ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հոգածությունից դուրս մնացած Հոռոմայրի Սուրբ Նշան վանքային համալիրը

Հոգածությունից դուրս մնացած Հոռոմայրի Սուրբ Նշան վանքային համալիրը
14.09.2012 | 11:42

Լուրեր են շրջանառվում, որ Հոռոմայրի Սուրբ Նշան վանական համալիրի տարածքում գտնվող եզակի տապանաքարերի մի մասը ժամանակի ընթացքում հողի տակ է անցել, փոխարենը հայտնվել են նոր գերեզմաններ, և չվերահսկելու դեպքում տարածքը կարող է դառնալ գերեզմանատեղի:

Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը տեղեկացրեց, որ Հոռոմայրի Սբ. Նշան վանական համալիրի վերին հուշարձանախմբի տարածքում Ադամյանների տոհմական գերեզմաններն են, այնտեղ առայսօր նրանց ժառանգներն են հուղարկավորվում: «Ադամյանների գերդաստանն այնքան մեծ չէ, որ գերեզմանատեղի վերածվելու վտանգ լինի: Կարելի է նրանց խնդրել, որ նոր գերեզմանները հների նման տապանաքարեր ունենան, և ցանկապատեր կամ կանգուն տապանաքարեր չլինեն»,- ասաց Օձունի հոգևոր հովիվը` ընդգծելով, որ ուշադրության և վերանորոգման կարիք ունի ոչ թե գերեզմանոցը, այլ եկեղեցին:
Նշենք, որ «Օձունի վերածնունդ» ծրագիրը նախատեսում է պատմամշակութային հուշարձանների վերանորոգում: Հոռոմայրի Սուրբ Նշան վանական համալիրը կարծես թե տեղ չի գտել այս ցանկում:
Համալիրի վերին և ներքին հուշարձանախումբը անմխիթար վիճակում է, շատ շինություններ փլուզման եզրին են: Տեր Վրթանեսի խոսքով` լավ կլիներ, որ Հոռոմայրի Սուրբ Նշանը նույնպես վերականգնվեր:
Վերականգնող ճարտարապետ Ստեփան Նալբանդյանն իր հերթին հավելեց, որ նման պատմական տարածքը երբեք չի ուսումնասիրվել, երբեք հնագիտական և պեղման աշխատանքներ չեն կատարվել: Նրա խոսքով` ամեն ինչ արվել է մակերեսորեն: Մինչդեռ այն լուրջ գիտական, պատմական և պատմամշակութային արժեք է ներկայացնում մեր անցյալի և ներկայի համար:
Հոռոմայրի վանքային համալիրը միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական կենտրոններից էր (հիշատակվում է VII դարից): Գտնվում է Լոռու մարզի Օձուն գյուղից հարավ-արևելք: Վանքը կազմված է շինությունների երկու խմբից` տեղադրված Դեբեդ գետի ձախ ձորալանջին և սարահարթի վրա: Առաջին խմբի գլխավոր Ս. Նշան միանավ թաղածածկ եկեղեցին 1187-ին կառուցել են Զաքարե և Իվանե սպասալարները, բազալտե սրբատաշ քարից: Միակ` հյուսիսային մուտքի ճակատակալ քարին Հիսուսի շքեղ բարձրաքանդակն է, իսկ դռան կողքերին` Միքայել և Գաբրիել հրեշտակապետերն ամբողջ հասակով: Տանիքի զանգակատունը կառուցվել է 1290-ին: Ս. Նշան եկեղեցուն կից է վանքի երկրորդ` նույնպես միանավ եկեղեցին, որի կողքին 1201-ին կառուցվել է փոքրիկ մատուռ: Համալիրի հյուսիսում, քառակուսի հատակագծով, ոչ մեծ աբսիդով ժամատունն է (1301 թ.), որից քիչ հեռու պահպանվել են Ս. Առաքյալ մատուռի (1216 թ.) ավերակները: Համալիրի շուրջը վանքի գերեզմանատունն է` 13-րդ դ. խաչքարերով ու տապանաքարերով: Սարահարթի կառույցների խմբում են երկու միանավ թաղածածկ եկեղեցիներ (1206 թ.) և նրանց միջև ու կից տեղադրված գավիթը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5589

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