Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Լուրեր

Լուրեր
10.10.2008 | 00:00

Այստեղ, այլուր և ամենուր
Հայաստանյան բիզնես-վերնախավին մերձ մեր աղբյուրի հավաստմամբ՝ բավականին աննորմալ իրավիճակ է ստեղծվել հանրապետության առևտրատնտեսական դաշտում՝ ավելորդ անգամ վերահաստատելով հիմնականում մենաշնորհային այս ոլորտի կլանաօլիգարխիկ բնույթը։ Փաստորեն, ո՛ր խոշոր բիզնես-ծրագիրն էլ շուռումուռ ես տալիս, էքսնախագահ Քոչարյանի «ականջներն» են մատնում տիրոջ մշտարթուն փայատիրական ներկայության մասին։ Եվ սա այն դեպքում, երբ տնտեսական բարեփոխումների պետական ծրագիր իրականացնելու մտադրություն ունեցող Սերժ Սարգսյանի մերձավորագույն բիզնես-շրջապատում ճրագի լույսով պետք է փնտրել վստահելի մարդկանց, մյուսները (հիմնականում խոշոր «գիշանգղեր») շարունակում են հավատարմորեն ծառայել Քոչարյանին։ Երկու տիրոջ նոքյարների ծառայամիտ այս տեսակն է նկատի ունեցել, թերևս, ամերիկացի տեսաբաններից մեկը, շատ դիպուկ նկատելով. «Պրեզիդենտի թիկունքում միշտ ինչ-որ մարդիկ են կանգնած, որոնց նա առջևում պիտի կանգնեցներ՝ մշտապես հսկողության տակ պահելու համար»։
Լ. ՄԱՐՏՈՅԱՆ

Սերս գաղտնի թող մնա
Կարեն Կարապետյանի՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո խորհրդարանի հանրապետական խմբակցության ղեկավարի թափուր մնացած պաշտոնը ոչ մի կերպ չի համալրվում։ ՀՀԿ շրջանակներից ստացված հավաստի տեղեկատվության համաձայն, անգամ կուսակցության ղեկավար դեմքերի նեղ շրջանակներին հայտնի չէ խմբակցության հավանական ղեկավարի անունը։ Գալուստ Սահակյանի, Սամվել Նիկոյանի և նույնիսկ Էդուարդ Շարմազանովի հաճախակի շրջանառվող անունները, հնարավոր է, իրականության հետ ոչ մի կապ չունենան։ Քանզի Սերժ Սարգսյանը, ի տարբերություն նախորդ երկու նախագահների, աշխատում է խիստ փակ տեղեկատվական ռեժիմով, և ՀՀԿ-ական վերնախավին անչափ հետաքրքրող հարցի կապակցությամբ նախագահականից որևէ արտահոսք չկա։ Ըստ այդմ, չի բացառվում, որ խմբակցության ապագա ղեկավարը լինի նախագահի կողմից առաջադրված շատ անսպասելի թեկնածու։

Նոր պետությո՞ւն
Հայաստանի կոմունիստական և սոցիալիստական սակավաթիվ, իսկ հաճախ էլ գործնականում չգործող կուսակցությունների մեջ լուրեր են շրջանառվում, որ Ռուսաստան-Բելառուս միութենական կազմավորման վերջնական ձևավորման հարցը լուծվելու է մոտ ապագայում։ Ըստ շրջանառվող լուրերի, միութենական նոր պետությունն ունենալու է միասնական անձնագիր և միասնական դրամական միավոր, իսկ այդ նոր միության հավանական նախագահ է դառնալու Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը։ Եվ ահա հայ կոմունիստներն ու սոցիալիստները ներքուստ մտմտում են հրատապ կարգով այս գործընթացի մեջ ընդգրկվելու մասին։ Երևի Մոսկվայից զանգել են։
Վ. ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

