38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մկրտիչ Սանասարյան. ազգախնամ բարերար

Մկրտիչ Սանասարյան.  ազգախնամ բարերար
12.10.2012 | 11:48

Պետությունը հզոր է իր քաջ ու խելացի թագավորով։
Երկիրը շենանում է աշխատասեր, ստեղծագործ ու բարեկեցիկ ժողովրդով։
Ազգը ճանաչվում է իր տաղանդավոր և արժանավոր զավակներով։
Հայրենիքը միայն հողն ու ջուրը չէ։ Հայրենիքը նաև երկիրը շենացնող մշակն է, ազգային միտքն ու գիտությունը, մշակույթն ու արվեստը բարձրացնող, բյուրեղացնող և ժողովրդին հասցնող լուսավոր մարդիկ են ու նրանց գործերը, որոնց շնորհիվ էլ բանական էակը դառնում է մարդ, ժողովուրդը` ազգ։
Աստծո ողորմածությունը մեզ` հայերիս, բազմաշնորհ տաղանդ ու հանճար է պարգևել մեր հազարամյա պատմության հոլովույթում։ Մեր ազգի պայծառ մտքի տեր զավակները լուսավորել են բիրտ ու բարբարոս աշխարհի մութ դարերը` իրենց մտքի և հոգու լույսից բաժին հանելով նաև օտարներին և անգամ նրանց, ովքեր համատարած խավարի մեջ ոչ միայն մի ճրագ անգամ չեն վառել, այլև մեր ջահն են մարել կամ հրդեհի ճարակ դարձրել լուսավորողին։ Այդպես է եղել դարեր, այդպես է և հիմա, ու հայտնի չէ լուսավոր մտքի կրողների վաղվա ճանապարհը։ Բայց հոգու և մտքի լույս ծնող մեր մեծերը, որքան էլ հեռու լինեն մեզնից ժամանակով ու տարածությամբ, միևնույն է, անխախտ է բնության` լույսի արագության օրենքը, որ մեզ է հասցնում մտքի թռիչքով նրանց հոգու լույսը հազարամյակների ու հազարավոր մղոնների հեռավորությունից։
Իր մտքի և հոգու լույսը տարածողներից էր նաև ՄԿՐՏԻՉ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ` ծնունդով թիֆլիսեցի, արմատներով` վանեցի։ Նրա կենսագրությունը իսկական հայի անխառն ճակատագիր է եղել։ Օսմանյան դաժան լծի տակ ապրած շատ հայեր, պետական ծանր հարկերից և ազգային ճնշումներից հալածված, հեռանում էին հայրենիքից և հիմնավորվում քաղաքականապես ապահով որևէ երկրում, որտեղ զարմանալիորեն կարճ ժամանակամիջոցում դրսևորվում էին նրանց շնորհն ու տաղանդը ամենատարբեր բնագավառներում։ Այդ հայերից էին նաև Մկրտիչ Սանասարյանի ծնողները` բնիկ վանեցի Սարգիս Սանասարյանը, և մայրը` վանեցի նշանավոր վաճառական Գևորգ Հեյրանյանի դուստր Մարիամ Հեյրանյանը։ Նրանք խաղաղ և արժանապատիվ կյանքի փնտրտուքով հասել էին Թիֆլիս և աշխատասիրության շնորհիվ ստեղծել էին իրենց բարեկեցությունը և հարստությունը, որը ծառայեցրել են նաև իրենց զավակներին ազգային ոգով դաստիարակելու, լավագույն կրթություն ստանալու և ազգօգուտ գործեր անելու պատրաստակամությանը։
Մկրտիչ Սանասարյանը ծնվել է 1818 թ. Թիֆլիսում։ Նախնական կրթությունը ստացել է Աբբա-Մելիք քահանայի տարրական դպրոցում։ 1824 թ. հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ Թիֆլիսում` Կովկասի առևտրա-արդյունաբերական և հայ մշակույթի կենտրոնում բացվում է ժամանակի ռուսական կրթական համակարգի լավագույն սկզբունքներով և ուսումնական ծրագրերով հագեցած մի դպրոց, որը, ի պատիվ հիմնադրի, կոչվում է Ներսիսյան։
