Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Newsweek-ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից խաղաղ բնակիչների դաժան սպանությունները, հիվանդանոցների, օգնության կենտրոնների և այլ հաստատությունների վրա հարձակումները ռազմական հանցագործություններ են: «ԱՄՆ-ի վարչակազմը, սակայն, անտեսում է այդ խախտումները և առավելագույն աջակցություն է ցուցաբերում Իսրայելին, որովհետև մեղսակից է այդ ամենին»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։               
 

ՈՒմ է ձեռնտու Սևանի

ՈՒմ է ձեռնտու Սևանի
06.05.2014 | 00:33

Ազգային ժողովի նախորդ քառօրյայում, ինչպես բնապահպաններն են նշում, կատարվեց հանցագործություն Սևանա լճի հանդեպ: «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին որոշումն ընդունվեց 96 կողմ, 14 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Նշենք, որ այս օրենքով նախատեսվում էր հինգ տարով Սևանից բաց թողնել 70 մլն խմ ջուր, սակայն քվեարկության օրը կառավարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ կառավարությունը հինգ տարին մեկով է փոխարինում:
Հասկանալի է, որ իշխող մեծամասնությունն անցկացնելու էր կառավարության այս նախաձեռնությունը, սակայն հերթական անգամ ԲՀԿ-ն «փայլեց» իր «այլընտրանքային» խաղերով: Մինչ այս տեղի էին ունեցել խորհրդարանական լսումներ, հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահի գլխավորությամբ բավականին բուռն քննադատվել էր այս նախագիծը: Արդյունքը եղավ այն, որ «քառյակի» երեք ուժերը` ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը, դեմ քվեարկեցին, իսկ ԲՀԿ-ն միացավ իշխանությանը: Բնականաբար, սա առաջին հերթին պայմանավորված էր ԲՀԿ-ականների բիզնես շահերով` Գագիկ Ծառուկյանի, նրա մերձավորների ու խնամու բիզնեսները փրկել էր պետք: Մամուլն արդեն գրել է, որ Ծառուկյանը փրկեց իր և Հովիկ Աբրահամյանի ձկնաբուծարանները:
Մինչդեռ այս ամենը հրաշալիորեն թաքցվում է մի «անմեղ նպատակի» տակ. Արարատյան դաշտի քարից հաց քամող գյուղացուն ջրով ապահովելու խնդիր է դրված, իսկ բնապահպանների ամենօրյա բողոքներն ու բարձրաձայնումները, թե դրանով Սևանի էկոհամակարգին վտանգ է սպառնում, ոչ մեկին չեն հուզում: Իրականում այս որոշմամբ մի հարվածով երկու նապաստակ է փորձում խփել կառավարությունը: Սևանա լճի շրջակայքում գործող հանգստի օբյեկտներն էլ կարող են ջրի տակ հայտնվել, եթե լճի մակարդակը բարձրանա ու նրանց մի օրում «քշի» տանի: Այնպես որ, ինչպես նախագծով առաջարկվում է, 70 մլն խմ ջուր Սևանից բաց թողնելն այնքան էլ «անկեղծ» մտադրություն չէ:
Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Մարտուն Գրիգորյանից փորձեցինք ճշտել, թե ինչպես ստացվեց, որ իրենց կուսակցությունը, քննադատելով այս օրենքը, այդուհանդերձ, «կողմ» քվեարկեց: «Բնապահպանական» հարցերով զբաղվող Գրիգորյանը նախ ընդգծեց, որ իրենց հանձնաժողովի ԲՀԿ-ական պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցել, և հավելեց, որ խմբակցությունն ի սկզբանե տրամադրված է եղել «ձեռնպահ» քվեարկելու, բայց երբ կառավարությունը հինգ տարին փոխարինել է մեկով, ԲՀԿ-ն դարձել է «կողմ»: Երբ պատգամավորին հիշեցրի, թե այս հարցով ԱԺ լսումների ժամանակ բնապահպաններն ինչ հակափաստարկներ էին բերում, վերջինս հակադարձեց. «Մենք ասել ենք, որ սա ժամանակավոր լուծում է` հաշվի առնելով Արարատի, Արմավիրի մարզի հողօգտագործողների ոռոգման խնդիրները: Մենք գիտակցում ենք Սևանին սպառնացող խնդիրները, բայց, մյուս կողմից էլ, գյուղացուն չենք կարող մենակ թողնել: Պետք է աջակցել գյուղացիներին: Ես և հանձնաժողովի մեր անդամները, նկատի ունենալով լսումներում հնչած մտահոգությունները, չենք մասնակցել քվեարկությանը»:
Արդյոք քվեարկությունը պայմանավորված չէ՞ր իրենց կուսակցության ղեկավարի բիզնես շահերով` հարցրի Մարտուն Գրիգորյանին, ով, բնականաբար, հերքեց այդ տեղեկությունը: «Ի՞նչ կապ ունեն ձկնաբուծարանները ոռոգման հետ: Արարատյան դաշտավայրի ջրերը, մեծ հաշվով, չեն օգտագործվում ոռոգման համար: Էն, ինչ ձկնաբուծարանների համար է, ոռոգման համար չէ»: Հիշեցնենք, որ տեղացիների պնդմամբ, ձկնաբուծության նպատակով մարզի արտեզյան ջրերն են օգտագործվում, և ոռոգման համար այլևս ջուր չի մնում: Հանձնաժողովի նախագահը վստահեցրեց նաև, որ այս հարցերով վերստին լսումներ են նախատեսում, բայց քանի որ կառավարությունը նոր է, դեռ պետք է սպասել նրա ներկայացրած ծրագրին: «Մենք չպետք է հույսներս Սևանա լճի վրա դնենք, պետք է կարողանանք ջրամբարաշինության խնդիրները կարգավորել, որպեսզի ջուր կուտակենք, որ ոռոգման սեզոնին ջուր ունենանք: Միաժամանակ այս առումով դեմ եմ Սևանից ջուր բաց թողնելուն, բայց կա նաև գյուղացու խնդիրը: Ես միանշանակ չեմ ընդունում ո՛չ կառավարության, ո՛չ էլ բնապահպանների տեսակետները, քանի որ վերջիններս հաշվի չեն առնում տնտեսական բաղադրիչը: Երբ նախորդ կառավարությունն այս ծրագիրը ներկայացրեց, ԱԺ-ն հայտնվեց ծուղակում. պահպանել Սևա՞նը, թե՞ օգնել գյուղացուն»,- վերջում արձանագրեց Մարտուն Գրիգորյանը:
Թեև կառավարությունը փորձեց ընդառաջ գնալ և հինգ տարին փոխարինել առայժմ մեկով, բայց ոչ մի երաշխիք չկա, որ ամեն տարի մեկ-մեկ տարով չի թույլատրվի ջրի բացթողումը: Առավել ևս, եթե դա բխի պետության բարձրաստիճան պաշտոնյաների բիզնես շահերից: Այս տարբերակը խիստ հավանական է, քանի որ, ինչպես քաղաքական գործիչներն են նկատում, սա «օլիգարխների» կառավարություն է: Նման պարագայում ոչինչ բացառել հնարավոր չէ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2047

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