ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հայկական պետությունը «դատապարտված» է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ

Հայկական պետությունը «դատապարտված» է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ
03.07.2023 | 21:25

Պատմական հայրենիքի այս հատվածում ստեղծված հայկական պետությունը դատապարտված է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ։ «Դատապարտված» ասվածն այստեղ խորքային իմաստ ունի։ Եթե հայկական պետականությունը վերականգնվեր, օրինակ, պատմական հայրենիքի արևմտյան մասում՝ օսմանահպատակ տարածքում, «դատապարտված» ասվածը գուցե լիներ բովանդակազուրկ, բայց այն ստեղծվել է ռուսական շահերի գոտում, և պատմական իրողությունը պահանջում է հաշվի նստել դրա հետ։ Բավական է ուսումնասիրել` ինչ էր կատարվում Հայաստանի տարածքում շուրջ 700 տարի, մինչև Ռուսաստանի գալը։ Խոսքը միայն թուրքական գործոնին չի վերաբերում, ինչը ավանդաբար ընդունված է շահարկել, այլ անդադար մղվող այն հակամարտություններին, որի արդյունքում անապատացել էր ամեն բան։ Եթե մի պահ նույնիսկ մտածենք, որ չկա ո՛չ Ռուսաստան, ո՛չ Թուրքիա, սփոփանքը, միևնույնն է, կարճ կտևի։ Որովհետև չենք հասցնի խորը շունչ քաշել, երբ, «Կասրե-Շիրինի» պայմանագիրը թևի տակ դրած, Երևան կգա շահը։

«Դատապարտված» չլինելու սուբստանցիոնալ տարբերակ էլ կա. Հայաստանը բարձել քարշակի վրա և տեղափոխել արևմտյան մի տաքուկ անկյուն։ Բայց սա քննության առարկա կարող է լինել մինչհերոդոտյան «պատմության» լեգենդի սիրահարների համար։

«Դատապարտվածության» համատեքստում հաջորդ հարցը, որը սովորաբար բանավեճի առարկա է հանդիսանում, այն է՝ ուժե՞ղ Ռուսաստանն է ավելի շահավետ մեզ համար, թե՞ թույլ ու տկար։ Ուժեղ Ռուսաստանը կայսերական հավակնություններ են, և սա գուցե շահերի ընդհարում է առաջացնում Հայաստանի ինքնիշխանության հարցերում, բայց ոչ գոյաբանական վտանգ։ Թուլացած ու տկարացած Ռուսաստանը ինքնիշխանության վիճարկելիությունը տեղափոխում է այլ հակադրության գոտի և գումարած դրան` առաջ բերում գոյաբանական վտանգ։ Շահ Աբասը ժամանակին Նախիջևանը դարձրեց անհայաբնակ, Թուրքմենչայի պայմանագրից հետո մի քանի տասնամյակում տարածքը նորից դարձավ հայաբնակ։ 1917 թ. հեղաբեկումների արդյունքում, երբ Ռուսաստանը կանգնեց կազմաքանդման եզրին, մի քանի ամիսը բավական եղավ, որպեսզի Նախիջևանը նորից դառնա անհայաբնակ։ Խոսքը սրա մասին է և նաև նրա, որ ոչ մի այլ ուժ ի զորու չի լինի պայմանական Նախիջևանի հայկականությունը պահելու։ 1919 թ. մայիսին «Դևի-Դրո» համաձայնագրով, իբր, ի տարբերություն Ղարաբաղ-Զանգեզուրի, Նախիջևանը թողնվում էր Հայաստանին։ Հետո՞։ Եթե Արցախը ի վերջո խաբեությամբ ռազմակալեցին, Զանգեզուրի հերոսական դիմադրությունը խափանեց թուրք-ադրբեջանական պլանը, Նախիջևանում հայ չէր մնացել, որ գոնե խաբվեր կամ դիմադրեր։ Անգլիացիները հենց սա լավ գիտեին, երբ ասում էին` Նախիջևանը՝ ձեզ, Ղարաբաղն ու Զանգեզուրը՝ Ադրբեջանին։

Պատմական հայրենիքի այս հատվածում գտնվող հայկական պետությունը դատապարտված է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ։ Դատապարտված լինելը, սակայն, պետք է ո՛չ հուսահատեցնի, և ո՛չ էլ` անհարկի ոգևորի։ Դատապարտված լինելը ենթադրում է նախ և առաջ քաղաքական էլիտայի հավասարակշռություն և մեծ պատասխանատվություն։ Հակառակ պարագայում, տեղի է ունենում այն, ինչը ժամանակ առ ժամանակ մեր պատմության մեջ տեղի է ունենում. Հայաստանը դառնում է սակարկության առարկա։ Երկրորդ, դատապարտված լինելը պահանջում է էլիտայի մեծ պրոֆեսիոնալիզմ և ջանքերը բարիքի վերածելու ահռելի կամք։ Ռուսաստանի հետ, հատկապես երբ ուժեղ է, արդյունավետ հարաբերվելը հեշտ գործ չէ, որքան էլ կիրառական համարենք «դատապարտված» եզրույթը։ Հետևաբար, միանգամայն այլ որակի պետական գործիչների անհրաժեշտություն է առաջանում, որոնք ոչ միայն հարաբերություններից բարիք ստանալը կդնեն գործնական հիմքերի վրա, այլև, առանց վնասելու այդ հարաբերությունները, կփոխլրացնեն դրանք` իրագործելով հարաբերությունների դիվերսիֆիկացիա։ Որովհետև դիվերսիֆիկացիան մեր պարագայում ինչ-որ առումով նույնպես դատապարտվածություն է, եթե չանտեսենք հայության քանակական սփռվածության աշխարհագրությունը։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 6625

Մեկնաբանություններ