ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Համառոտ անդրադարձ պատմությունը կեղծելու մասին պնդումներին

Համառոտ անդրադարձ պատմությունը կեղծելու մասին պնդումներին
21.04.2023 | 20:10

(սկիզբը` այստեղ)

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՌԱՋԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

1917 թվականի հունիսին Պետրոգրադում տեղի ունեցած համառուստաստանյան սովետների առաջին համագումարում Լենինը առաջարկել է Հայաստանին տալ անկախություն։

Արևմտյան երկրների շատ ղեկավարներ հայ ժողովրդին տվել են բազմաթիվ խոստումներ, բայց նրանից ոչ մեկը չի խոսել Հայաստանին անկախություն տալու մասին։ Նույնիսկ, Դաշնակցությունը Հայաստանի անկախության մասին մինչև 1918 թվականի մայիսի 28-ը ոչինչ չի խոսել։

Այսպիսով, Լենինը եղել է Հայաստանին անկախությունը հռչակելու մասին առաջին խոշոր քաղաքական և պետական գործիչը։

«ԹՈՒՐՔԱՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ԺՈՂԿՈՄՍՈՎԵՏԻ ԴԵԿՐԵՏԸ

1917 թվականի դեկտեմբերի 31-ին Լենինի առաջարկությամբ ընդունվել է Սովետական Ռուսաստանի ժողկոմսովետի դեկրետը՝Թուրքահայաստանի մասին։ Այդ դեկրետով հռչակվում էր Թուրքահայաստանի անկախությունը։

Դեկրետի իրագործումը դրվել է Ստեփան Շահումյանի վրա։

1918 թվականի հունվարին Լենինի առաջարկությամբ Թուրքահայաստանի մասին դեկրետը մտցվել է Սովետական Ռուսաստանի առաջին սահմանադրության մեջ և ստացել է սահմանադրական օրենքի ուժ։

Սակայն,Անդրկովկասում տիրապետող վրացի մենշևիկները, ադրբեջանցի մուսաֆատականները և նրանց միացած դաշնակցությունը գործադրեցին բոլոր միջոցները և խանգարեցին Ստեփան Շահումյանին դեկրետը իրագործելու համար։

Ավելին, դաշնակցության երևելի անդամ Սիմոն Վրացյանը դեկրետը համարել է թյուրիմացություն, իսկ Արշակ Ահարոնյանը համարել է խեղկատակություն։

Հետաքրքիր է նշել,որ 1917 թվականի հոկտեմբերին Լենինն իր գրած << Հաշտության մասին>> դեկրետում պահանջում էր գրավված տարածքներից բոլոր զորքերը դուրս բերել։ Սակայն, ընդառաջելով Պռոշ Պռոշյանի առաջարկությանը՝ բացառության կարգով համաձայնվել է,որպեսզի ռուսական զորքերը մնան Արևմտյան Հայաստանում, որոնց ներկայությամբ միայն հնարավոր կլիներ իրագործել ժողկոմսովետի դեկրետը։

ՎԱՆԸ, ՄՈՒՇԸ ԵՎ ԲԻԹԼԻՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ

1920 թվականի ամռանը Հայաստանի Հանրապետության՝ Լևոնի Շանթի գլխավորած պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ Սովետական Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմ Չիչերինը, Լենինի համաձայնությամբ,հայտնել է, որ Սովետական Ռուսաստանը պատրաստ է Թուրքիայի հետ բանակցություններ վարելու միջոցով Հայաստանին վերադարձնել Վանը, Մուշը և Բիթլիսը։

Լևոն Շանթը չի համաձայնվել՝ պահանջելով Հայաստանին վերադարձնել ամբողջ Արևմտյան Հայաստանը։

Իհարկե, այդ պահանջի կատարումը վեր էր Սովետական Ռուսաստանի ուժերից և բանակցությունները ընդհատվել են՝ հետագայում Երևանում շարունակելու մտադրությամբ։

Պետք է ասել, որ վերոհիշյալ տարածքները Սովետական Ռուսաստանը հնարավոր էր համարում վերադարձնել Հայաստանին՝նկատի ունենալով, որ այդ ժամանակ քեմալական Թուրքիան մեծապես զգում էր Սովետական Ռուսաստանի օգնության կարիքը։

Քեմալական Թուրքիան ռազմական գործողություններ էր վարում Անտանտի երկրների դեմ, որոնք Սովետական Ռուսաստանի նկատմամբ սկսել էին ռազմական ինտերվենցիա։ Եվ այդ պատճառով էլ Սովետական Ռուսաստանը Թուրքիային ցույց էր տալիս ռազմական օգնություն։


ԼԵՆԻՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՄՈՒՍՏԱՖԱ ՔԵՄԱԼԻՆ

1920 թվականի սեպտեմբերի վերջին քեմալական Թուրքիան հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Երբ ստացվել է այդ լուրը, Լենինը Թուրքիայի սանձազերծած պատերազմը Հայաստանի դեմ անվանել է ագրեսիա և հանձնարարել է դադարեցնել Թուրքիային ցույց տրվող ռազմական օգնությունը։ Այդ հանձնարարությունը կատարվել է անմիջապես։

Մուստաֆա Քեմալը Թուրքիայի ազգային մեծ ժողովում ունեցած ելույթում նշել է, որ ռուսական բոլշևիզմի գաղափարախոսությունը իրենց համար խորթ է և չի կարող Թուրքիայի հողի վրա գոյություն ունենալ։ Մուստաֆա Քեմալի այս հայտարարությանը ծանոթ էր Լենինը և իր ունեցած ելույթում պատասխանելով դրան՝ քեմալականներին անվանել է օկտյաբրիստներ և կադետներ,այսինքն՝ռուսական հեղափոխության թշնամիներ։

Հետևապես, անհիմն են այն պնդումները, թե Լենինը Քեմալի հետ բարեկամություն է հաստատել։


ԼԵՆԻՆԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանում Սովետական իշխանության հաստատումից հետո՝1920 թվականի դեկտեմբերի 6-ին, Սովետական Ռուսաստանի ներկայացուցիչ Շալվա էլիավային Լենինի հանձնարարությամբ տրվել է առաջադրանք․ Քեմալին հայտնել,որ առաջիկա բանակցությունների ժամանակ դրվելու է պահանջ՝ Վանը, Մուշը և Բիթլիսը Հայաստանին հանձնելու մասին։

(շարունակելի)

Վլադիմիր ՊԵՏՐՈՍՅԱՆ

Պատմաբան,

պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր

Դիտվել է՝ 3445

Մեկնաբանություններ