Ընդհանրապես սերիալները վատ բան չեն, եթե դրանք ճաշակով են արված: Ճաշակն, այս դեպքում, մի քանի բաղադրիչ է ենթադրում` լավատեսություն, բարու հաղթանակի քարոզչություն, հանդուրժողականություն քեզնից տարբերվող տեսակի հանդեպ, հավատք առ Աստվածային արժեքներ, վերջում` սիրո բացարձակ հաղթանակ և իհարկե` հումոր: Այս ամենը պիտի համեմվի ինտերյերի գեղեցիկ դիզայնով, հագուստների գունային կանոնների ու բնավորությունների համապատասխանության օրենքներով, համապատասխան երաժշտությամբ: Անցեք հայկական հեռուստաալիքների վրայով ու տեսեք, թե քանի սերիալ է քիչ թե շատ համապատասխանում այս բնորոշումներին: Հայկական սերիալների թերությունները ավելի լավ հասկանալու համար դիտեք որևէ բրազիլական սերիալի ընդամենը մեկ սերիա: Բրազիլական սերիալները աշխարհում հայտնի են իրենց որակով: Դրանցում ամեն ինչ մտածված է, ամեն ինչի համար աշխատանք է տարված` ամենայն մանրամասնորեն: Դա մի հատուկ դպրոց է, որում մասնագիտացած բրազիլական ընկերությունները բարձրորակ սերիալներ են թողարկում:
Հիմա դիտենք հայկական որևէ սերիալ: Դերասանները գոռում են, մուննաթում, հոխորտում, չարանում: Մի ժամանակ դրամատիկական թատրոնում գոռալու սովորույթ կար, չգիտեմ հիմա ինչպես է, քանի որ վաղուց չեմ հաճախել այդ թատրոն: Դրամատիկի դերասաններից շատերին թվում էր, թե որքան զգացմունքային գոռան, այնքան տաղանդավոր դերասանի համբավ կունենան: Նույնն այսօր հայկական սերիալներում է: Լավ, հասկացանք, մուննաթով ազգ ենք, սգալու վարպետ, նամռոտ, ավանադապահ, կնիկ ծեծող, տղամարդուն բացարձականացնող, ֆիզիկական ուժը բարոյական արժեքներից գերադասող, փողով յոթ կողպեքով փակ դռներ բացող, բայց հեչ աչք չունե՞նք: Այդ հեռուստաընկերություններում ովքե՞ր են աշխատում, ովքե՞ր են այդ սերիալները բեմադրում, ովքե՞ր են տնօրինում համատարած չարություն քարոզող այդ ծրագրերը: Ժամանակ առ ժամանակ երբ «մի սովետի քյառթու արվեստագետ» խոսում է հեռուստատեսությունը որպես դաստիարակության միջոց դիտարկելու խնդրից, շինծու ժամանակակիցներով հարձակվում են, թե` ո՞նց, կարո՞ղ է գիտեք, ազգի դայակն ենք: Տեսնես այդ նույն «ժամանակակիցները» ի՞նչ են զգում, երբ բանակում զինծառայող է ինքնասպանվում մի քանի անդաստիարակ լակոտի պատճառով, ովքեր, բացառված չէ, մինչև ծառայության մեկնելը հայկական սերիալներից պահվածքի դասեր էին առնում: Արդեն որերորդ զինծառայողն է զոհվում-ինքնասպանվում- սպանվում բանակում տիրող այլանդակ բարքերի պատճառով, որոնք, սակայն միայն բանակին վերագրելը դժվար է: Ամեն ծնող իրեն հաշիվ տալի՞ս է, թե ինչ երեխա է բանակ ուղարկում, թե ոնց է դաստիարակում իր որդուն մանկապարտեզից սկսած, ինչ արժեքներով է ամեն օր «կերակրում» իր երեխային, ի վերջո, ինչ հաղորդման վրա է կանգ առել իր հեռուստացույցի «պուլտը», երբ երեխան արթուն է:
Իմ տպավորությամբ սադիզմի դասերը ամեն երեխա տնից է առնում, նույնիսկ ոչ ուղղակի, այլ ծնողների օրինակով: Երեխան ավելի շատ տեսնելով է սովորում, քան` խոսքով: Ի՞նչ պիտի սովորի տղան, երբ հայրը մորը «ընկերուհի»-ով է դիմում, մայրը հորը` «կենդանի», կամ էլ մի այլ տարբերակով` հայրը կնոջը «ոչխար» է ասում, իսկ վերջինս լռում է, քանի որ զահլա չունի, ոչ էլ հակադարձելու քաջություն. հայ ընտանիք են, ավանդապաշտ, հո չե՞ն բաժանվելու մի ստից խոսքի պատճառով, հարևաններն ի՞նչ կասեն: Այդ ամենը տեսնող տղան մի քանի տարուց իր կնոջն է ասելու «ոչխար» ու գլխին բամփելու, ոնց որ հայրն էր անում: Կամ երբ ընտանիքով սերիալ են նայում ու հռհռում, երբ հերոսը ձեռք է բարձրացնում կնոջ վրա ու գազանի պես գոռում, թե տղամարդն ինքն է, ուրեմն` և որոշողն ինքն է, կուզի` կասի մի ոտքի վրա կանգնի:
Վանիչկա Հովակիմյանին մի երկու տականք այն օրն են հասցրել, որ տղան զանգել է հորն ասել, որ կյանքին վերջ է տալու ու ինքնասպանվել է: Այս տղային նվաստացրել են ողջ կյանքում ստորացման տեսարանների ` եթե ոչ մասնակից, ապա ամենաքիչը ականատես դարձած իր հասակակիցները: Միանշանակ է, որ վերջինները չեն կայանալու թե որպես տղամարդ` ընտանիքում, թե որպես մարդ` սոցիումի մեջ հարաբերություններում: Իսկ դրանից արդեն միայն ընտանիքը չի տուժելու, այլ` ողջ հասարակությունը:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