ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Առանց զորավոր ուժի կիրառման չկա արդարություն, մանավանդ՝ խաղաղություն

Առանց զորավոր ուժի կիրառման չկա արդարություն, մանավանդ՝ խաղաղություն
02.08.2023 | 20:51

Անկեղծ ասած` ես զարմանում եմ. ինչպե՞ս կարող են քաղաքական գործիչները և մեր ազգի մտածողները այսքան կրավորական ու ապազգային լինել։ Այն աստիճանի եմ զարմացած, որ մտածում եմ` էլ ի՞նչ պիտի լինի, որ վերջապես սթափվենք և մտածենք առանց հատվածական կողմնորոշումների ու կարծրատիպերի, որ իրական հաջողություն գրանցենք։ Այո՛, չափազանց ծանր է գրելը, քանզի երբ ծանոթանում ես նրանց առաջարկներին, ակնհայտ է դառնում, որ`

Ա. Ամբողջ խոսանյութը հայհոյանք է, ճղճղոց, անիմաստ պահանջներ և իրար ուղղված մեղադրանք։ Ամենազավեշտալին ժողովրդին ուղղված մեղադրանքն է, ի դեպ, այն ժողովրդի, որի կարիքը բոլորն զգում են ու առանց նրա չեն հաջողելու։ Եթե հանում ենք այդ աղմուկը, ի՞նչ է մնում։ Ոչինչ, և պարզ չէ՞, որ ոչնչի հետևից գնացող չի լինելու։

Բ. Քիչ թե շատ լուրջ վերլուծության մեջ էլ ակնհայտ է կողմնորոշումը և գովերգությունը իրենց կողմնորոշմանը: Այստեղ էլ ամպագոռգոռության և մեղադրանքների պակաս չկա, իսկ հիմնարար ազգային պետականության առումով` փուչիկությունը կամ արհամարհանքը ազգային և քաղաքակրթական արժեքների նկատմամբ։ Նշենք, որ սա վերաբերում է երկու կողմին էլ՝ իշխանություն և ընդդիմություն։ Ցավալին այն է, որ հիմնականում այս բոլորի համար ազգայինը սահմանափակվում է չարոխային կամ գոմային մտածողության ու խաշ-խորովածի ծիրում` առանց մշակութային և իմաստասիրական խոր պատկերացումների, ուստի չեն էլ կարևորում մեր ինքնության ու մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը։ Ասեմ, որ առանց համաշխարային գլուխգործոցներ ստեղծելու հայոց դիվանագիտությունը կաղ է մնալու, քանզի, եթե ասելիք ունենք, ապա այն մարդու և հանրության, գիտության ու գեղարվեստի զարգացման վերաբերյալ է, ինչը խեղել ենք երեսուն տարի` կեղծ արժեքներ ու հերոսներ քարոզելով։ Զարմանո՞ւմ եք, թե ինչպես այսքան կրավորական դարձանք։ Չէ՞ որ երբ արհամարհվում էր ազգայինը, երբ ոտնատակ էր արվում բարոյականը, խեղվում էր արդարությունը, ամբողջովին անտեսվում էին նյութական, մտավոր և հոգևոր արժեքները, ոչ մի բողոք ու քննադատություն չհնչեց հիմնական հաստատությունների կողմից՝ ակադեմիա, համալսարան և այլն։ Երբ մշակույթի երկրում փակվում էր մշակույթի նախարարությունը կամ ինչ-որ կցորդի կարգավիճակ էր սահմանվում, ո՞վ բողոքեց։ Կամ ի՞նչ է մշակույթը ոլորտի իբր պատասխանատուների համար, թաղում ու տոնական ծնգլ-մնգլ՝ ինչ-որ տխմար բացատրությամբ։ Մինչդեռ աշխարհում պայքար է ինքնությունների ու մշակույթների միջև, իսկ թշնամական երկրում պետական մակարդակով ձևավորում են կեղծ պատմություն և խլում մեզնից մեր ինքնությունն ու մշակութային արժեքները։ Իսկ մենք կցկտուր քայլեր ենք անում ու անիմաստ իրար միս ուտում։ Ցավոք, մեր պատմաբանների մեջ էլ կան հակասություններ, նախանձ և ատելություն, այդ բարոյալքման պատճառով էլ ունենք գիտական աշխատանքների ու դրանց լուսաբանման պակաս, մանավանդ՝ միջազգային ասպարեզում։ Շնորհակալ լինենք, որ դեռ կան գիտնականներ, որոնք մեծ դժվարությամբ իրենց պատվավոր գործն են անում։ Այսքանից հետո դեռ խոսում ենք հին ու նորից, երբ իրականում բոլորն էլ մի սանրի կտավ ու ապիկար դուրս եկան։ Ներող թող լինեն բոլոր նրանք, ովքեր անհարկի կհամարեն այս մեղադրանքները, բայց փաստը մնում է փաստ, որ առայժմ անկարող ենք խեղկատակ դարձած համաշխարհային կառույցների անտարբերությունը կոտրել և մանավանդ միահեծան ու ապազգային իշխանությանը հակակշռել։

Ամեն դեպքում, հաղթանակի տենչանքով պիտի համախմբվել և պատրաստվել նոր փոփոխությունների հանրաքվեով։

Առաջ Աստված։

Աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայերին՝ միացում և համախմբում։

Հաստատ իմացեք, առանց զորավոր ուժի կիրառման չկա արդարություն, մանավանդ՝ խաղաղություն:

Պատրանքներ չունենանք։

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 2862

Մեկնաբանություններ