38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ե՞րբ պիտի մենք դադարեցնենք մեր ինքնաոչնչացումը»

«Ե՞րբ պիտի մենք դադարեցնենք մեր ինքնաոչնչացումը»
27.06.2012 | 12:59

Ռուսական մի ֆիլմ կար` շատ դիպուկ հումորով ու հստակ փիլիսոփայությամբ։ Մարդուն, առողջ մարդուն, հենց այնպես, ֆորմալ ձևակերպումով, չի կարելի «դուրս գրել»։
Օրերս, շատ ավելի վատ, մի քմահաճ «հիմնավորմամբ», մշակույթի նախարարի հրամանով աշխատանքից ազատվեց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենին` բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Բախչինյանին, ճշմարիտ գիտնական, հրաշալի ադմինիստրատոր, մա՜րդ։ Դուրս գրեցին։ ՈՒղիղ մեկ տարի առաջ տնօրենի պաշտոնից էին ազատել, նշանակել մխիթարական պաշտոնի` տնօրենի խորհրդական։ Օրերս դրանից էլ ազատեցին։ Եվ գիտե՞ք ում։ Մի մարդու, որ նախորդ գումարման Ազգային ժողովում «Ժառանգություն» կուսակցության համամասնականով ԱԺ պատգամավոր էր ընտրվել, սակայն հրաժարվեց, քանի որ հավատարիմ էր իր գործին, իր գեղեցիկ աշխատակազմին, իր ծրագրերին։ Իսկ պատգամավորի աթոռը, գիտեք, չէ՞, պատի՜վ է, հարգա՜նք, արտոնություննե՜ր, ցմահ բարձր կենսաթոշակ։ Չէ։ Ես իմ գործն եմ անում։
Հրաժարվելու լուրն առնելով` շտապ մոտը գնացի, փորձեցի համոզել, բացատրել, որ, ըստ էության, կարող է նաև համատեղել իր հոգեզավակի (թանգարանի) գործերը պատգամավորականի հետ։ Որ խորհրդարանն առաքինության ու մտքի մեծ կարիք ունի նույնպես։ Լսել չուզեց։ Եվ հրաժարվեց։
Հիմա պիտի հանդիպեմ ու ասեմ` տեսա՜ր, բա որ ասում էի մի քիչ իրատես եղիր, իդեալիստ բարեկամս։ Բայց, դե, էլի կասես, որ ճիշտը դու ես։ Բա, իհարկե, ճիշտը դու ես։ Բայց եթե միայն դու ես ճիշտը, այ հոգիս, էլ ո՞վ պիտի քեզ հասկանա, հասկանա ու գնահատի, այ իդեալիստ բարեկամս։ Իսկ, այ, տեսա՜ր, քեզ թոշակի ուղարկած նախարարիդ մերձավորները (գիտնականական մասը) ինչպես վարվեցին։ Իրատեսորեն։ Ազգիս ամենատղամարդ, հարգանք վայելող, «լեզվանի», այսօր արդեն երջանկահիշատակ գիտնականը լռեց... Դստեր «խաթեր» համար։ Լռեց, որ չխանգարի դստեր կարիերային։ Չե՜մ մեղադրում։ Եվ ողորմի իրեն։ Բայց, միևնույն է, լռեց զավակի «խաթեր», այլ թեմաներ ընտրեց գրելու։ Նաև մե՜ծ զոհաբերություն էր իր բնավորության տեր մարդու և երդվյալ ուղղախոսի համար։
Իսկ դո՞ւ, իդեալիստ ընկերս, եզակի ու ամենապարկեշտ... Ոչի՜նչ, զբաղմունք է՜լ կգտնես, մխիթարություն է՜լ։ Փոխարենը հայրենական գրականագիտությունը մեկ աշխատություն ավելի կունենա...


Ֆելիքս ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Հ. Գ.- Տխո՞ւր ստացվեց։ Տխո՛ւր ստացվեց։ Բայց խոսքս ուրախ բանի մասին չէր էլ։ Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր, նշանավոր հայագետ, հայր Լևոն Զեքեյանն այս առիթով մրմնջացել է. «Ե՞րբ պիտի մենք դադարեցնենք մեր ինքնաոչնչացումը»։

Դիտվել է՝ 5249

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