ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Արցախը՝ դավադիր լռության, քաղաքական կավատության, եղկելի խարդավանքների առաջ

Արցախը՝ դավադիր լռության, քաղաքական կավատության, եղկելի խարդավանքների առաջ
13.09.2023 | 13:46

Եվրամիությունը, ԱՄՆ-ը, Թուրքիան, Վրաստանը, այլ երկրներ չեն ճանաչում Արցախի նախագահական ընտրության արդյունքները։

Հատկապես ցավ է պատճառում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դիրքորոշումը, քանի որ նրանք իրենց հռչակել են ժողովրդավարության ճարտարապետներ ու պաշտպաններ, սակայն իրականում քաջալերում ու առաջ են մղում թուրանաադրբեջանական անսանձ բռնատիրությունը քրիստոնյա հայ բնակչության հանդեպ, որը տասնամյակներ շարունակ փորձում է հերոսական մաքառման գնով մնալ իր հազարամյա բնօրրանում ու չենթարկվել ցեղասպանության։

Այն, ինչ արեցին Թուրքիան ու Ադրբեջանը հայ ժողովրդի գլխին 2020 թվականի սեպտեմբերին, բացարձակ ու անժխտելի ցեղասպանություն էր, որը մինչ օրս չդատապարտվեց, չպատժվեց միջազգային ոչ մի ատյանի, ժողովրդավարության պատվար համարվող մեծ տերությունների կողմից, մինչդեռ պաշարված, թշնամական աքցանի մեջ հայտնված Արցախի ինքնապաշտպանական ճիգերը որակվել են որպես ապօրինի գործողություններ։

Այդ դեպքում ու՞ր մնաց միջազգային դատարանի որոշումը Բերձորի միջանցքն ապաշրջափակելու մասին, ու՞ր են մնում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կոչերը նույն ճանապարհն ապաշրջափակելու մասին, որտե՞ղ է կորել հումանիտար բեռները Արցախ հասցնելու ֆրանսիական նախաձեռնությունը։

Իսկ ո՞վ է զինել թուրքի ու ադրբեջանցու բազուկները և թողել արյունաքամ հայ ժողովրդի վրա` հանուն աշխարհաքաղաքական շահերի, հանուն նավթի ու ոսկու, հանուն ճանապարհների։

Այդ նույն Արևմուտքն ինչու՞ չի նկատում, որ Ադրբեջանում նույն ընտանիքն իշխում է արդեն 30 տարի ու դեռ երկար տարիներ պահպանելու է բռնակալությունը` պատճառ դառնալով պատերազմների ու ազգամիջյան բախումների, մարդկային տասնյակ ու հարյուր հազարավոր զոհերի։

Ահա և արյունաքամ Արցախը կանգնած է ոչ այնքան թշնամական սպառնալիքի, որքան` այդ դավադիր լռության, քաղաքական կավատության, եղկելի խարդավանքների առաջ։

Ահա և այսքանն էլ Արևմուտքի մարդասիրությունն է` իր ապիկար ու երկդիմի դրսևորումներով։

Խոսրով Խլղաթյան

Դիտվել է՝ 2095

Մեկնաբանություններ