Մկրտիչ Սանասարյանն այդ դպրոցի առաջին սաներից է եղել։ Պատանի Մկրտիչը լսել էր, որ Վենետիկի Ս. Ղազար կղզում հայ միաբանները բարձրագույն դպրոց են հիմնել, և որոշում է ընկերոջ` Ռոստոմյանի հետ մեկնել Վենետիկ։ Սակայն կես ճանապարհին` Կարին չհասած, նրանց հետ են բերում. պատճառը հոր` Սարգիս Սանասարյանի անժամանակ մահն է լինում։ Խնամակալ նշանակված մորեղբայրը Մկրտչին և եղբորը` Կարապետին, առանց նրանց կամքը հարցնելու, ծառայության է հանձնում ռուսական բանակում։ Տասը տարի` մինչև 1845 թ., Մկրտիչը ծառայում է ռուսական կայսերական բանակում և մասնակցում մի քանի ռազմական գործողությունների, երկու անգամ վիրավորվում է և քաջության համար պարգևատրվում Գեորգիևյան շքանշանով, ինչպես նաև հատուկ դրամական պարգևով` վտանգի մեջ հայտնված ռուս զինվորներին ազատելու համար։ Ահա այսպես, վանեցու լաճը, իր երկրից հեռու, համալրում է ռուսական բանակի կազմը և իր ցեղին հատուկ` հերոսանում է ազնիվ կռվելով։ Ենթասպայի աստիճանի հասած Մկրտիչը հերթական ճակատամարտերից մեկում ծանր վիրավորվում է և 1845 թ. պատվով հեռանում է զինվորական ծառայությունից։ Ռուսական կառավարությունը հայտնի էր իր սպաների հանդեպ ունեցած առանձնահատուկ հարգանքի և գնահատանքի դրսևորմամբ։ Ծանր վերքեր ստանալու և բանակից հեռանալու պատճառով պետությունը 23-ամյա Մկրտիչ Սանասարյանին` անմնացորդ և բարձր պատասխանատվությամբ Ռուսական կայսրությանը ծառայելու համար հատկացնում է արժանավայել ապրելուն համարժեք թոշակ, որ նա ստանում է ցկյանս։
Մկրտիչ Սանասարյանը Թիֆլիսից տեղափոխվում է Ս. Պետերբուրգ և հաստատվում այնտեղ մշտական բնակության։ Հորից ժառանգած գործարարական ջիղը նրա առջև բացում է ռուսական կապիտալի դռները։ Նա ձեռք է բերում կովկասյան «Մերկուրի» շոգենավային ընկերության բաժնետոմսերի որոշակի մի քանակ։ Շուտով ընկերության մյուս բաժնետերերի հետ ունեցած նրա գործնական հարաբերությունները շահեկանորեն օգտակար են լինում ընկերության գործերին, իսկ մարդկային շփումները բացահայտում են Սանասարյանի ազնիվ ու բանիմաց գործընկեր լինելը։ Ահա այն գրավականը, որի շնորհիվ նրան ընտրում են տնօրենների խորհրդի անդամ։ Կարճ ժամանակում նա բացառիկ դիրք ու հեղինակություն է ձեռք բերում ընկերության ներսում։ Որպես բարձր հարգանքի և գնահատականի իրական արտահայտություն` 1889 թ. ընկերությունը շուքով նշում է նրա տնօրենության քսանհինգամյա հոբելյանը և ի հարգանս` նավերից մեկն անվանում է «Մ. Սանասարյան»։
Պարզվում է, մեզ մեր լավ աշխատանքի համար օտարներն իրենց երկրում շատ բարձր են գնահատում։ Իսկ մեր երկրո՞ւմ։
1888 թ. Պետերբուրգի հայերը մեծ շուքով և հանդիսավորությամբ տոնում են Մ. Սանասարյանի յոթանասունամյա հոբելյանը։
Հային բնորոշ աշխատասիրությամբ և համառությամբ, հոգևոր ազնիվ արժանիքներով և առաջադեմ գիտելիքներով օժտված Մ. Սանասարյանն օտար երկրում հասնում է հասարակական բարձր դիրքի։ Նա հաջողակ է եղել իր ձեռնարկած գործերում և դարձել է նշանակալի հարստության տեր. դրան նպաստել են նաև հասարակության համընդհանուր սերն ու պատկառանքը։ Օտար երկրում հայն իր մեծ հարստությամբ երբեք չի գրգռել մարդկանց նախանձը, քանի որ իր հարստությունը վաստակել է ազնիվ աշխատանքով, ոչ թե ձեռք բերել խաբեությամբ ու թալանով։ Մ. Սանասարյանն ամբողջ կյանքում իր հարստությունը հատկացրել է անսակարկ բարեգործությունների` իր բարեպաշտությամբ շատերի համար դառնալով օրինակելի բարերար։
Պետերբուրգում Սանասարյանի տունը բոլոր հայ ուսանողների համար դարձել էր փրկարար ափ. նրանք դիմում էին նյութական օժանդակություն ստանալու խնդրանքով և միշտ բարեհաճորեն ու առանց ձգձգումների ստանում էին այդ օգնությունը։ Անգամ վրացի ուսանողներն էին անկաշկանդ դիմում հայ բարերարին և չէին մերժվում։
