ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ի՞նչ է անունդ, փոքրիկ...ով էլ լինես, դու իմ Արցախն ես, և ես քեզ կոչում եմ ա՛յս անունով

Ի՞նչ է անունդ, փոքրիկ...ով էլ լինես, դու իմ Արցախն ես, և ես քեզ կոչում եմ ա՛յս անունով
24.06.2023 | 07:50

ԱԶԳԱՅԻՆ ԼԻՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՆԳՐՎԱՆՈՒՄ` ԱՌԱՆՑ ՀԵՏՆԱՀԱՆՋԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ

...1993 թվականին, երբ Մեծ Հայքի 10-րդ մեր Արցախ աշխարհը գոյապայքար էր մղում վաչկատուն ցեղի դեմ, մոլորակի մեկ այլ կետում` Սուդանում, ևս պատերազմ էր:

Կհարցնեք` ի՞նչ կապ ունի նշածս փաստը մեր չավարտված պատերազմի հետ։

Միանշանակ կապ ունի նրանով, որ այդ ժամանակ` The New York Times պարբերականի մարտի 23 -ի համարում հրապարակվեց լուսանկարիչ Քեվին Քարտերի ստացած սարասափելի կադրը, թե ինչպես է սովից տանջամահ լինում մոտ մեկ տարեկան փոքրիկ։

Ես չեմ տեղադրի այդ անմարդկային կադրը, համացանցում այն հասանելի է` դրա հետ կապված ահասարսուռ պատմության բոլոր մանրամասներով։

Միայն կասեմ, որ դրանով աշխարհում չփոխվեց ոչինչ, բացի թերթերի տիրաժները բազմապատկվելուց։

Լուսանկարը պատմության մեջ այդպես էլ մնաց` «Սովը` Սուդանում»։

Ո՛չ մի պետություն աֆրիկյան այդ ցեղի սպանդը չկանխեց։ Սակայն քաղքենիաբար լուսանկարչին մեղադրեցին, թե ինչու՛ վերջին շնչում գտնվող փոքրիկի կյանքը չի փրկել...և իր տեսած պատկերների ազդեցության տակ չորս ամիս անց լուսանկարիչն ինքնասպան եղավ։

Ի՞նչ փույթ, թե արժանացել էր Պուլիցերյան մրցանակի և նրա անունը լսվում էր ամենուր:Նա ինքնասպան եղավ, որովհետև չկարողացավ տեսնել իր փառքը, որը նրան էր տրվել մարդկության մի մասնիկը համարվող այս ցեղի տառապանքի դիմաց:

Նրան այսպիսի հռչակ հարկավոր չէր:

Իսկ այս մի լուսանկարը մոլորակի այլ տարածաշրջաններից չէ։ Սա Արցախն է` վեցամսյա համամարդկային արժեքների բլոկադայի մեջ գտնվող մե՛ր Արցախը։ Լուսանկարի փոքրիկն էլ արցախցի է` մեր կողքին ապրող արցախցի փոքրիկ:

Եվ աշխարհն էլի նույնն է, ինչպիսին եղել է 100 տարի առաջ։

Այս արև-հրաշքի լուսանկարը, որ ամեն ինչ է պատմում թշնամու կողմից Արցախի վեցամսա շրջափակման մասին, սիմվոլն է հումանիտար աղետի։ Իսկ Արցախն արդեն մեկ շաբաթ տոտալ շրջափակման մեջ է, որտեղ մեր 120 000 հայրենակիցները և 30 000-ից ավելի երեխաներ կանգնած են ֆիզիկական գոյության վտանգի առաջ։

Արդեն լուրեր են հասնում, որ ծայրահեղ վիճակում գտնվող երեխաներին, որոնց անգամ Երևանի արյունաբանական կենտրոն տեղափոխելու խնդիր կա, հնարավոր չի լինում բուժումը կազմակերպել։ Սարսափում եմ մտածել, որ հենց թեկուզ այս լուսանկարը այդպես էլ որևէ տեղ` միջազգային մամուլում չի հայտնվելու:

Փոխարենը համացանցում անվերջ կարելի է տեսնել, թե ինչպես է Հայաստանում պաշտոնավարող եվրադեսպանուհին լա՜յն ու ինքնագոհ ժպիտը դեմքին մասնակցում այլասերված խմբերի «շահերին ու իրավունքներին» վերաբերող տարատեսակ միջոցառումների։ Եվ մեզ էլ պարբերաբար, անգամ այս վիճակում, հորդորում է, թե «ուզում եմ, որ Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան»։

Պատկերացնու՞մ եք, ուզու՜մ է։ Այսինքն, սա աշխարհի ցինիզմի դրսևորումն է, որտեղ հարցերն արդեն որոշվում են ոչ թե միջազգային իրավունքի նորմերով, պետությունների ներսում որևէ կոնվենցիա վավերացնելու կամ չվավերացնելու (այս մեկը Հայաստանում հաստատ չի վավերացվելու, մենք դա ձեզ խոստանում ենք, անդեմ օտարուհիներ) որոշակի ընթացակարգերով, այլ ընդամենը` մի արտասահմանցի դեսպանի «ուզելով կամ ցանկությամբ»։ Իսկ ես ուզում եմ, որ լինենք այն արժանապատիվ ժողովուրդը, որն ի զորու կլիներ նման դեսպաններին արտաքսել իր երկրից, որ մեր ամեն հայրենակցի ցավը զգար իր սրտին մոտիկ:

ՈՒշադիր նայենք այս լուսանկարին ու մտածենք ի՞նչ կարող է անել մեզնից յուրաքանչյուրը Արցախի համար։ Թույլ տալու՞ ենք, որ որևէ արտասահմանցի լուսանկարիչ վերը նկարագրված ևս մի նման կադր ստանա արդեն շրջափակված ու արյունաքամ վերքերով Արցախում, եթե այսպես շարունակվի։

Թույլ տալու՞ ենք, որ սովասպանդի միջոցով Արցախը ենթարկվի ցեղասպանության ու վերջնական հայաթափման։

Մենք մեր պատմական ծանր ճակատագրի բերումով Սփյուռք ունենք, որը Հայոց ցեղասպանության հետևանքն է։ Եվ հենց այս հանգամանքով պայմանավորված, մեր համահայկական ներուժը գործի դնելով` պիտի Արցախն ամենից առաջ ազատենք անտարբերության «բլոկադայից», որպեսզի իր Հողի վրա Արցախցու ապրելու իրավունքի ցասումի ու ցավի ձայնը հասնի աշխարհի քաղաքակիրթ հատվածին։ Մարդկության քաղաքակիրթ հատվածը մեծ չէ, բայց կան, կգտնվեն, ինչպես ժամանակին մեր կողքին են եղել Լեփսիուսի, Ժան Ժորեսի նման մարդիկ:

Գոնե սա կարող ենք անել` անհատների ու ազգային խմբերի մակարդակով` առանց վայրկյան անգամ հույս դնելու այս անհայրենիք ու հակահայ իշխանության վրա։ Արցախը և արցախցուն պիտի ապրեցնենք, որովհետև հասել ենք ազգային գոյապայքարի մի հանգրվանի, որ թեկուզ մեկ հայրենակից կորցնելու իրավունք չունենք:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4508

Մեկնաբանություններ