«Երիտները» փորձում են «ուտե՞լ» հնաբնակներին
Նախ՝ հոգևոր փոքրիկ գիտություն. ոչ բոլոր մեղքերն են, որ ներման են արժանանում: Եվ ապա` սրբություններին մոտենալու համար պետք է հոգևոր մեծ պատրաստվածություն ունենալ, արժանի լինել։ Հիշենք, երբ շարժվող սայլի վրայից ՈՒխտի Տապանակը թեքվել էր և ուր որ է ընկնելու էր, Ողիան ձեռքը մեկնեց, շտկեց Տապանակը, Ողիային Աստված չարաչար պատժեց, Ողիան մեռավ. իրավունք չուներ։
Սա՝ ի միջի այլոց և ի գիտություն:
Բարձր էներգիաների ոլորտից միանգամից անցում կատարենք դեպ հայոց խորհրդարան և հեռվից դիտենք իշխող կուսակցությանը (այն այլևս էպիդեմիկ գոտի է` կրքերի, ցածր դրսևորումների, իրար ուտելու առումով. հոգևոր գիտությունն այս դեպքում էլ խորհուրդ է տալիս շատ հեռվից դիտել):
Բացի նրանից, որ տեսակի պահպանման գոյապայքարում «երիտներն» այնտեղ «ուտում» են ծեր և հոգնած հնաբնակներին, կռիվ կա նաև ծերերի մեջ. Հովիկ Աբրահամյանը սրբագրում է Կարեն Կարապետյանին, վերջինս էլ` նրան:
Դը Գոլի ու Ռոբեսպիերի համեմատությունների մեջ ընկղմվելուց ազատ ժամերին Հովիկ Աբրահամյանը մի քիչ էլ զբաղված է ԱԺ դերակատարությունը բարձրացնելով ու հրովարտակել է` պատգամավորները նիստերի օրերին սաունա, կազինո (մանավանդ Ծաղկաձորում, ուր լինել ինքը ևս շատ է սիրում), «վետերոկները» կամ կենսական ներուժ ունեցող այլ հասարակական վայրերը պետք է թողնեն մի կողմ ու հայտնվեն ԱԺ դահլիճում: Ինչը բառացի նշանակում է` դատարկ դահլիճը Կարեն Կարապետյանի ոչ արդյունավետ աշխատանքի արդյունք էր: Սա ոնց որ ջղայնացրել է Կարեն Կարապետյանին, նա էլ իր հերթին հավաքել է նախագահի աշխատակազմին ու հորդորել գործի գալ ժամը իննին, գնալ վեցին, ինչպես նաև` չչարաշահել պաշտոնեական դիրքը: Ինչն էլ իր հերթին բառացի նշանակում է, որ այդ «մշակույթի» համար մեղավոր է նաև վեց ամիս նախագահի աշխատակազմի ղեկավար աշխատած Հ. Աբրահամյանը: Այս և մնացյալ մեղքերը քավելու, թողություն ստանալու համար, ինչպես տեղյակ եք, Հովհաննես Ա-ն որոշել է նախագահականից խորհրդարան ընկած ճամփին եկեղեցի կառուցել (հիշենք, որ ոչ բոլոր մեղքերն են ներվում): Հոգու կատարելագործման, բարձր էներգիայի ոլորտում մղվող այս պայքարին ի պատասխան, ըստ ամենայնի, Կ. Կարապետյանին այլ բան չի մնում, քան` նախագահականի աշխատակազմի համար ծոմապահություն հայտարարել, ապաշխարության միամսյակներ անցկացնել, ապացուցելով, որ տաճարը նախ և առաջ պետք է կառուցել հոգու ներսում, սեփական անձի մեջ:
Չնայած, եթե ուշադիր նայում ես, Կ. Կարապետյանը մեծ կիքս է թույլ տվել: Տարընթերցումն առնչվում է անձամբ Սերժ Սարգսյանին: Առավել ստույգ` ժողովրդին ուղղված նրա ուղերձին, ուր սևով սպիտակի վրա արձանագրեց` հարցնել իր «աշխատակազմին, թե վերջին մեկ տարվա ընթացքում քանի օր են հնարավորություն ունեցել տանն անցկացնելու կամ միջինը օրական քանի ժամ են քնել»։
Կ. ԴԱՎԹՅԱՆ

