ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

…Մնացածը տեխնիկայի հարց է

…Մնացածը տեխնիկայի հարց է
26.08.2023 | 19:44

Որքան էլ ծանր ու դժվար իրագործելի թվա, որքան էլ ճնշեն ու ահաբեկեն, Արցախի ժողովուրդն ի զորու է ամենամոտ ապագայում հասնել փոքրիշատե տանելի հանգրվանի, ապա և շարունակել իր երթը դեպի ազատություն ու անկախություն: Անցած ութուկես ամիսների զրկանքները հենց այնպես չպիտի կորչեն, դրանք հետագա հաջողությունների հիմքը պիտի դառնան: Այժմ ամենավտանգավոր հարվածը կարող է լինել միայն ներսից՝ պառակտման, ներսի «մարդիմազարների» և դավաճանների ակտիվացման ձևով:

ՈՒրիշ ոչ մի ուժ չի կարող կոտրել ու շեղել արցախահայերին, լինի դա գազանացած թուրք-ազերին, հայաստանյան դավադիր իշխանությունը, թե օտար մի այլ չարիք:

Այս պահին չափազանց տեղին կլիներ, եթե արցախյան քաղաքական-հասարակական բոլոր ուժերը, նախկին ու ներկա երևելի գործիչները հանդես գային միացյալ հայտարարությամբ առ այն, որ կշարունակեն համախումբ պայքարը Արցախի անվտանգության, ապահովության, հայկականության և ինքնորոշման համար, չեն խոտորվի սրբազան նպատակներից: Կարիք կա՝ մեկ անգամ ևս վճռականություն հայտնելու, որ չեն հանդուրժի պառակտիչներին ու ներքին թշնամիներին, չեն համակերպվի հանրությանը խաբել ու մոլորեցնել փորձողների հետ, լինեն նրանք նախագահ, նախարար, օրենսդիր, զինվորական, թե օտար դուդուկի տակ պարող արկածախնդիրներ:

Անհրաժեշտության դեպքում նրանց հետ պետք է խոսել օրենքի, ազգի եւ հայրենիքի շահի ուժով:

Հարկ է, որ առավել աշխուժանա Արցախի ազգային խորքային հանրույթը, որը հանձնառու կլինի ազգապահպանության և երկրապահության քարոզչության համար և պետությանը շարունակ կդրդի, որ գործի վաղուց հանրահռչակված ծրագրերով:

Արցախյան այս ոգորումը պիտի լինի բացառապես սահմանադրականության և մեր ազգային նպատակների ծիրում: Հավատարմությունն այդ ճանապարհին, իրոք, խոստումնալից է: Միայն թե մի փոքր ևս համբերություն ու տոկունություն, ողջախոհություն ու համախմբվածություն, հավատարմություն ու հայրենասիրություն, համառություն ու հետևողականություն, և կտեսնենք, թե ինչպես են մեր առջև դռներ ու ճանապարհներ բացվում:

Հաղթում է մաքառողն ու չհանձնվողը:

Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1807

Մեկնաբանություններ