38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Միասեռականությունը գրական հերկերում (առ ի ցավս մերոց)

Միասեռականությունը գրական հերկերում (առ ի ցավս մերոց)
13.12.2013 | 12:10

Ոչ հեռու անցյալում հայտնի կինոբեմադրիչ և ռեժիսոր Պիեռ Պաոլո Պազոլինիին Հռոմի փողոցներից մեկում բացեիբաց ծեծամահ արեց (մահակով) նրա երիտասարդ ասիստենտը, որին Պազոլինին միասեռական էր դարձրել։ «Դարձնել» բառը միանգամայն տեղին է, քանի որ 5000 մարդուց միայն մեկն է, որ ծնվում է այդպիսին, ըստ իր ներքին ոչ նորմալ, անբնական կառուցվածքի։

Դեռևս Հին կտակարանից հայտնի, պատժված Սոդոմ և Գոմոր քաղաքների ավերումից սկսած, Ղևտացոց գրքում, Կորնթացիների, ապա և Պողոս առաքյալի կողմից քննության առարկա դառնալով, արվամոլությունը համարվում է պղծություն, ծանրագույն մեղք, ահազանգի արժանանալով դրա շարունակական կորստաբեր հետևանքների առկայությամբ։ Իսկ Հովհան Ոսկեբերանը պժգալի այդ երևույթը բնորոշում է իբրև հանցանք ոչ միայն Աստծո, այլև բնության դեմ։ Բնականաբար, այդ ամենը պիտի արտացոլվեր կյանքի ամենամեծ հայելու մեջ պատմությունից հետո, որպիսին գրականությունն է։ Եվ արտացոլվել է, այն էլ ինչպես...
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Էռնեստ Հեմինգուեյը զինվորական թղթակից էր, վիրավորվելու պատճառով ընկնում է հիվանդանոց։ Այստեղ նրա նկատմամբ ինքնաբուխ խնամք և հոգածություն է դրսևորում հիվանդներից մեկը, տարեց մի մարդ։ Քիչ ժամանակ անց պարզվում է նրա «հոգատարության» կեղտոտ շարժառիթը. միասեռական էր, և տեսնելով ամրակազմ, բարետես տղամարդուն, ակնկալում էր նրան մոլորեցնելով իրեն կենդանություն պարգևել։ Մահացու վիրավորված Հեմինգուեյը, իբրև խոցված առյուծ, խոյանում է նրա վրա, որ շանսատակ անի։ Թշվառականին հազիվ են նրա ձեռքից ազատում։
Ամերիկյան գրականության հայտնի դեմքերից ևս մեկի՝ Սքոթ Ֆիցջերալդի «Գիշերն անույշ է» վեպում հոգեբույժ Դիկ Դայվերի մոտ է գալիս Չիլիից մի մեծահարուստ։ Նա հոգեբույժի ոտքերն է ընկնում՝ աղաչելով փրկել իր միասեռական որդուն, թեկուզ իր ողջ ունեցվածքը զոհաբերի դրա համար։ Հոգեբույժը բացատրում է, թե դա կարող է իրականանալ միայն մի դեպքում, եթե որդին ինքը ցանկանա այդ և միանա բժշկին։ Բայց երբ մյուս օրը մեծահարուստի արատավոր որդին բժշկի աշխատասենյակն է մտնում կոնքերը շարժելով, ականջօղերը շոշափելով, ընդսմին ազդարարելով, թե՝ «...ներս է մտնում Չիլիի թագուհին...», բժիշկը մերժողական պատասխան է տալիս դժբախտ հորը։
Սոմերսեթ Մոեմը նույնպես անդրադարձել է այդ թեմային։ Պատմվածքն այդպես էլ կոչվում է՝ «Համասեռամոլը»։ Քաղաքի ծայրամասում, մարդկանց աչքից հեռու, հետ ընկած մի վայրում, հարբած ու մտամոլոր, հուսահատ՝ գետնին է փռվել ծերացած համասեռամոլը և ողբում է անարդյունք անցած իր կյանքի համար, ո՞վ է ինքը՝ Օ... Եվ անփարատելի թախծից խենթացած՝ փորձում է ինքնասպան լինել։
Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» հայտնի վեպում, տխուր իմաստով, հիշարժան մի դրվագ կա. երբ ապստամբության ղեկավար Բագրատյանի դեռատի որդուն՝ Ստեփանիկին, հենց բռնաբարելով, ստորացնելով, պղծելով է տանջամահ անում թուրքը։
Այս փսիխոտեռորը, որ շրջանառության մեջ է դրվել 2008 թվականից, այսպես կոչված, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց իրավունքների ընդլայնման գործընթացով, զարմանք ու վրդովմունք հարուցելու կողքին, մեզ՝ հայերիս համար յուրահատուկ ողբերգություն է ներկայացնում։ Ասում են, կրակն ընկած տեղն է այրում։ Առանց այն էլ փոքրաթիվ մեր ժողովրդի (և հետզհետե հայրենիքում առավել քչացող...) հայերիս համար 1 հայի կենսաբանական կորուստը հավասար է միանգամից 10, 20 և ավելի մարդու կորստի, որովհետև սեռապղծության այս տարատեսակները, այլասերվածություն