Գայթաքարը
ՀՀԿ ֆրակցիայի նախագահի պաշտոնը դարձավ այն գայթաքարը, որի վրա կուսակցությունն ավարտեց իր մուտացիոն գործընթացը, որը սկսվել էր Աշոտ Նավասարդյանի մահից հետո:
Կարելի էր կարծել, թե Տիգրան Թորոսյանին խաղից հանելուց հետո այլևս հնարավոր չէ իջեցնել այս կուսակցության նիշը, բայց պարզվում է՝ «հոգատար» մի ձեռք դեռ հոգում է այդ մասին. այնտեղ հներից մնացել էին հիմնականում Գալուստ Սահակյանն ու Սամվել Նիկոյանը։ Նիկոյանին մարտի մեկի հանձնաժողովով կջարդեն, իսկ Գ. Սահակյանի գլխին եկածն արդեն ցանկացած մանկապարտեզական գիտի:
Ընդ որում, պարզվում է` երիտհանրապետականների մեջ նույնպես ցեց է ընկել. Էդիկ Շարմազանովը, որն Արման Սահակյանի «քիփ» ընկերն է եղել, Գրիգորիչի ճնշումը բարձրացած օրերին հանդիպել է Արմանին, գրեթե «լացակումած» ասել` «ապեր, ախր ես չեմ ուզում (գցիր ձորը- հեղ.) դառնալ ֆրակցիայի նախագահ, հեչ չեմ ուզում. ախր ես ո՞նց կարող եմ Գալուստ Գրիգորիչի ու քո դեմ դուրս գալ, ես ո՞նց կարող եմ մոռանալ, որ կայացել-մարդ եմ դարձել (՞) Գրիգորիչի ձեռի տակ»:
Ոչինչ, կմեծանաս, կմոռանաս, կարծում են բոլորը:
Իսկ ընդհանրապես, ՀՀԿ-ում բոլորն էլ մոռացման «ասեր» են. այդ պատճառով էլ այսօր հատուցում են դրա դիմաց:
Ի դեպ, օրերս փոփոխություն է տեղի ունեցել առ Շարմազանով Հովիկ Աբրահամյանի օրակարգում. ինչ-որ մեկը «բիթի» է գցել Հովհաննես Ա-ին, որ Շարմազանովի գլխին առանձնապես պետք չէ ֆրակցիոն վեղար դնել, նա ավելի շուտ Կարեն Կարապետյանին է ծառայելու (ըստ հավաստի աղբյուրների` Շարմազանովն ամեն րոպե զանգում է վերջինիս, ամեն բան «զեկուցում»), քան իրեն։ Հովհաննես Ա-ն փոշմանել է:
Կ. ԴԱՎԹՅԱՆ

Զգուշավոր զբաղմունք
Վերջին շրջանում Ռուսաստանի քաղաքական վերնախավի ներկայացուցիչներն առավել հաճախ են անդրադառնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Երեկ այս խնդրին է անդրադարձել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը` պատասխանելով այն հարցին, թե որքանով է նպատակահարմար Ադրբեջանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ում ղարաբաղյան հակամարտության քննարկումը: «Դա ավելի շատ քարոզչական միավորներ ձեռք բերելու, այլ ոչ թե իրական առաջընթացի նպատակ է հետապնդում: Եթե կողմերը չեն կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. չորս բանաձևերի բառացիորեն ոչ մի պահանջ, բացի հրադադարից, ապա միամիտ կլիներ ակնկալել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի զուտ խորհրդատվական և ավելի շատ ձևական բնույթ կրող բանաձևերի կատարումը: ՄԱԿ-ի ԱԽ-ն միայն էական առաջընթացի դեպքում կկարողանա կրկին զբաղվել ԼՂ-ի խնդրով, այն էլ՝ մեծ զգուշավորությամբ»,- ընդգծել է Կազիմիրովը:

Վրաստանն այլևս ԱՊՀ անդամ չէ
Բիշքեկում ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել Վրաստանի անդամակցությունը կազմակերպությանը: Երեկ այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ինչպես վկայակոչում է «Ազատություն» ռ/կ-ն, Լավրովը հստակեցրել է, որ Վրաստանի անդամակցությունը կդադարեցվի 2009 թ. օգոստոսին: «Դա ինքնիշխան որոշում է, սակայն կարելի է ափսոսանք հայտնել, քանի որ ԱՊՀ-ում համագործակցությունից շահում են բոլորը: ԱՊՀ-ին Վրաստանի անդամակցության դադարեցումից բացասական հետևանքներ չեմ տեսնում, քանի որ Վրաստանի մասնակցությունը վերջին ժամանակներս հազիվ թե նպատակաուղղված էր ԱՊՀ-ի համախմբմանը»:
Հավելենք, որ դեռևս օգոստոսի 18-ին Վրաստանը ԱՊՀ հանձնաժողովին էր ներկայացրել համապատասխան հայտագիր` տեղեկացնելով, որ ցանկանում է դուրս գալ կազմակերպությունից:
Ռ. Խ.

