ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Պարոն Հարությունյան, Դուք բնապահպա՞ն եք, թե՞ բիզնեսմեն»

«Պարոն Հարությունյան, Դուք բնապահպա՞ն եք, թե՞ բիզնեսմեն»
16.11.2012 | 12:04

Որսագողության խնդիրը վերջին շրջանում խիստ անհանգստացնում է բնապահպան ակտիվիստներին: «Էկոլոգիական դաշինք» կազմակերպության համակարգող, բնապահպան ՍԻԼՎԱ ԱԴԱՄՅԱՆՆ իր հրավիրած ասուլիսում լրագրողներին ներկայացրեց վերջին իրադարձությունների հետ կապված խնդիրները: Բնապահպան ակտիվիստների և ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների միջև հերթական բախումն է տեղի ունեցել: Ի՞նչ պետք է անել: Ս. Ադամյանը մտահոգված է` որքա՞ն կարելի է հանդուրժել, որ աչքերիդ թոզ փչեն` առաջ քաշելով տարբեր անհիմն պատճառաբանություններ և վարկածներ:
Խոսելով Խոսրովի արգելոցում կատարված որսագողության մասին` բնապահպանն ասաց. «Ինձ համար շատ զարմանալի էր, երբ հեռուստատեսությամբ ցույց տվեցին մի մարդու, որը կշռում էր մոտ 45 կգ, իր խղճուկ զինամթերքով կարող էր իբրև թե դուրս գալ արջի վրա և բեզոարյան այծ սպանել: Սա ընդամենը խեղաթյուրանք է և ծիծաղելի, սա մութ անկյուն է մնացել որսագողության խնդրում, և մինչև հիմա պարզ չէ, թե մեր ոստիկանությունը, մեր իրավապահ մարմիններն ի՞նչ են անում այս ուղղությամբ, ի՞նչ է կատարվում արդյոք: Թե՞ նորից ծածկադմփոց պիտի լինի և չբացահայտվեն իրական մեղավորները»:
Նրա տեղեկացմամբ` այս խնդրով քաղաքացիական նախաձեռնություններն զբաղվում են, մի քանի անգամ դիմել են բնապահպանության նախարարությանն ու իրավապահ մարմիններին, բայց դեռ արձագանք չեն ստացել:
Վերջերս նախարարության մշակած նոր օրենքը` հատուկ պահպանվող տարածքների մասին, ավելի է խուճապի մատնել բնապահպան-ակտիվիստներին: Ծանոթանալով այդ օրենքին, վերջիններս հասկացել են, որ վտանգի տակ է «Խոսրովի անտառ» արգելոցի գոյությունը:
«Ստացվում է` արգելոցը իր նպատակին չպետք է ծառայի, այն ավելի շուտ նմանվելու է արգելավայրի, ծաղկելու է տուրիզմը, լինելու են շինություններ, հյուրանոցներ, ինչը մեզ համար բացարձակ անընդունելի է: Սա ամենաթանկարժեք բանն է, որ ունի Հայաստանը: Դա հայ ազգի պատմությունն Է, և որևէ ոտնձգություն չպետք է թույլ տանք»: Բնապահպանի խոսքով, իրենք արդեն երկու պաշտոնական նամակ ուղարկել են կառավարությանն ու բնապահպանության նախարարությանը, որում ներկայացվել են հասարակական կազմակերպությունների բոլոր առաջարկներն ու դիտողությունները։ Պահանջում են օրենքով սահմանված կարգով անցկացնել հասարակական լսումներ: Նորից քննարկման դնել այդ «վտանգավոր» օրենքը, որը խրախուսում է տուրիզմի զարգացումն արգելոցային տարածքներում:
Ս. Ադամյանը համոզված է, որ նշված բոլոր լուրջ դիտողությունները կընդունվեն կառավարության կողմից և թույլ կտան, որ «արգելոցը հայ ազգի համար որպես արգելոց ծառայի»:
Վերջինիս կարծիքով` բնապահպանության նախարարությունը «անընդունելի գործեր է անում», ուստի պետք է պահանջել նախարարի պաշտոնանկությունը: «Իրատես de facto»-ի հարցին, թե «պաշտոնանկությունը արդյո՞ք խնդրի լուծում է», տիկին Ադամյանը պատասխանեց. «Ճիշտ է, ասում են անձերի փոփոխությամբ ոչինչ չի փոխվի, բայց մենք կարծում ենք, որ անձը, ով իսկական բնապահպան է, կարող էր իր աշխատակազմի վրա շատ լավ ազդեցություն ունենալ և թույլ չտալ, որ արգելոցում շինարարություն սկսվեր: Նա պետք է պայքարեր, պատերազմ սկսեր այդ կառուցողների դեմ և ոչ թե անհիմն պատճառաբանություններ աներ, հայտարարելով, թե իրենց ճնշում են կամ թույլ չեն տալիս: Պետք չէ ամեն ինչ գցել այլ մարդկանց վրա: Խոսրովի արգելոցը բնապահպանության նախարարության ենթակայության տակ է։ Այս նախարարությունը պետք է զատել բոլոր նախարարություններից, այնտեղ աշխատողները պետք է լինեն բացարձակ անկախ իրենց որոշումներն ընդունելու հարցում: Բնապահպանության նախարարության ոլորտը ոչ քաղաքաշինության ոլորտ է, ոչ էլ այլ ինչ: Այդ կառույցի աշխատողը նախ պետք է ունենա մասնագիտական կրթություն, առնվազն ավարտած լինի այնպիսի մի հաստատություն, որտեղ հասկանում են կենսաբանությունից, կենդանաբանությունից և շրջակա միջավայրից: Դա էլ բավարար չէ, մարդը պետք է հոգով լինի բնապահպան: Իսկ մեր պահանջը դա է: Ես ուզում եմ հարց ուղղել` «Պարոն Հարությունյան, Դուք բնապահպա՞ն եք, թե՞ բիզնեսմեն: Եթե այս տեմպերով շարունակեք, կկորցնենք ամեն բան Հայաստանում»»,- եզրափակեց Սիլվա Ադամյանը:
Ի դեպ, բնապահպանը հայտնեց նաև, որ, ըստ պաշտոնական հավաստի լուրերի (աղբյուրը չցանկացավ նշել), Խոսրովի արգելոցը նախատեսվում է դարձնել զվարճանքի վայր:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2319

Մեկնաբանություններ