տարածելուց բացի, փակուղի են մտցնում սերնդագործման խնդիրը, անթաքույց խոչընդոտում են այն։ Ժամանակին անգլիացի բանաստեղծ Օսկար ՈՒայլդին բանտարկեցին այդ արատին տրվելու համար, այսօր բարբառում են այս աննորմալ ձևախեղումն օրինականացնելու, ոչ ավելի, ոչ պակաս, ընդունելու և հովանավորելու, միով բանիվ՝ խրախուսելու մասին։ Տեր իմ, այս ո՜ւր ենք գնում՝ ինքնասպանությա՞ն, ինքնաոչնչացմա՞ն, զավեշտն էլ այն է, որ դա կատարվում է իբր հումանիզմի և հավասարության քողի ներքո։ Գուրգեն Մահարու՝ տառապանքով իմաստնացած «Հում-հում հումանիզմը» հիշեցի։ Այս դժոխային «պսակը» բոլորելու են գալիս, Աստված իմ, նման բան մտածելն իսկ պղծո՛ւմ է, ապականո՛ւմ է մարդու (մինչև ուր, անկման ու այլանդակության որ խորխորատը պիտի իջած լինի մարդ արարածը նման աղտոտ մտքեր հղանալու, և դեռ՝ Չարի տիրույթով, դրանք իրականացման մղելու համար), արյունապղծությունն ու ...մանկապղծությունը, մեղա՜, մեղա՜ Արարատին... Այս ի՜նչ հրեշավոր շրջադարձեր են պատմության. հիշո՞ւմ եք, աստվածաշնչյան Կոտորածն մանկաց (Մատթեոսի ավետարանում)։ Ո՞Ւմ է ձեռնտու սատանայական այս գլոբալիզացիան, ա՞յս գնով ենք անկախանալու, «Ի՞նչ եմ անում ոսկե լագանը, եթե մեջն արյուն պիտի թքեմ», ասում է մեր ասացվածքը։ Սա, ախր, բարոյական ինքնասպանություն է բոլորի, իսկ հատկապես, առանձնապես, մասնավորապես՝ մեր՝ հայ ժողովրդի համար։
Այսպե՞ս ենք դիմավորում Հայկական ցեղասպանության մոտեցող 100-ամյակը, մեր թիկունքը խրվող այս դաշույնո՞վ, մեր ողնաշարը ջարդող այս աստվածամերժ «օրենքներո՞վ»։ ...Եթե թաթար-մոնղոլները, արաբներն ու թուրքերն էին չարիք սփռում, կամ ֆաշիզմը, անընդունելի՛ է, եթե նորօրյա ֆաշիստները՝ ո՞չ։ Ինքս եղեռնից փրկված պապերի շառավիղ եմ, երկուսն էլ Արևմտյան Հայաստանից էին (Խարբերդ և Կոստանդնուպոլիս), ծնողներս այստեղ են ծնվել։ Պապերս հիշում էին, որ բռնագաղթի չարչարանալից ճանապարհին անգամ, նվազագույն հնարավորությունների պայմաններում իսկ, ընտանիք էին կազմում, ամուսնություններ կնքում։ Մատանու բացակայությունը փոխարինում էին նորապսակների մատին հասարակ մետաղալարով օղակ դնելով։ Բայց կյանքի իսկական ընկեր էին դառնում, տառապանքով ու ազնիվ երդմամբ կնքված։ Եղան հայ երիտասարդներ էլ, որ նախընտրեցին բույն հյուսել ակամա դժբախտացած, վիրավոր հայուհիների հետ։ Անձամբ էի ճանաչում նախկին գեղեցկության հետքերը պահպանած Սիմա (Հռիփսիմե) մայրիկին, որի ծնոտին բռնությամբ նրան իր կինը դարձրած արաբի արած դաջվածքն էր մնացել։ Բայց դեռատի Սիման կարողացել էր փախչել, հետագայում ընտանիք կազմել հայ մարդու հետ, թոռների ու ծոռան տեր դառնալ։ Այսպես ենք ապրել, դարերի ճանապարհ անցել, որ այսօ՞ր, երրորդ հազարամյակի շեմի՞ն նահատակվենք ու շահատակվենք։ Մաքսային միության մեջ Հայաստանի Հանրապետության անցնելու առիթով որոշակի իրարանցում եղավ, ոմանց կողմից նույնիսկ սկանդալ հորջորջվեց։ Իրականում ամեն մարդ-անհատ, բնականաբար՝ նաև պետություն, ազատ է տնօրինելու սեփական հոգսերն ու խնդիրները՝ ելնելով այս կամ այն փուլում իր համար հարմարագույն տարբերակից։ Մինչդեռ իսկական սկանդալն այն է, որ հայ պատանին ոչ այլ տեղ, եթե ոչ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շրջակայքում... մարմնավաճառությամբ է ապրուստ հայթայթում, դեռ իր սև օրվա ընկերոջն էլ ասում, թե «այսօր աշխատեցինք, երկու օր հանգիստ կանենք...»։ Է, մանկամարդ հասակում խրված-կործանված այս տղան դեմոգրաֆիկ առումով չեղած, բացակա, զրոյական էակ է, որ չունի մեծագույն զենքը՝ ունակ կլինի՞ իր նմանին ստեղծելու, կյանք տալու, բեղմնավորելու, երբ ժամանակը գա, որ իր ազգը շարունակվի։
