչո՞ւ»։ Փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը համոզված է, որ դրականի, հերոսականի մասին լռողները զբաղված են հասարակության մեջ մեր բանակի մասին միայն բացասական վերաբերմունք սերմանելով: Իսկ նմանների կողմից կիրառվող հայտնի տեխնոլոգիան է` հաճախակի կրկնիր տեղեկությունդ, և այն կընկալվի իբրև բացարձակ ճշմարտություն: «ՈՒրեմն չեմ կարող չկասկածել, որ քննադատելու նրանց նպատակը ոչ թե օգնելն է, այլ բանակը վարկաբեկելը»:
ԲԱՆԱԿՈՒՄ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
Հոգեբանական առումով ինչպիսի՞ անելանելի իրավիճակում կարող է հայտնվել հայ զինվորը, որը, չունենալով այլընտրանք, ստիպված գնում է ծայրահեղ քայլի` վնասում կամ իրեն` դիմելով ինքնասպանության, կամ զենքն ուղղում ընկերոջ վրա:
Ռազմական փորձագետն ու հոգեբանը կարծում են, որ նման փակուղային վիճակներում զինվորը հայտնվում է հիմնականում մարտական դիրքերում գտնվելիս: «Մարտական դիրքերում ծառայությունն ամբողջովին տարբերվում է այլ ծառայություններից: Աշխարհի ցանկացած բանակում, եթե զինվորը կանգնած է մարտական խրամատում, ապա առկա է բարոյազրկման ու կարգապահության անկման փաստը, որովհետև խրամատը ճնշող, զրկանքների միջավայր է, իսկ դիմացդ հակառակորդն է, սա արդեն հոգեբանական լարվածություն է առաջացնում զինվորի մեջ: Եվ մարդը գնում է ցանկացած քայլի: Ահա թե ինչ է նշանակում պատերազմի մեջ գտնվող բանակ»,- փաստում է Արծրուն Հովհաննիսյանը։
Մարտական դիրքերում առկա իրավիճակը մեկ այլ կողմից է ներկայացնում Դավիթ Ջամալյանը. «Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում 100-հոգանոց վաշտը վերահսկում է ընդամենը մեկ հրամանատար: Այսինքն, ունենք կադրային լուրջ խնդիր: Սա մի իրողություն է, որը ևս պայմանավորված է պատերազմական վիճակով»:
Զինված ուժերի ղեկավարները տարբեր առիթներով հավաստիացրել են, թե այսօր բանակում մի քանի անգամ նվազել են մահվան դեպքերը: Նույնիսկ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն անկեղծացել էր, թե միջադեպերի ցուցանիշները նախկինի` 1995-98 թվականների համեմատությամբ այսօր նվազման միտում ունեն: Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ մեկը մյուսին հաջորդող դժբախտ պատահարների մասին փաստերի առատությունը: «Խնդիրն այն է, որ, ի տարբերություն անցած տարիների լռության, այսօր ցանկացած դեպքի մասին բարձրաձայնվում է»,- վստահեցնում են զրուցակիցներս, նկատելով, որ 2011-ին չի եղել մի դեպք, որի մասին չտարածվի տեղեկատվություն. և սա պաշտպանության նախարարի հրահանգն է:
ՀԱՄԱԿԱՐԳ` ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՆԿԱՐԱԳՐԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ
Ակնայտ է, որ բանակաշինության ոլորտում դեռ շարունակվում է մեր փնտրտուքը: Իսկ պատճառը շատ պարզ է. հեռացել ենք մեր ազգային արժեհամակարգից, մոռացել, որ մեր չորսհազարամյա քաղաքակրթության պատմության ընթացքում հայ զինվորականությունը ստեղծել է գաղափարական ու բարոյահոգեբանական մի կուռ արժեհամակարգ: Մինչդեռ այսօր մեր նախնիների ստեղծածը մեր նորօրյա բանակաշինության մեջ կիրառելու փոխարեն ստրկամտորեն տարվել ենք օտարի կողմից պարտադրվող համակարգերի կիրառմամբ, կուրորեն կրկնօրինակելով դրսի, շատ հաճախ նույնիսկ ձախողված փորձը, առանց գիտակցելու, որ մեր բանակը ազգային հաստատուն հիմքի վրա դնելու միակ ուղին մեր մշակութային նկարագրին, ազգային հոգեկերտվածքին համահունչ համակարգի ստեղծումն է: Քանի դեռ չենք գիտակցել այս ճշմարտությունը, ձախողումներով հարուստ փնտրտուքը շարունակվելու է:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1448

Մեկնաբանություններ