Պատանեկությունից ուսման ծարավի Մ. Սանասարյանը լավ էր հասկանում կրթության և կրթվածության արժեքն ու կարևորությունը հայ հասարակության համար։ Եվ նա իր բարեգործության հիմնական առանցքը դարձրել էր հայ երիտասարդներին կրթելու և բարոյական բարձր արժեքներով դաստիարակելու գործը։ Պետերբուրգում նա շփվում էր առաջադեմ մարդկանց հետ. ռուսական կրթական համակարգում եվրոպական ժամանակակից ծրագրերի ներմուծումը հնարավորություն է տալիս մայրաքաղաքում ուսանող հայ երիտասարդներին հաղորդակից լինելու նոր գաղափարներին և գիտության հայտնագործություններին։ Սակայն այլ էր իրավիճակն Արևմտյան Հայաստանում։ Քաղաքական և տնտեսական ծանր վիճակը և դրանից ածանցվող հայերի բարոյահոգեբանական ընկճվածությունը պայմանավորված էին նաև ժողովրդի կրթության ընդհանուր ցածր մակարդակով։
Իհարկե, Կ. Պոլսում հայերն ապրում էին Եվրոպայի հետ համաքայլ` թատրոն, թերթեր, ակումբներ, դպրոցներ, բայց բուն Հայաստանում կրթական մակարդակը շատ ցածր էր։ Որոշ քաղաքներում եվրոպական աղանդավորական քարոզիչ-միսիոներները` կաթոլիկ, բողոքական և ավետարանական, հանրակրթական և արհեստների ուսուցման երկսեռ դպրոցներ էին բացում, որոնք, սակայն, ուսումնական գիտելիքներին զուգահեռ հավատափոխության քարոզներ էին անում և, ըստ էության, հոգեորսությամբ հայ մարդկանց, մանավանդ երիտասարդներին, հեռացնում էին Հայ առաքելական եկեղեցուց, ազգային սովորույթներից ու ավանդույթներից, հետևաբար նաև ազգային մշակույթից և ազգային մտածողությունից։ 19-րդ դարում, երբ աշխարհի վերաբաժանման նկրտումները սկսում են որոշակիորեն ձևավորվել, որ հետո 20-րդ դարի երկրորդ տասնամյակում` Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, հստակվեցին և իրագործվեցին, Օսմանյան Թուրքիայի լծի տակ եղած շատ ժողովուրդներ փորձեր էին անում ազատագրվելու ստրկությունից։ Մինչդեռ հայ իրականությունը գրեթե պատրաստ չէր հեղափոխական, ավելի ճիշտ, ազատագրական համընդհանուր պայքարի։
Մկրտիչ Սանասարյանը լավ գիտեր, թե որքան կարևոր է կրթված, ժամանակակից ազատագրական գաղափարների կրող և հայրենասեր գործիչների տարածումը Արևմտյան Հայաստանում։ Իսկ դա կարող էր անել բարձրակարգ վարժարանը։ Նպատակն արդար էր, ուղին` հստակ։ Նա սկսում է հովանավորել ուշիմ և խելացի բազմաթիվ հայ երիտասարդների` Ռուսաստանի և Եվրոպայի համալսարաններում սովորող բազմաթիվ ուսանողների` պայմանով, որ նրանք կրթությունը ստանալուց հետո վերադառնան հայրենիք և նվիրվեն իրենց ազգի կրթական գործին։ Այս հախուռն ու պատահական բարեգործությունները, ի վերջո, դառնում են հստակ ծրագիր։ Սանասարյան վարժարանի հիմնումից մի քանի տարի առաջ նա ընտրում է մեկ տասնյակի չափ տաղանդավոր, ազգային ոգով և գաղափարներով տոգորված երիտասարդների և ուղարկում է Եվրոպայի լավագույն համալսարաններ` կրթություն ստանալու, պայմանով, որ նրանք մեկնեն Հայաստան։ Մկրտիչ Սանասարյանն այդ ուսանողների կրթությանը և կենցաղային պայմաններին դրամական մեծ հատկացումներ է անում, որպեսզի հայ ուսանողները Եվրոպայում բարոյապես և նյութապես ընկճված չլինեն։ Ահա այդ սաներից մի քանիսի անունները` Պողոս Դելփեյան (Արաբկիրից), Հովսեփ Մադաթյան (Սամսոնից), Գևորգ Աբուլյան (Թիֆլիսից), Սարգիս Սողիկյան (Խարբերդից), Դավիթ ՈՒմիկյան (Կովկասից), Աստվածատուր Խաչատրյան (Հին Բայազետից)։ Նրանց անունները հիշատակված են «Կարինապատում» գրքում և արժանի են մեծարման, քանի որ իրենց գործունեությամբ հայ իրականության մեջ արթնացրին ազգային մտածողությունն ու վերականգնեցին կրթության հանդեպ հայ մարդու անդավաճան նվիրվածությունը։ Այս նվիրյալները գուցե ընթերցողներից ոմանց նախապապերն են եղել, և հիմա կարդալով նրանց անունը, համոզված եմ, որ հպարտությամբ կլցվի ամեն մեկի հոգին և անպայման կուզի նմանվել իր պապին և շարունակել նրա ազգօգուտ գործը։
Մկրտիչ Սանասարյանն իր նախապատրաստական աշխատանքները, հանգամանալից քննարկումներն ու խորհրդակցություններն ի մի բերելով, 1881 թ. որոշում է Կարին քաղաքում հիմնել երկրորդական, այսինքն` ավագ վարժարան։ Վարժարանը պետք է ունենար գիշերօթիկ ուսուցման հնարավորություն, որպեսզի Հայաստանի տարբեր քաղաքներից և գյուղերից հայ պատանիները կարողանան սովորել այստեղ։ ՈՒսումնական հաստատության մեծ ծախսերը ապահովված էին բարերարի հստակ կտակով։ Նա վարժարանին էր նվիրաբերել նաև իր հարուստ գրադարանը, գեղարվեստական ալբոմներ, թանգարանային հավաքածուներ, Հովհ. Այվազովսկու մի քանի կտավ, արժեքավոր հնություններ, որոնք, ըստ էության, դարձել էին թանգարանային մի հավաքածու, որով կրթվել ու դաստիարակվել էր սաների գեղարվեստական ճաշակը։ Մկրտիչ Սանասարյանն իր հոգեզավակին` վարժարանին, նվիրում է ոչ միայն նյութական ապահովություն և թանկարժեք իրեր, այլև իր սիրտն ու հոգին։
Ավա՜ղ, եղեռնի օրերին թալանվեց և Սանասարյան վարժարանը. տեսնես ո՞ր անարժան թուրքի տան պատերն են զարդարում մեծանուն նկարչի կտավները, իսկ հարուստ գրադարանը հերթական անգամ հրո և թալանի ճարակ է դարձել։
Ցավ ու ավա՜ղ։
Ահա այսպես, արմատներով վանեցի, ծնունդով թիֆլիսեցի, Պետերբուրգում հաջողությունների հասած հայորդին իր հարստությունը չէր վատնում ցոփ զվարճությունների համար, նա օտար երկրում հայ երիտասարդների կրթություն ստանալու, նրանց` ազգին ծառայելու հայրենասիրական կրակը միշտ բորբոք պահելու մտահոգությամբ էր ապրում։
Կարինի երկրորդական վարժարանը, որ կոչվեց բարերար Մ. Սանասարյանի անունով, հետագայում պիտի դառնար լուսատու այն ջահը, որ լուսավորելու էր հայկական նահանգների երիտասարդության ազատագրական ոգին ու միտքը։ Մկրտիչ Սանասարյանի հայրենաշունչ և ազգօգուտ ծրագրերը Կարինում իրականացնում էր նրա մտերիմ բարեկամ Կարապետ Եզեյանցը` մտավոր մեծ կարողությունների և բարոյական բարձր արժանիքների տեր մի մտավորական` համառուսական չափանիշներով։ Նա` որպես կտակակատար, այսինքն` կտակով սահմանված և տրամադրված գումարը կրթական նպատակներով իրականացնող, դառնում է Սանասարյանի աջակիցն ու խորհրդականը, զորավիգ աջն ու ամենատես աչքը վարժարանի և նրա ուսուցիչների հոգսերի, սաների կրթական, բարոյադաստիարակչական և կենցաղային խնդիրները բարեշնորհ և արժանավայել կարգավորելու գործում։
1885 թ. վարժարանի չորսամյա գործունեությունից հետո Մ. Սանասարյանը ժամանում է Կարին` անձամբ տեսնելու իր հիմնած հաստատությունը, իր ներկայությամբ քաջալերելու և իր երախտագիտությունը հայտնելու մանկավարժներին, սաներին և նրանց ծնողներին, քաղաքի հայկական ազգային-հասարակական կազմակերպություններին` կրթության գործին բոլորանվեր և ազնվորեն ծառայելու համար։ Իսկ մեր ժամանակներում, ցավոք, մի փոքրիկ բարեգործություն արած մեծահարուստը թմբկահարում է աշխարհով մեկ և երախտագիտություն, առավել` երախտապարտություն է պարտադրում։ Խորհել է պետք։
Մ. Սանասարյանին Կարինը դիմավորում է արքայավայել, այսպես է բնորոշում «Կարինապատում» գրքի հեղինակ Ղազար Չարըգը։ Ընդունելությանը տրվում է նաև պաշտոնական բնույթ, որին մասնակցում են քաղաքի պետական և զինվորական ներկայացուցիչները և հայ ազգային բոլոր կազմակերպությունների ղեկավարները, քաղաքի և գյուղերի բոլոր աշակերտները, հազարավոր մարդիկ։ Կարինը տասնհինգ օր աննախադեպ խանդավառության, տոնի և ոգևորության մեջ է լինում։ Մարդիկ հետևում էին մեծ բարերարի խոսքին, նիստուկացին, որ ընդօրինակելի են դառնում բոլորին, մանավանդ մեծ ու փոքր ունևորներին։ Մեծ բարերարի ազնվական կեցվածքը, գերագույն համեստությունը և անթաքույց հուզառատ ապրումները` կապված վարժարանի հաջողությունների և կրթադաստիարակչական գործում գերազանց արդյունքների հետ, խոր տպավորություն են թողնում բոլոր խավերի վրա։ Կարինից հեռանալիս Սանասարյանը վարժարանում թողնում է իր սիրտն ու հոգին, իսկ իր հետ տանում է ժողովրդի անկեղծ սերը, հարգանքը և երախտագիտությունը։
Մկրտիչ Սանասարյանի բարեգործությունը ոչ թե ժամանակ առ ժամանակ դրամական որոշ հատկացումներ տրամադրելն էր` տարփողելով այն որպես բարերարություն, այլ որդիական պարտականությունը, որ նա արել է իր ողջ կյանքում։ Նա մեծ օժանդակություն է ցուցաբերել Էջմիածնի Գևորգյան ճեմարանին և այլ վարժարանների։ Նրա ծախսերով է նորոգվել Վանի Սանդուխտյան իգական վարժարանը, որ վանեցիները վերանվանում են «Մարիամյան»` ի պատիվ Սանասարյանի մոր, մի քանի գյուղերում հիմնում է դպրոցներ և ապահովում դրանց ծախսերը։ Թիֆլիսում հրատարակվող «Մեղու Հայաստանի» թերթի քսանհինգամյակին նվիրված տոնակատարություններին օժանդակելով` խմբագրին` Պետրոս Սիմոնյանին, հատկացնում է տարեկան 600 ռուբլի թոշակ` ամրագրված կտակով։
Իր ժողովրդի հանդեպ որդիական սերն ու նվիրվածությունը Մկրտիչ Սանասարյանը դրսևորել է և՛ հոգևոր, և՛ նյութական ներդրումներով, որոնք չի կարելի սոսկ բարեգործություն անվանել, քանի որ բարեգործությունը նրա ժամանակներում էլ, ցավոք, կորցրել էր իր ազնիվ և աստվածահաճո էությունն ու դրսևորումը։ Իզուր չի Հակոբ Պարոնյանը ստեղծել «բարեգործ» Աբիսողոմ աղայի հավաքական կերպարը. նա դեռ բարեգործություն չարած, պահանջում էր այդ մասին թերթի առաջին էջում գրել խոշոր տառերով։ Աբիսողոմ աղաներ այսօր էլ կան մեզանում։
Մկրտիչ Սանասարյանն իր որդիական պարտքն առ հայրենիք ու ազգ և հայրական սերն ու գորովանքն է արտահայտել նյութապես անապահով, բայց մտավոր բարձր ընդունակություններ ունեցող հայ երիտասարդների հանդեպ։ Նա շատերի համար եղել է ուղենիշ աստղ` իր առաքինի գործերով և բարեպաշտությամբ։
1889 թ. Մ. Սանասարյանը կնքում է իր մահկանացուն։ Նրա զմռսված մարմինը տեղափոխվում է ծննդավայր Թիֆլիս և ամփոփվում Վանքի մայր եկեղեցու բակում։ 1894-ին կանգնեցված մահարձանի վրա արձանագրում են նրա հիմնած վարժարանների, այլ ոչ թե դղյակների անունները։
Լույս լինի քո հիշատակը, մե՛ծ հայ, և այդ լույսը թող տարածվի մեր հոգիներին ու մտքերին։


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 8913

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