Եվ դեռ՝ ցավերի ցավը կա, որ հայ պատանուն կամ աղջկան այս անպատիվ, խայտառակ ապրելաձևին ուղղորդում են, լեզուս չի պտտվում, որ ասեմ, հայ կավատները, որ այդ սրբապղծությունն իրականացնում են ի սեր սեփական գրպանի, իրենց անհագուրդ ընչաքաղցության։ Այդ կավատները գործում են դրսից եկող գրանտներով, արտաքուստ՝ զանազան կազմակերպությունների անվան տակ, իսկ ներսից... տուն են քանդում, այլասերում ազգը։
Լավ է, էլի, որ այդպիսիները չլինեին՝ սեռական օրգանների տեղն էլ չէինք իմանա։ Կենդանական աշխարհում գոյություն ունի բոնոբո կոչվող մի շիմպանզե, որ ակնթարթորեն, շատ արագ է սեռականապես գրգռվում և ունակ է ամենաբազմազան ձևերով հանգստանալու։ Հենց այս և մնացած տեսակի կապիկներին ընդօրինակելու դասեր տալն են իրենց համար գրանտներ ստանալու միջոց դարձրել, ավաղ, որոշ հայ կանայք։ Մինչ ողջ ժողովուրդն ընդվզում է, միտինգներ անում, ոմանք «գրքեր» էլ են գրում այդ թեմայով։ Հապա եթե կանանց ռեսուրսային կենտրոնի թողարկած բացիկները տեսնեք (ղեկավար՝ Գոհար Շահնազարյան)։ Անիծյալ, անիծյալ գրանտներ։
...Շատ բան է անցել մեր ազգի գլխով, բայց այսպիսի օյին չէր եկել, չէ։ Ինչ չկարողացավ թուրքի սուրն անել, փողն է իրականացնում։
Հնուց եկող մի արտահայտություն կա. «Որբերի գլխին՝ դալլաքություն անողը շատ...»։ Ողջ այս հուդայախաղը, սեռական այս դիվերսիան ուղղվում է հենց մեր որբ, անապահով երեխաներին որսալուն։ Եվ ինչո՞ւ միայն նրանց։ Այս հարցի լավագույն պատասխանն է հայտնի Գոնկուր եղբայրների «Օրագրում» արձանագրված բնորոշումը. «Մարմնավաճառի գլխավոր հատկանիշը դիմազրկությունն է։ Այդպիսին արդեն անձնավորություն չէ, այլ որևէ հոտի, նախիրի միավոր...»։ Այն, հենց այն, ինչին ձգտում են տիրողները։ Կամ, այդ ո՞ւմ պիտի որդեգրեն օրըստօրե տեր ու տիրականի հովեր առնող միասեռականները. չէ՞ որ այդ երեխաներն էլ, այդ դժբախտ երեխաները, դատապարտված պիտի լինեն իրենք էլ դառնալու նույնպիսին։
Հումանիզմի քողի ներքո սեռապղծությունը շեփորահարողներին դիմակազերծ անող այլ զորեղ փաստարկ էլ կա. հենց մինչև վերջերս աշխարհով մեկ ահազանգում, զգուշացնում էին հեռու մնալ դրանցից, իբրև այդքան ահարկու սեռավարակների՝ ՍՊԻԴ-ի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նախապատճառից։ Հիմա ի՞նչ եղավ։ Այն եղավ, որ նորից նոր հաստատվում է հին մտածողների վաղուց արտահայտած այս միտքը, թե՝ «Միայն հիմարն է դիմացինին իրենից ավելի հիմար կարծում» (Տակիտոս), «Քաղաքականությունը աղտոտ շիլա է» (Սոկրատես), «Քաղաքականությունը պոռնկություն է» (Օտտո ֆոն Բիսմարկ)։ Ընդհանրացնելու դեպքում կունենանք անհերքելի ճշմարտություն, որ ինչ-ինչ, բայց բարոյական զորություն քաղաքականությունը չունի։ Մի՞թե հիմա էլ, հենց մեզանում, մեր միջավայրում ամեն օր ու ժամ չենք համոզվում դրանում։
Հոգեկորույս, դժվար, անպատսպար այս օրերին ինչ ընկնի ձեռքս, որ լավ լինի, լուսո ճառագայթի պես՝ Կոմիտասի նամակը Արշակ Չոպանյանին. «Չպետք է հանձնվինք, չպետք է խաբվինք Եվրոպայի զանազան խոստումնալից խաբկանքներեն, միանալու ենք և գործնական ճամփան բռնելու, ըստ իս, առաջին քայլն է բոլոր հայությունն ամփոփել ռուսի իշխանության տակ, երկրորդ քայլն է տնտեսապես, բարոյապես զուտ ազգային, առանց օտարեն ու մեզ անմարս գաղափարներով առաջնորդվելու՝ զարգանալ, երրորդ քայլն արդեն ռուս հեղափոխությունն է, որ պիտի անենք ոչ թե մենք, իսկ մենք օգտվելու ենք այդ քայլեն։ Սակայն պատրաստվելու լեհերի պես զուտ ազգային շավիղը բռնելու։
Եվրոպական մարդկային գաղափարները, որքան որ ընտիր և փափագելի, մեզ համար անպետք են, պաղ երկրի բույսերը ջերմ արևին տակ կկիզվին։ Ես վախ չունիմ, թե ռուս կառավարության մեջ կհալինք, որքան որ այնուամենայնիվ, մեր ինքնագիտակցությունը զարթնած է, և եթե խելոք շարժվինք, կվաստկենք, ես այդ կարծիքն ունիմ։
Համբույրով՝ քոյդ Կոմիտաս վարդապետ»։

