Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«ԲԱՅՑ ԵՍ ՔԵԶ ՄԱ՛Հ, ԻՍԿ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈ՛ՒՆ ԵՄ ԿՌՈՒՄ...»

«ԲԱՅՑ ԵՍ ՔԵԶ ՄԱ՛Հ, ԻՍԿ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈ՛ՒՆ ԵՄ ԿՌՈՒՄ...»
27.09.2011 | 00:00

«Երկրորդ համաշխարհային պատերազմը բռնկեց այն պատճառով, որ մարդկությունը մոռացավ Առաջին համաշխարհայինը»:
Էռնեստ Հեմինգուեյ

«Մարդի՛կ, զգո՛ն եղեք… Ֆաշիզմը դեռ կա: Ֆաշիզմը դեռ շրջում է աշխարհում…»:
Ընթերցողի սեղանին է ՄՆԱՑԱԿԱՆ ԹԱՐՅԱՆԻ (1920-1999) «ԵՐԿՈՒՍԸ ԴԺՈԽՔՈՒՄ» գիրքը, ուր զետեղված են հեղինակի անտիպ գրական ժառանգությունից ընտրված` համանուն վերնագրով հուշագրական վիպակը և «Արյունոտ հացը» խորագրով պատմվածաշարը: Գիրքը պատերազմի ու խաղաղության մասին է: Միլիոնավոր մարդկային կյանքեր խլած Հայրենական մեծ պատերազմի մասին, որը խեղել է միլիոնավոր մարդկային ճակատագրեր, չի խնայել նաև իրեն` հեղինակին:
«Երկուսը դժոխքում» խորագրով գիրքը հրատարակվել է վաստակաշատ գրողի ծննդյան 90-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 65-ամյա հոբելյանի առթիվ: Մնացական Թարյանը հակապատերազմական թեմայով գրված մի շարք գրքերի հեղինակ է: Գրել և հրատարակել է գերիների կյանքին վերաբերող պատմվածքներ: Նրա բանաստեղծություններից շատերը ծնվել են «ռազմաճակատային խոնավ խրամատներում», «տանկի նեղլիկ խցում», «գերության մարդակեր փշալարերի ներսում, մատնիչ աչքերից թաքուն»:
«Պատերազմն ինձ` 1940 թվականից Լվովի տանկային գվարդիական զորամասում ծառայող կադրային տանկիստիս, կյանքին ու մարդուն սիրահարված բանաստեղծիս, կռվի հենց առաջին օրվանից նետեց մարտի մեջ, մարդկային կյանքեր լափող, հոգեկործան կրակների մեջ, որն ինձնից խլեց իմ ծաղկուն երիտասարդությունը, նախկին ֆուտբոլիստիս պողպատյա առողջությունը, երիտասարդական վառվռուն երազանքներս ու հոգուս անդորրը…»:
Այնուհետև Մնացական Թարյանը 1942-ի մայիսի 27-ին Խարկովի ազատագրման համար մղվող մարտերից մեկում` վիրավոր և կոնտուզիահար, աչքերը բաց էր անելու գերության մեջ… «Շրջելու» էր Ժիտոմիրի, Սլավուտայի (ՈՒկրաինա), Սելդցեի (Լեհաստան), Ֆիլինֆիլդի, Հովելհոֆի, Ֆելինգպոստելի, ապա Լյուշեի (Գերմանիա) համակենտրոնացման ճամբարներում` «մահվան ֆաբրիկաներում», որտեղ տանջվում ու խոշտանգվում էին Խորհրդային Միությունից և եվրոպական երկրներից այդ ճամբարները քշված բազմահազար ռազմագերիները:
«Հերոսներից շատերի մեջ այս կամ այն չափով ես եմ. նրանց ապրածն ու տեսածն իմն են, իսկ պատմվող դեպքերն ու իրադարձությունները` իրական»,- խոստովանում է գրողը:
«1967-ին մեկնեցի Ժիտոմիր` նպատակ ունենալով տեսնելու ճամբարային նախկին տեղանքը,- գրում է նա:- Համակենտրոնացման ճամբարից ոչ մի հետք չէր մնացել. տարածությունը ծածկված էր ծառ ու ծաղկով: Միայն նախկին մուտքի մոտ գերու մի բրոնզաձույլ արձան էր կանգնեցված` բռունցքը վեր պարզած, որպես բողոք: Իսկ քիչ հեռվում, ուր թաղված էին հազարավոր գնդակահարված գերիներ, կանգնեցված էր մի հուշասյուն, վրան` վեր խոյացած մի բռունցք, ափի մեջ` մի կտոր փշալար…
Կանգնել էի գլխահակ ու տխուր, սիրտս` ալեկոծ, ձեռքերս` ակամա բռունցքված։ Մտովի աչքերիս առջևով կինոժապավենի նման անցնում էին խեղճ ու կիսամերկ, հյուծված ու ոսկրացած բազմահազար գերիների պատկերները, գերիներ, ովքեր դեռ ապրում էին փրկության հույսով։ Այո՛, հույսն էր ապրեցնում։
Այն ահեղ օրերից անցել է արդեն ավելի քան քառասուն տարի, և ես ամենից շատ եմ դողում անասելի թանկ գնով մեր ձեռք բերած խաղաղության վրա: Կյանքը, որ ես այսօր ապրում եմ ու ստեղծագործում, գտնված է ինձ համար»:
Այս գիրքը միայն հուշագիր չէ, այն զրույց է ընթերցողի, սերունդների հետ: Բարձրաձայն կոչ է` ուղղված աշխարհին: Հոգու ճիչ, որ վետերանը, գրողը, բանաստեղծը չէր կարող չպատմել աշխարհին: «Իմ դահճին» բանաստեղծության մեջ, մահվանն այդքան մոտ, նա պիտի ասեր.
«Բայց ես քեզ մա՛հ, իսկ ինձ համար
ազատությո՛ւն եմ կռում…»:
«Բոլորս էլ ուզում էինք ապրել»: Պարզ ասված այս հինգ հատիկ բառի մեջ այնքա՜ն ցավ կա։
Մահվան ու կյանքի սահմանագծում կյանքը տարօրինակ կերպ է ստանում: Մեկը մի բոքոն հացի համար գեստապոներին է բաշխում հայրենակիցների կյանքը, մյուսը իր կյանքը բաշխում է ավելի երիտասարդին: Մարդկային կյանքը մաթեմատիկական պարզ հաշվարկի է վերածվում: Տասից մեկը սպանվում է:
«Դատաստան պիտի տեսնեն» խոսքերն իսկույն բերանից բերան անցան: Գերիներն սկսեցին անհանգստանալ: Նրանք միմյանց մեջ էին բաժանում` ով ինչ հոգեպահուստ ուներ: Իսկ նրանց ունեցածը շաքարի ճակնդեղի մի կտոր էր, թել ու ասեղ, արևածաղկի սերմ, ծխելու մի բան։
« Թեև բոլորն էլ ուզում էին ապրել….»:
Այս գրքում ամեն մի տողը մի աշխարհ է, մի պատմություն, պատերազմ։ Մեկնաբանությունները, սկիզբն ու վերջը, պատումի ձևն ու բովանդակությունը նույնիսկ էական էլ չեն:
«Աշնանային առավոտը տխուր էր մեր սրտերի պես: Ամպամած երկինքն իր նոթերը կախել էր ճամբարի վրա և քիչ էր մնում փղձկար»:
«Կիրակին ներկվեց անմեղ նահատակների արյամբ։
Արեգակը, ցնցված այդ տեսարանից, մտավ մոտակա ամպի տակ: Օրը հետզհետե սկսեց մթագնել, և շուտով անձրև տեղաց։ Մայր բնությունը սգում էր»:
«Ֆաշիստական Գերմանիա: Ֆելինգպոստելի մահվան ճամբար: Սով է»:
«Պատի ժամացույցը վաղուց էր կանգնած. ճիշտ և ճիշտ այն օրվանից, երբ հայր ու որդի միասին մեկնեցին պատերազմի դաշտ: Այդ օրվանից Գայանե մայրիկի ձեռքը այլևս չբարձրացավ ժամացույցը լարելու համար»:
«Քիչ հետո մայրը տուն եկավ։ Սպանված էր որդին` զույգ թաթիկներով գլոբուսը գրկած, ասես ուզում էր վերահաս վտանգից փրկել այդ փոքրացված երկրագունդը: Մինչդեռ գլոբուսն էլ էր մի քանի տեղից ծակծկվել։ Մարդասպանների տված հացի կտորը, որն ընկած էր երեխայի արյան մեջ, ներկվել էր կարմիր»: «Արյունոտ հաց» վերնագրով այս պատմվածքում փոքրիկ տղան թշնամու նետած մի կտոր հացի դիմաց ասում է ճշմարտությունը: Մայրը գնացել է հաց գտնելու իր համար: Հայրը «գնացել է ֆաշիստներին սպանի, ձե՛զ սպանի»,- ասում է փոքրիկը:
«Հաց և խիղճ» պատմվածքը դարձյալ մի կտոր հացի մասին է: ՈՒրիշի կորցրած հացաբաժնի:
«Տխուր ու մորմոքող մարդիկ շատ կային, մեկն իր ընտանիքն էր հիշել, փոքրիկ երեխաներին, մյուսը ծնողներին էր մտաբերել, ոմանք` իրենց սիրած աղջիկներին, ոմանք էլ, որ հարազատ-արյունակիցներ ունեին ռազմաճակատներում, նրանց ճակատագրով էին անհանգստանում։ Բայց չկար մեկը, որ հիշեր կամ մեկ ուրիշին պատմեր իր կորցրած հացաբաժնի մասին»,- մտորում է պատումի հերոսը, ով այդպես էլ չի գտնում իր հացը կորցրած անփույթ բախտակցին: «Եվ թվում էր ինձ, որ ես իմ գտած այդ հարյուր գրամ թեփահացի հետ ամո՛թ էի կուլ տալիս, խի՛ղճ էի կուլ տալիս, արցո՛ւնք էի կուլ տալիս»:
«Անմոռաց փշալարեր»: Սա գրքի վերջին` ամփոփիչ պատմվածքն է: Առանց մեկնաբանության։
«Մի՞թե վերջնականապես անցել են քո ասպետական ժամանակները, կա՛նգ առ, Գերմանիա՛, տե՛ս` մինչև ո՛ւր ես գլորվել։ Այսքանից հետո դու ի վիճակի՞ ես նորանոր գյոթեներ ու շիլլերներ, նորանոր բեթհովեններ ու հայնեներ ծնելու, բազում ազնիվ և առաքինի մեծեր տալու աշխարհին ու մարդկությանը, կարո՞ղ ես վերստին քեզ վերադարձնել քո նախնիների բարի անունն ու ազնիվ համբավը։
Ավելի քան քառասուն տարի է անցել, բայց իմ ականջներում տակավին հնչում է ֆաշիստ մարդասպանների երկաթագամ սապոգների համաչափ դոփյունի ձայնը։
Մարդի՛կ, զգո՛ն եղեք։ Ֆաշիզմը դեռ կա: Ֆաշիզմը դեռ շրջում է աշխարհում»։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2766

Մեկնաբանություններ