Հարգարժան ընթերցողներս, անշուշտ, քաջատեղյակ են, որ երկու-երեք տարի է` պայքար եմ սկսել երեկոյան հրավառությունների և Ամանորի պայթուցիկային զվարճանքների դեմ։ Խնդիրն առայժմ իր տրամաբանական վախճանին չի հասնում, քանզի դրա կարգավորմամբ զբաղվող պետական կառույցը` արտակարգ իրավիճակների նախարարությունը, նախարար Արմեն Երիցյանի գլխավորությամբ, ըստ էության, դավադիր անգործության է մատնված։ Հարցն այսօր հանգուցային փուլում է, ներկայացված է քննարկման ՀՀ հանրային խորհրդում և գտնվում է խորհրդի անդամ, ՀՀ ՆԳ նախկին նախարար, հարգարժան գեներալ Կառլոս Ղազարյանի տրամադրության ներքո։ Անկեղծ լինեմ, կարծես թե աղմուկը քիչ նվազել է։ Համենայն դեպս, 15-րդ, 16-րդ, 17-րդ և Վահագնի թաղամասերը շուրջկալող հյուրանոցներն ու ռեստորանները քիչ թե շատ քաղաքակրթվել են։ Սա, ցավոք, չի վերաբերում 15-րդ թաղամասի Ջանիբեկյան և Հասրաթյան փողոցների խաչմերուկում իր տիրակալությունը հաստատած «Շանթ» ռեստորանային համալիրին։ Այստեղ հրավառությունների խրախճանքը թնդում է հատկապես 23.00-ից հետո, այսինքն` այն ժամերին, երբ հրավառություններն արգելված են ՀՀ կառավարության որոշմամբ։ Որոշման իրականացումը դրված է ՀՀ ոստիկանության վրա, սակայն Մաշտոցի ՆԳ բաժնում անտեսում են «Շանթի» բարբարոս խանդավառության ցուցքերը։ Ինչո՞ւ. պատասխանը պիտի սպասել հենց Մաշտոցի ՆԳ բաժնից։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ.- Ի դեպ, երեկոյան 23.00-ից հետո հրավառությունների արգելման առաջարկով ՀՀ ոստիկանությունն էր դիմել երկրի կառավարությանը։