Իսկ նրանք գնում են Բուդապեշտ
Մինչ ռուսական առանձին լրատվամիջոցներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ և նույնիսկ դիվանագետներ կաշվից դուրս են գալիս ռուս-ադրբեջանական բարեկամության նոր հիմքեր հաստատելու համար՝ հեռանկարում Բաքվին խոստանալով «վերադարձնել» ԼՂՀ-ն, Ադրբեջանի վերնախավն ու ղեկավարությունն արդեն որոշել են իրենց անելիքը, և դա բոլորովին էլ Ռուսաստանի հետ բարեկամությունը չէ։
Մասնավորապես, երեկ Բուդապեշտում բացվեց ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական գագաթաժողովը։ Հյուսիսատլանտյան դաշինքի 29 պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ այդ գագաթաժողովին մասնակցելու են մեկնել Ալբանիայի, Մակեդոնիայի, ՈՒկրաինայի, Վրաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարները։ Քննարկման առարկա են դառնալու ՆԱՏՕ-ի ընթացիկ հարցերը, խաղաղապահ զորախմբերի վիճակը Կոսովոյում և Աֆղանստանում։ Ի դեպ, նախատեսվում է ՆԱՏՕ-ի զորակազմի ընդլայնում այդ երկրում։ Գագաթաժողովի վերջին օրը տեղի է ունենալու Վրաստան-ՆԱՏՕ հատուկ հանձնաժողովի նիստը, ուր քննարկման առարկա կդառնան Հյուսիսատլանտյան դաշինքի գործունեության ձևերը Վրաստանում։

Բրայզան համաձայն է Լավրովի հետ և համաձայն չէ
Երեկ Բի-Բի-Սի ռադիոկայանին տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան համաձայնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն կարծիքին, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար մնացել են մանր պրոբլեմները։ «Կան միայն մի քանի պահեր կամ դրույթներ, որոնց վերաբերյալ որոշում պետք է կայացնել։ Դրանք բարդ հարցեր են, որոնք, որպես կանոն, քննարկվում են բանակցությունների ավարտական փուլում։ Բայց դրանք կարող են լուծվել միայն այն դեպքում, եթե երկու կողմերը բարի կամք դրսևորեն»,- հայտարարել է ամերիկացի համանախագահը։ Պնդելով, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հակված են հակամարտության արագ լուծման, Բրայզան միաժամանակ նշել է. «Մենք կարծում ենք, որ պետք է սկսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքից, իսկ հետո ներառել նաև այլ լրացուցիչ սկզբունքներ, որպեսզի բանակցություններն ավարտվեն փոխզիջումով, և ստորագրվի շրջանակային համաձայնագիր։ Մենք պետք է ասենք. շատ լավ, իրավական տեսանկյունից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մասն է։ Բայց, վերջիվերջո, որպեսզի բանակցությունները հանգեն համաձայնագրի, Հայաստանը նույնպես պետք է համաձայնի դրան։ Իսկ մենք գիտենք, որ Հայաստանն այլ դիրքորոշում ունի, ուստի պետք է օգտագործենք ստեղծագործական և շատ կառուցողական մոտեցումներ, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանն ընդհանուր լեզու գտնեն։ Դա հնարավոր է, որովհետև ինչ-որ աստիճանում մոտեցումներն արդեն համապատասխանում են»։ Այդքանից հետո ԱՄՆ-ի ներկայացուցիչ համանախագահը չի ժխտել, որ նախագահներից յուրաքանչյուրը, այնուհանդերձ, պաշտպանում է իր պետության դիրքորոշումը և մտահոգված է նրանով, թե որքանով է հնարավոր վստահություն տածել հակառակ կողմի նկատմամբ։ «Քայլ առ քայլ վստահության աստիճանը միմյանց նկատմամբ աճում է, և դա լավ է»,- հեռանկարի կապակցությամբ խուսափողական մեկնաբանություն է տվել Բրայզան։

Դիտվել է՝ 3534

Մեկնաբանություններ