ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

«Մի անգամ քեզ ծառ զգա Կացինդ սրելուց առաջ» Համո ՍԱՀՅԱՆ

«Մի անգամ քեզ ծառ զգա Կացինդ սրելուց առաջ» Համո ՍԱՀՅԱՆ
24.06.2014 | 12:12

Հունիսի 17-ին, առավոտյան ժամը 10.30-ի սահմաններում, ականատես եղա մի բարբարոսության. մեր շենքի դիմացի ծառապատ հատվածում, էլեկտրասյուների լապտերներ փոխող մեքենայի (35ԼՏ614) զամբյուղի մեջ ժպտալով կանգնած, էլեկտրական սղոցը ոտքերի տակ դրած՝ դեպի մինչև 5-րդ հարկ ձգվող բարձրուղեշ, սպիտակակեղև և հաստաբուն ծառն էր բարձրանում մի արարած։ Փողոցում կանգնած այս տեսարանին էին հետևում երկու անձինք, որոնցից մեկը, ինչպես հետո պարզվեց, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կանաչապատման բաժնի պետ Արման Պողոսյանն էր (իր ներկայանալով)։
Իմ տարակուսած և քիչ զայրացած հարցին՝ ի՞նչ է կատարվում, պատասխանեց. «Վթարային ծառ է՝ կտրում ենք»։ «Էս կանաչ, սլացիկ ծառն է վթարային»,- ականջներիս չհավատալով` հակադարձեցի ես, միաժամանակ զայրանալով բացահայտ լկտիության վրա։
Չնկարագրեմ իր ագրեսիվ պահվածքը, իր հարձակողական դիրքը, հատկապես, երբ հպարտությամբ ներկայացրեց իր պետ լինելը թաղապետարանում (ավելի՛ վատ. կանաչապատելու փոխարեն անարգել կանաչ ծառ է կտրում)։
Անմիջապես զանգահարեցի թաղապետի ընդունարան և, քարտուղարին տեղեկացնելով, խնդրեցի կանխել ոճիրը։ «Միգուցե չորացա՞ծ ծառ է»,- ճշտեց քարտուղարը։ Համոզվելով, որ ոչ, խոստացավ անմիջապես ճշտել՝ ինչն ինչոց է։ Հինգ րոպեից (մոռացել էի մեքենայի համարը փոխանցել), կրկին զանգահարեցի, և քարտուղարը տեղեկացրեց, որ Արման Պողոսյան կոչվածի հետ խոսել է, և վերջինս իրեն փոխանցել է, իբր ծառը թեքված է, դրա համար են կտրում։ Ինչպես նաև կողքի մեկ այլ ծառ ևս թեքված է եղել, դա էլ մի քանի օր առաջ են կտրել։ Սա ևս լկտի սուտ է։ 10-15 օր առաջ ևս մի կանաչ և բավական հաստաբուն ծառ կտրեցին նույն տարածքից, բայց ոչ թե կողքին գտնվող, այլ 50-60 մետր հեռու։ Ստացվում է, դա փորձնական քայլ էր. կտրելով առաջին ծառը և չհանդիպելով անտարբեր բնակիչների ընդվզմանը՝ ախորժակները բացվեց։
Զանգահարեցի նաև Հանրային ռադիոյի «Երևան» ծրագիր։ Լրագրողը հարցրեց, թե տվյալ վայրում օբյեկտ կառուցելու հնարավորություն կա՞։ Չկա՛։ Պարզապես ծառը շատ էր արժեքավոր, և սպիտակակեղև բնափայտն էր իրենից մեծ արժեք ներկայացնում։
Սա չարանենգ քայլ էր նաև քաղաքապետի դեմ, բայց ես իմ բողոքը նրա դեմ չեմ ուղղի. եթե ծառի արմատը մկներն են կրծում, բունն ու սաղարթն ի՞նչ կարող են անել։
Բնակիչները վատամարդ չեն լինում (պատերի տակի բամբասանք հո չէ՞, որ ակտիվ մասնակցեն), իսկ աղվեսը հավանոցի պահակ է կարգված։ Հաջո՞րդը որ ծառն է լինելու, չէ՞ որ 10-15 օրից այս գումարը ևս կծախսվի...
Ինչո՞ւ չեք թողնում լավը լավ մնա, մաքուրը՝ մաքուր։ Պետք չէ ամեն լավ և մաքուր արարքի վրա փնթի և աղտոտ մատների անջնջելի հետք թողնել. ձեր երկիրն ու շրջապատն եք ապականում, որտեղ նաև դո՛ւք եք ապրելու։
Մարդավարի՛ ապրեք։


Գայանե ԱԹԱՆՅԱՆ
Հ. Գ.- Առանց մեկնաբանության. հունիսի 17-ը «Անապատացման և երաշտի դեմ պայքարի» օրն էր։

Դիտվել է՝ 4142

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