Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Հիմնական պատճառը չհամակարգված կառուցապատումն է

Հիմնական պատճառը  չհամակարգված կառուցապատումն է
23.09.2014 | 10:51

Գիտական խմբերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 1986 թվականի համեմատությամբ քայքայիչ նյութերի օգտագործումը կրճատվել է ավելի քան 90 տոկոսով, շնորհիվ դրա նշված շերտի վերականգնման ուղղությամբ առաջընթաց է նկատվել, և առաջիկա տասնամյակներում երկրի օզոնային շերտը կվերականգնվի:
Օզոնային շերտը, որը, կլանելով Երկրի մակերեսին Արեգակից ընկնող վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթների 97-99 տոկոսը, վահանի նման հիվանդություններից և այլ վնասակար երևույթներից պաշտպանում է մարդկանց, կենդանիներին ու բույսերին, ուռուցքային հիվանդությունների հիմնական պատճառն է:
Ըստ «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի» նախագահ, պրոֆեսոր Կարինե Դանիելյանի՝ օզոնային 1,5 -2,5 սմ բարձրությամբ շերտ կա նաև Երկրի մակերեսին, որը կլանում է երթևեկության հետ վերև բարձրացող փոշին, ավտոմեքենաների, էներգետիկայի և արդյունաբերական արտանետումները: Դրանք, կատալիզատորի դեր կատարող արևի ճառագայթների ազդեցության ներքո միանալով իրար, առաջացնում են քիմիական ակտիվ ռադիկալներ կամ նյութեր, որոնք, ռեակցիայի մեջ մտնելով օզոնի հետ, դառնում են աղտոտիչներ` խիստ վտանգելով շրջակա միջավայրը:
Այդ աղտոտիչները, որոնցից քայքայվում են բույսերի քլորոֆիլները, առաջացնում են վերին շնչուղիների և տեսողության հետ կապված հիվանդություններ: Դրանք հատկապես ակտիվ ներգործություն ունեն այն բնակավայրերում, որտեղ բարձր են ուլտրամանուշակագույն ճառագայթները:
Գետնամերձ շերտում օզոնի կուտակումը չի բերում վերին շերտի օզոնի քանակի ավելացման, քանի որ ներքնոլորտի ու վերնոլորտի միջև գազափոխանակություն տեղի չի ունենում: Հետևաբար, անհրաժեշտ է պայքարել միայն ստորին օզոնային շերտի աղտոտման դեմ:
Օդային ավազանի աղտոտվածության և գետնամերձ օզոնի վերաբերյալ այսօր ՀՀ բնապահպանության նախարարությունը մոնիթորինգ է իրականացնում, սակայն չի անցկացնում դրանց մեջ եղած միացությունների քանակի ուսումնասիրություններ, որպեսզի վերլուծությունների արդյունքում ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկվեն: Այդ քայլերը կարելի է սկսել Ազատության պողոտայից՝ հասցնելով մինչև Սարի թաղ, որտեղ նախկինում անտառային գոտի էր, և որը, որպես մասնավոր սեփականություն, այսօր վիլլաների կառուցման համար հատկացվել է օլիգարխներին:
Կ. Դանիելյանը նշեց, որ մայրաքաղաքի օդային ավազանը մաքրելու նպատակով, նշված գոտին վերականգնելուց բացի, պետք է ավելացնել այգիների լայնատերև, գեղազարդող ծառերը` վերականգնելով նաև բանկերի, բիզնես կենտրոնների և մեծ խանութների դիմաց ընկած գազոններն ու քաղաքի նախկին կանաչ գոտիները, որոնք այսօր վերածվել են ավտոկայանատեղիների:
Նրա խոսքով, գետնամերձ օզոնի աղտոտման մյուս պատճառը մայրաքաղաքի, հատկապես կենտրոնում իրականացվող բարձր խտությամբ կառուցապատումն է, ինչի պատճառով օզոնի աղտոտվածությունն այսօր 2,2 անգամ գերազանցում է թույլատրելիի չափանիշները` Երևանի օդային ավազանը զրկելով ինքնամաքրման հնարավորությունից:
Այսօրվա չհամակարգված, կանաչ տարածքների հաշվին իրականացվող կառուցապատման պատճառով Երևանը կորցրել է ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելի քան 2/3-ը, ինչի պատճառով էլ առաջացել են նաև տրանսպորտային ուղիների գերծանրաբեռնվածություն և մարդու կենսագործունեության համար վտանգավոր իրավիճակներ։ Այս ամենը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Երևանում է կենտրոնացված Հայաստանի բնակչության կեսը, ու խնդիրը նաև ազգային անվտանգության համատեքստում է, ստիպում և պահանջում են խնդրի լուծման նկատմամբ լինել բացառիկ զգայուն։


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 1678

Մեկնաբանություններ