Քաշաթաղի (Լաչինի) միջանցքը բացելուն նպատակաուղղված ՌԴ ղեկավարության բոլոր հայտարարություններն առ այսօր, ցավոք, ձայն բարբառո անապատի են
(սկիզբը՝ այստեղ)
Հայաստանից ուղարկված 360 տոննա հումանիտար բեռը (դեղորայք, առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքներ) տեղափոխող բեռնատարները, ինչպես սպասելի էր, այդպես էլ չհասան Արցախ: Բեռը կամ դեռ մնում է ճանապարհին, Կոռնիձորի կամուրջ չհասած, կամ արդեն վերադարձվել է Հայաստան:
Բեռնատարները դեռ հուլիսի 25-ից Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի մոտ են, բայց Ադրբեջանը շարունակում է մնալ անդրդվելի և չի բացում կամրջի մոտից ամբողջովին արգելափակած հիշյալ միջանցքը: Արցախում վիճակն օրեցօր ծանրանում է, գնալով ավելանում են ուշաթափության դեպքերը:
Հոդվածաշարի նախորդած մասում արդեն նշել ենք Արցախի և Հայաստանի համար կործանարար այն պայմանները, առանց որոնց կատարման, Ադրբեջանը չի բացելու Քաշաթաղի (Լաչինի) միջանցքը՝ նպատակ ունենալով կամ սովամահ անել և ցեղասպանել Արցախի Հանրապետության շուրջ 120 000 բնակիչներին, կամ այսօրվանից ավելի ծանր պայմաններում գտնվողներին հարկադրել, որ երբ ճանապարհը միակողմանիորեն կարճ ժամանակով բացի, նրանք շտապեն Արցախից դուրս գալ, Արցախը դատարկվի և վերջնականապես լուծի Արցախի խնդիրը:
Հիմա անդրադառնանք այն հարցին, թե խնդրի լուծման ինչ թվացյալ և իրական տարբերակներ կան: Արցախի Պաշտպանության բանակի կողմից միջանցքն ուժային եղանակով բացելու փորձը, եթե ռուսական խաղաղապահները թույլ չտան առաջ շարժվել, ինչը միանգամայն սպասելի է, ի սկզբանե դատապարտված է ձախողման: Բացառված է, որ ՊԲ-ն կրակի ռուսական խաղաղապահների վրա (պատկերացրեք նրանց նկատմամբ ուժի կիրառման հետևանքները…):
Եթե ռուսական խաղաղապահները, իրենց խաղաղապահ առաքելությունը չկատարելով, Արցախի ՊԲ- ին նույնիսկ թույլ տան առաջ շարժվել, ապա միջանցքի բացումը չի ավարտվի սոսկ այն փակած ադրբեջանցիների հետ բախմամբ կամ նրանց այնտեղից քշելով: Իրադարձությունների մեջ անմիջապես ներգրավվելու է մոտերքում գտնվող, ճանապարհը մշտադիտարկող ադրբեջանական կազմ ու պատրաստ զորախումբը, ինչից հետո Ադրբեջանը կհարձակվի Արցախի վրա, և նույնիսկ տարածաշրջանային մեծ պատերազմի ծագման միանգամայն իրական վտանգ կառաջանա՝ դրանում Ռուսաստանի և Թուրքիայի ներգրավմամբ, իսկ առանց Ռուսաստանի միջամտության, Արցախի Հանրապետության գոյությանը վերջակետ կդրվի:
Մի պահ երևակայենք, թե Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում կամ դրա մոտ Ադրբեջանի ԶՈՒ և Արցախի ՊԲ ստորաբաժանումների մարտերը կավարտվեն վերջինիս հաղթանակով, ՊԲ-ին կհաջողվի միջանցքը բացել, իսկ Ադրբեջանը դրանից հետո չի համարձակվի հարձակվել Արցախի վրա՝ հաշվի առնելով այնտեղ թեկուզ սակավաթիվ, բայց ռուսական խաղաղապահ զորակազմի առկայությունը: Ի՞նչ եք կարծում՝ Ադրբեջանը դրանից հետո, թեկուզ մեկ այլ հատվածում, նորից չի՞ փակի միջանցքը՝ այնտեղ ուղարկելով առավել մեծաթիվ և առավել զինված զորախումբ: Իհարկե՛ կփակի:
Ի վերջո, եթե նույնիսկ համարենք, որ Արցախի ՊԲ- ի կողմից միջանցքը բացելուց հետո, Ադրբեջանը դարձյալ չի փակի կամ չի կարողանա փակել այն, ապա քանի դեռ ԱՀ նախագահի պաշտոնն Արայիկ Հարությունյանն է զբաղեցնում, Արցախի ՊԲ-ն չի ուղարկվի միջանցքը բացելու, հետևաբար միջանցքը բացելու այս տարբերակը ոչ միայն խիստ վտանգավոր, այլև անիրատեսական է:
Հայաստանի զինված ուժերի կողմից Քաշաթաղի (Լաչինի) միջանցքը բացելու տարբերակը. այս տարբերակի ընտրությունը ոչ միայն կհանգեցնի հայ- ադրբեջանական պատերազմի՝ Հայաստանի համար երկրի և բանակի ներկայիս ղեկավարության պայմաններում Հայաստանի համար կանխատեսելի հետևանքներով, այլև ի սկզբանե բացառված է, հետևաբար նույնպես անիրատեսական, քանի որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած ու ճանաչող Նիկոլը կամ նրա գլխավորած կառավարությունը Քաշաթաղի (Լաչինի) միջանցքը բացելու համար Հայաստանի զինված ուժերը կիրառելու որոշում չեն կայացնի:
Քաշաթաղի (Լաչինի) միջանցքը բացելու թվացյալ, անիրատեսական տարբերակները ներկայացնելուց հետո, այս շարքի հաջորդ հրապարակմամբ իրատեսական տարբերակը և այն, թե ում ձեռքում է խնդրի լուծման բանալին:
(շարունակելի)
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