ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ռազմաքաղաքական ուխտագնացություն դեպի հուշաբլուր

Ռազմաքաղաքական ուխտագնացություն դեպի հուշաբլուր
07.03.2024 | 22:43

Էլ ի՞նչ պսակ լուսե, էլ Գողգոթա

Ինչպես ելնես հոգիս, չարչարանքով հոժար-
Երբ չգիտես ինքդ էլ՝ Հիսուս ես, թե Հուդա․․․
Չարենց Եղիշե․ Բ․- Սոնետ անկշռելի
18-19․7․1936

ՆԱԽԵՐԳ
Արդ եկեք ելնենք կենաց-մահու շուրջայցի Ծիծեռնակաբերդում:
Եվ ուշի-ուշով տեղազննենք հուշաբլուրը՝ լայնքով և երկայնքով, հյուսիսից հարավ և արևմուտքից արևելք։
Եվ եթե այս դարակազմիկ շուրջայցը աննախադեպ մեկնարկի վարդասփյուռ այգաբացին, ապա իր վախճանին կհասնի կարկտաբեր մթնշաղին։
ՈՒ երբ դադրած մարմնով մենք կնստենք իրիկնահացի, գուցե հիշենք Տերյան Վահանի ուղերձը՝ քարագրված որդան կարմիր թանաքով՝

«․․․Մենակ պիտի դու ընդունես
Գողգոթան այս նոր․․․.»:
Եվ ահա ուշի-ուշով տեղազննում ենք հուշաբլուրը «Թուրանի կղզում» ուսներիս առած եղան, փոցխ, լինգ, բահ և բյուր աղբասայլակներ։
«Ինչու՞» կամ` «Հանուն ինչի՞» հարցերն ունեն թե՛ բանական և թե՛ բարոյական պատասխաններ, 1990-ի օգօստոսի 23-ից ի վեր հայոց գլխավոր սրբավայրը մատնվել է աղետալի անտերության։
Միով բանիվ 7 օր և 7 գիշեր անդադրում քաղհանենք տասնամյակներում կուտակված տարաբնույթ ապականությունը։

Ի մասնավորի՝ կենցաղային աղբը, տռփախեղված զույգերի այլասերումների մնացորդը, հրագործական տեսականու հուշապատումները և այլն։
Հակապետականության ջրերը «Թուրանի» ջրաղացին։
Հուշաբլուրը, ինչ խոսք, զոհասեղան է բարձրացվել։

Հիմնավորենք։
Նորանկախ Հայաստանի դիվահարված քաղաքական վերնակույտը խեղկատակային խանդավառությամբ բյուր ծառատուկեր էր կազմակերպում, որոնց տրվում էր համաքաղաքային, համապետական և համազգային նշանակություն։ Հերթական ծառատունկի տարեդարձը տարելից էր, զի ծառերն ու թփերը չէին ոռոգվում, մնում էին կարճատև անձրևների հույսին։

Այսօր հարդարուն և մաքուր են Մարզահամերգային համալիրի շրջակայքը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողը։

Համայն աշխարհից Երևան ժամանող աշխարհիկ և հոգևոր երևելիները, հավանաբար, ի խորոց սրտի, հիանում են 3-րդ Հանրապետության երևելիների վեհաշունչ ակնածանքով առ Հուշաբլուր։

Նրանց անտես են Հուշաբլուրի աղտեալի ավերածությունները։
Հուշաբլուրը այգաբացից մինչև կեսգիշեր հերկում են մարզական մոտոցիկլետներն ու ապագա վարորդները, իսկ Մարզահամերգային համալիրից քիչ հեռու բազմել է ինչ-որ ռեստորանային համալիր։
Բավարարվենք նկարագրումով, ընդամենը փաստագրելով զարհուրելի մի բան․ արդյոք հարևան Վրաստանում և Իրանում, Թուրքիայում ու Ադրբեջանում համազգային սրբավայրերը ենթարկվու՞մ են նման համակարգված ստորացման։

Ո՛չ։

Երիցս ո՛չ։
Եվ եթե հաշվի առնենք, որ գերտխրահռչակ և ցեղասպանային «Խաղաղության պայմանագիրն» իր ենթատքեստում պարունակում է հայոց ցեղասպանությունը հիշատակող ամեն բան, ապա ենթադրելի է, որ Ծիծեռնակաբերդի հուշաբլուրում կապամոնտաժվեն Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողը, իսկ Ցեղասպանության թանգարան ինստիտուտը կվերածվի թուրք և հայ ժողովուրդների անխախտ բարեկամության կենտրոնի։
Առայժմ փորձենք քաղաքակրթել հուշաբլուրը։

«ԹՈՒՐԱՆԻ» ԿՂԶՈՒՑ ՀԱՅՈՑ ՍՐԲԱՎԱՅՐ
Եվ այսպես գնդեր ենք կազմում և ուսներիս առնելով եղան ու փոցխ, լինգ ու բահ և բյուր աղբասայլակներ, մաքրազարդում ենք հուշաբլուրը, 7 օր և 7 գիշեր քավության գնալով և ժամ առ ժամ ապաշխարհելով։
Մաքրազարդումից հետո նախ Ծիծեռնակաբերդում կանցկացվեն թուջեձույլ ջրագծեր, լայնքով ու երկայնքով, հյուսիսից հարավ և արևմուտքից արևելք։
Այնուհետև կմեկնարկի համաքաղաքային, համապետական և համազգային ծառատունկը։
Երևանի քաղաքապետարանը կարո՞ղ է մասնակցել Հուշաբլուրի ապաթուրանացմանը։

Նշյալ հարցի պատասխանը սպասելի է մայրաքաղաքային ավագանուց։
Մյուս գնդերում մենք ենք, ՀՀ քաղաքացիներս, հայոց երկրի զավակներս: Չարենց Եղիշեի և Տերյան Վահանի քնարի իմաստության շահառուներս։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3793

Մեկնաբանություններ