Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«Բարձիթողի վիճակում գտնվող պոչամբարները` «դանդաղ գործողության ռումբեր»

«Բարձիթողի  վիճակում գտնվող  պոչամբարները` «դանդաղ գործողության ռումբեր»
03.02.2015 | 11:55

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր ՀՐԱՉՅԱ ԱՎԱԳՅԱՆԸ:

-Հայաստանում քանի՞ հանքավայր կա և դրանցից քանի՞սն է շահագործվում:

-ՀՀ-ում ուսումնասիրված և հաշվառված օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայրերից այսօր շահագործվում են շուրջ 450-ը: Դրանց մեջ մտնող 30 մետաղական հանքավայրերից (շահագործվում են 20-ը) չորսը պղնձամոլիբդենային են, երկուսը` պղնձի, տասնչորսը` ոսկու և ոսկի-բազմամետաղային։ Հանքաքարերում, կապարից, ցինկից, արծաթից և ծարիրից բացի, առկա են նաև հազվադեպ և ցրված տարրեր` ռենիում, սելեն, տելուր, կադմիում, ինդիում, թալիում, բիսմութ և այլն:

-Ո՞վքեր են պատասխանատու հանքավայրերի տնօրինման համար:

-Հանքավայրերը, որոնք համարվում են Աստծո և բնության ստեղծած անգնահատելի պարգևներ, պետական բացառիկ սեփականություն են, և դրանց ընդերքում եղած հարստությունը պատկանում է տվյալ երկրի ժողովրդին: Հանքավայրերը չեն վաճառվում և չեն սեփականաշնորհվում։ Դրանք շահագործման համար (միայն պետության կողմից) որոշակի ժամկետով կարող են տրվել արտասահմանյան ձեռնարկություններին կամ անհատ ձեռներեցներին: Սակայն մեր ժողովրդին պատկանող այդ հարստությանն այսօր տիրացել և վայելում են հանրապետության այն միլիոնատեր «ընտրյալները», ովքեր մինչ այդ պատկերացում անգամ չեն ունեցել դրանց գոյության մասին, չեն մասնակցել դրանց հայտնաբերմանը, հետախուզմանը, ինչպես նաև պաշարների գնահատման գործին:

-Որքա՞ն է գնահատվում Հայաստանի ընդերքը, եթե, մետաղների և թանկարժեք տարրերի ներկայիս գների համաձայն, միայն պղնձի և մոլիբդենի պաշարներն ու ռեսուրսները գնահատվում են ավելի քան տրիլիոն դոլար:

-Մինչև 2013 թ. հետախուզված ու հետազոտված ՀՀ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի հարստությունների ընդհանուր արժեքն ընդերքում, 2014 թվականի և բացառիկ դեպքերում` 2007 և 2011 թվականների գներով, 8 տրիլիոն 879 մլրդ 391 մլն 274,34 հազ. դոլար, որից արդյունաբերական պաշարներինը՝ 2 տրիլիոն 583 մլրդ 175 մլն 704,6 հազ. դոլար է, իսկ կանխատեսումային ռեսուրսներինը՝ 6 տրիլիոն 296 մլրդ 215 մլն 569,7 հազ. դոլար։

Անդրադառնալով առանձին հանքատեսակներին` նշենք, որ պղնձամոլիբդենային հանքավայրերի արդյունաբերական պաշարների արժեքն ընդերքում գնահատվել է 842 մլրդ 851 մլն 955,15 հազ. դոլար, իսկ դրանց արտահաշվեկշռային պաշարներինը՝ 465 մլրդ 84 մլն 314,82 հազ. դոլար։ Պղնձամոլիբդենային հանքավայրերի ընդհանուր՝ հաշվեկշռային և արտահաշվեկշռային պաշարների արժեքն ընդերքում գնահատվել է 1 տրիլիոն 307 մլրդ 936 մլն 269,970 հազ. դոլար։

Պղնձամոլիբդենային կազմավորման հանքավայր-հանքաերևակումների կանխատեսումային ռեսուրսների արժեքը 60 մլրդ 436 մլն 50,720 հազ. դոլար է։

Պղինձ-հրաքարային կազմավորման հանքավայրերի արդյունաբերական պաշարների արժեքն ընդերքում կազմում է 1 մլրդ 730 մլն 808,140 հազ. դոլար, իսկ դրանց կանխատեսումային ռեսուրսներինը՝ 16 մլրդ 27 մլն 540 հազ. դոլար։

Ոսկի-բազմամետաղային կազմավորման հանքավայրերի արդյունաբերական պաշարների արժեքն ընդերքում կազմում է 19 մլրդ 192 մլն 809,0 հազ. դոլար, իսկ դրանց կանխատեսումային ռեսուրսներինը՝ 50 մլրդ 805 մլն 718,9 հազ. դոլար։

Ոսկի-սուլֆիդային կազմավորման (ոսկեբեր) հանքավայրերի արդյունաբերական պաշարների արժեքն ընդերքում 540 մլրդ 386 մլն 159,6 հազ. դոլար է, իսկ դրանց կանխատեսումային ռեսուրսներինը՝ 321 մլրդ 796 մլն 23,71 հազ. դոլար։

Գնահատված են նաև ոսկի-սուլֆիդային կազմավորման հանքաերևակումների կանխատեսումային ռեսուրսները, որոնց արժեքը կազմում է 9 մլրդ 377 մլն 446,67 հազ. դոլար։ Այսպիսով՝ ոսկի-սուլֆիդային կազմավորման հանքավայր-հանքաերևակումների հարստությունների ընդհանուր արժեքն ընդերքում կազմում է 331 մլրդ 173 մլն 470,44 հազ. դոլար։

Պաշարների պետական հանձնաժողովների կողմից հաստատված և հեղինակային հաշվարկներով գնահատված երկաթաքարային կազմավորման հանքավայրերի հարստությունների պաշարների արժեքն ընդերքում կազմում է 1 տրիլիոն 179 մլրդ 83 մլն 891,33 հազ. դոլար, իսկ դրանց (հանքավայր-հանքաերևակումների) կանխատեսումային ռեսուրսներինը՝ 5 տրիլիոն 837 մլրդ 772 մլն 789,66 հազ. դոլար։

-Ստանո՞ւմ են դրանք շահագործողները գերշահույթ, թե՞ վատնում են ժողովրդին պատկանող հարստությունները:

-Մեր ժողովրդին պատկանող մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործողները (լինեն նրանք արտասահմանի, թե ՀՀ քաղաքացիներ) ստանում են գերշահույթներ (երբեմն գեր-գեր)` վատնելով և փոշիացնելով մեր ժողովրդի հարստությունը: Ստեղծելով աղետի նորանոր օջախներ, վտանգի ենթարկելով մեր ժողովրդի առողջությունը՝ թունավորելով ծանր մետաղներով ու վտանգավոր տարրերով։

Ասեմ, որ ՀՀ-ում ներկայումս հետախուզվում և առաջիկայում պատրաստվում են շահագործման գործող հանքավայրերից 5-6 անգամ ավելի շատ մետաղական օգտակար հանածոների նոր հանքավայրեր: Այդ հանքերի շահագործման և դրանց ընդերքում եղած հարստությունն այսօրվա տեմպերով խժռելու պարագայում մեկ-երկու տասնամյակ հետո Հայաստանի ողջ տարածքը կծածկվի խիստ վտանգավոր թափոններով, որոնք, ապականելով և թունավորելով բնական միջավայրը (հողը, օդը ջուրը) կործանարար կարող են դառնալ մեր երկրի ու ժողովրդի և նրա հետագա գոյության համար ընդհանրապես:

Այս իրավիճակում ՀՀ կառավարությանն անհրաժեշտ է սթափվել, նայել հեռուն, մտածել երկրի և ժողովրդի ապագայի մասին` խուսափելով նորանոր հանքավայրեր շահագործման մեջ ներգրավելուց, այլապես մի քանի տարի հետո Հայաստանում ապրելու տեղ չենք ունենա:

-Վերջին տարիներին հանքարդյունաբերության բուռն զարգացումը ինչպե՞ս է անդրադառնում մեր հանրապետության ջրային, հողային ռեսուրսների որակի, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա:

-Մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման ժամանակ ամենուրեք կատարվող հանքահարստացման գործընթացների պատճառով ձորեր, ձորակներ, կիրճեր և շրջակա միջավայր են թափվում միլիոնավոր տոննաներով հանքահարստացման պոչանքներ, որոնց մեջ զգալի քանակ են կազմում չկորզված ծանր մետաղներն ու թունահարույց տարրերը։ Տեղումների ազդեցությամբ աստիճանաբար տարրալուծվելով, դրանք ներթափանցում են հողի մեջ և ջրային օբյեկտներ` աղետալի վիճակ ստեղծելով ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ մարդկանց ու կենդանիների համար։ Վտանգավոր են հատկապես հողի մեջ կուտակված ծանր մետաղները, որոնք, անցնելով բույսերի մեջ, իսկ այնտեղից՝ մարդկային ու կենդանական օրգանիզմներ, առաջացնում են զանազան հիվանդություններ։

-Որտե՞ղ են ամբարվում, կուտակվում օգտակար հանածոների կորզումից և արդյունահանումից առաջացած արտադրական թափոնները: Քանի՞սն են այդ պոչանքները կամ պոչամբարները և ինչքա՞ն տարածք են զբաղեցնում ՀՀ-ում:

-Հանրապետության տարածքում (ՀՀ ԱԻՆ տվյալներով) առկա 19 պոչամբարները կամ թափոնների գերեզմանոցները, որոնց ծավալներն անցնում են մի քանի մլն խմ-ից, զբաղեցնում են մոտ 1400 հա ընդհանուր մակերես: Հայաստանում գործող ամենամեծ, սակայն միջազգային ոչ մի չափանիշի չհամապատասխանող պոչամբարը Արծվանիկինն է, որը պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Ինչ վերաբերում է Սյունիքի մարզում տեղակայված երեք փակ «պոչերին», դրանց վիճակը նույնպես լավատեսություն չի ներշնչում: Չկա համոզվածություն, որ որևէ կերպ հնարավոր է խոչընդոտել պոչամբարներից ծանր, տոքսիկ մետաղների հողի մակերես դուրս գալուն:

Բացի դրանից, տեղի բնակչության տեղեկացվածության ցածր մակարդակը հանգեցրել է այն բանին, որ այդ «պոչերի» վրա մարդիկ կարտոֆիլ են աճեցնում: Կարելի է միայն վատ երազում պատկերացնել, թե այդ կարտոֆիլի հետ ինչ կընկնի մարդկային օրգանիզմ:

ՀՀ բնապահպանության նախարարության` «Հայաստանի շրջակա միջավայրի մասին 2002 թ. համար զեկույցում» նշված է (չգիտես ինչու) ընդամենը 12 պոչամբար, որոնցում լցված է ավելի քան 300 միլիոն խմ թափոն: Վերոնշյալ 12, ինչպես նաև մնացած վեց թունավոր տարրերով և ծանր մետաղներով լեցուն պոչամբարների աշխատանքային ժամկետն այսօր գործնականում անցել է, բացի Գեղանուշի պոչամբարից: Բացի այդ, 2002-ից հետո Հայաստանում գնալով ծաղկում է լեռնահանքային արդյունաբերությունը, և հետևաբար, 300 միլիոն խմ թիվը արմատական վերանայում է պահանջում: Հնարավոր է նույնիսկ, որ հիմա նշված թիվը երկու անգամ աճել է, քանի որ օգտակար հանածոների կորզումից և արդյունահանումից առաջացած և իրենց մեջ մեծ քանակությամբ բազմամետաղներ պարունակող արտադրական թափոնները, այժմյան դրությամբ, չեն վերամշակվում և չեն օգտագործվում։

Ներկայումս բարձիթողի կամ ավելի շուտ վատթարագույն վիճակում գտնվող այդ պոչամբարները, որոնք բնապահպաններն անվանում են «դանդաղ գործողության ռումբեր», կարող են վտանգավոր լինել հատկապես ջրհեղեղների և ուժեղ երկրաշարժերի ժամանակ:

Զրուցեց

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 2961

Մեկնաբանություններ