«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Շարունակում ենք մերժել հակահայ դասագիրքը

Շարունակում ենք մերժել հակահայ դասագիրքը
22.10.2023 | 19:25

Հայոց պատմության դասագրքի խեղաթյուրված բնույթի մասին խոսվում է արդեն տասն օրից ավելի: Հիմա այն արդեն հայտնվել է դպրոցներում և բազմաթիվ նվիրյալ մանկավարժների շրջանում բարձրացրել պայքարի ալիք: Երեկվանից Լիլիթ Շարբաթյանը` «Խատուտիկ էթնիկ կենտրոնի» ղեկավարը, նախաձեռնել է ֆլեշմոբ, որպեսզի պայքարենք ու սույն դասագիրքը դուրս բերենք բոլոր դպրոցներից:

Պատմությունը, հայագիտությունը մեր ազգային գոյության սյուներից են, որոնց պահպանությունը ապագայում պիտի դարձնենք մեր երկրի ռազմավարական գերակա ուղղություններից մեկը, երբ ձևավորենք իսկապես ազգային իշխանություններ: Որպես հայագիտության և մշակույթի ոլորտը լուսաբանող լրագրող ՝ միանում եմ ֆլեշմոբին և բազմաթիվ ուսուցիչների սկսած պայքարին: Դասագրքում խեղաթյուրված է Հայոց պատմությունը, կան բազմաթիվ, վստահ եմ, ամենևին էլ ոչ պատահական վրիպումներ ու բացթողումներ: Դրանց արձագանքեցին մեր պատմահնագիտության ոլորտի մասնագետ, գիտաշխատողները:

Խեղաթյուրումներ կան անգամ թեմատիկ գլուխների վերնագրերում: Գրված է՝

«Երվանդյան Հայաստան» , այլ ոչ թե` «Հայաստանը Երվանդունիների օրոք»։

Հաջորդ օրինակը. «Արտաշեսյան Հայաստան», այլ ոչ թե` «Հայաստանը Արտաշեսյանների դինաստիայի օրոք»։

Եվ այսպես շարունակ: Կարելի է կարծել խոսքը նոր-նոր ձևավորվող հայկական ցեղային միությունների մասին է, և ոչ թե Հայկական լեռնաշխարհում արդեն գոյություն ունեցող հայկական պետականության։

Այս գիրքը անգամ այսօրվա 7-րդ դասարանցին չպիտի իր ձեռքն առնի, ուր մնաց թե, ասենք, եղբորս 2-րդ դասարանցի երեխան` հինգ տարի հետո և իրենից հետո հաջորդ սերունդը:

Սա պատահական չէ, և հենց պատերազմից առաջ էին որոշել դասագրքեր ստեղծել «նոր չափորոշիչներով»:

Հայ երեխաների դասագրքերի չափանիշ մեզ կարող են թելադրել միայն մեր անցյալի մեծերը, որոնց գծած ճանապարհով քայլում են բազմաթիվ նվիրյալ պատմաբաններ, որոնց թվում՝ ինձ դասավանդած դասախոսները:

Հայոց պատմությունը խեղաթյուրող թշնամիների պակաս առանց այդ էլ պատմության ընթացքում չենք ունեցել: Չկա: Եվ հայ երեխան պիտի մեծանա որպես իր ազգի պատմության զինվոր: Հայոց պատմության դասագիրք ասելով՝ հասկանում ենք , օրինակ , ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի հեղինակած «Հայոց պատմություն» դպրոցական դասագրքի առաջին գիրքը, որը ներկայացրել է Հին Հայաստանի պատմության դարաշրջանը, որով սովորել է նաև իմ սերունդը:

Հայոց պատմության ճիշտ ու իրական դասագիրքը, սերունդ ձևավորող այդ մատյանը մեր սուրն է՝ընդդեմ մեր թշնամիների: Եվ մենք ունե՛նք այն հրաշալի գիտնականներին, ովքեր կգրեն ճիշտ դասագիրք՝ մեր պատմության բոլոր դարաշրջաններով՝սկսած Հայկական լեռնաշխարհի մասին պատմող առաջին դասից, որտեղ հայ ազգը տեղաբնիկ է և այստե՛ղ էլ ձևավորվել ու անցել է իր հազարամյակների ճանապարհը:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3143

Մեկնաբանություններ