Մուրացանն ուշագրավ մի պատմվածք ունի՝ «Անպայման իշխանուհի» խորագրով։ Հարստանալու և տիտղոսակիր ազնվական լինելու թելադրանքով ջահել, գեղանի օրիորդը բաժին է դառնում ցոփ կյանքից հափրացած, կենսաբանորեն իրեն սպառած, տարեց մի մարդու։ Ցնցող է ամուսնության առաջին գիշերվա (որը, ըստ էության, վերջինն է) իրականությունը։ Բարոնը հանում է կեղծամը... լերկ, տեղ-տեղ սպիտակ մազերով ծեր մարդու գլուխ է մնում, գեղատես կոստյումը հանելուց հետո՝ փոս ընկած կուրծք, շեշտված անրակներով, ի վերջո, իբրև դառն ճակատագրի «շնորհ» կյանքով լեցուն ու սիրատենչ այս էակի դիմաց կանգնում է մայրամուտի միտող մի ծերունի։ «Բայց դուք ինքներդ էիք ուզում, և ստացաք ձեր ուզածը, հիմա իշխանուհի եք...»,- հայտարարում է բարոնը։
Ո՞Ւր մնաց տղամարդու և կնոջ օրհնյալ միությունը՝ ճշմարիտ ու բարեկանոն, որից կյանքի պտուղը՝ աստվածային մանուկը՝ երեխան է ծնվում։ Ո՞Ւր մնաց Հոգու սիրածարավը, երբ նրա վրա մղձավանջի պես սեռապղծության կեղտակուր «դրոշն» է կախվել։


Անահիտ ՊԱՐՍԱՄՅԱՆ

Հ. Գ.- Լրատվամիջոցներն օրերս ազդարարեցին, թե հաղորդվեց այն, որ վերջերս իր մահկանացուն է կնքել հայտնի երգիչ Ֆրեդի Մերկյուրին։
Ոչ մի խոսք այն մասին, որ նա միասեռական էր և, փաստորեն, սպիդից մեռավ։ Դրա փոխարեն, օրվա մեջ մի քանի անգամ «Հ1»-ով գովազդի անվան տակ ապատեղեկատվություն է տրվում այն մասին, թե սպիդն իբր հաղթահարելի հիվանդություն է, կարելի է տարիներով ապրել, մի կին էլ հանդես է գալիս, հայտարարելով, թե արտագնա աշխատանքից տուն դարձած իր ամուսնուց սպիդով վարակվելով հանդերձ, բուժվել է և առողջ էլ երեխա ունեցել։ Էլի ոչ մի խոսք միասեռականության մասին։
Այս թակարդից հեռու մնալու համար վերստին կարդացեք Աստվածաշնչի՝ առ հռոմեացիս գլուխը՝ «Պողոս առաքյալի թուղթը»։

Դիտվել է՝ 2168

Մեկնաբանություններ