ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հոկտեմբերի 4-ին Երևանում մեկնարկեց «Ֆրութֆուլ Արմենիա» (Fruitful Armenia) 8-րդ համաժողովը

Հոկտեմբերի 4-ին Երևանում մեկնարկեց «Ֆրութֆուլ Արմենիա» (Fruitful Armenia) 8-րդ համաժողովը
04.10.2012 | 18:52

Երևանում հոկտեմբերի 4-ին մեկնարկեց «Ֆրութֆուլ Արմենիա» (Fruitful Armenia) 8-րդ միջազգային համաժողովը (կամ ագրոֆորումը):

ՀՀ ազգային օրհներգից հետո ներկայացվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի ուղերձը համաժողովի մասնակիցներին: Կաթողիկոսն իր խոսքում ողջունելով համաժողովի մասնակիցներին` մաղթել էր բոլորին նորանոր հաջողություններ ու արդյունավետ աշխատանք: «Պետք է շարունակել հզորացնել հայրենիքը, որ այն լինի ազգի հավաքականության, ազգային մտածողության ու հոգևոր ներուժի ակունքն ու հենարանը: Հզորացման նախապայմանը միասնականության մեջ է, որը պետք է լինի յուրաքանչյուր հայի սրբազան պարտքը: Աղոթենք առ Աստված, որ մեր պետությունը պահի զորեղ և անսասան»,- նշել էր իր ուղերձում Գարեգին Երկրորդը:

«Խաղողի պահանջարկը առաջիկա տարիներին գերազանցելու է առաջարկը»

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշեց, որ միջոցառումը բացառիկ հնարավորություն է տալիս պրոֆեսիոնալ մասնակիցների հետ քննարկելու գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրները, բացահայտելու ոլորտի զարգացման նոր ուղիներն ու մեթոդները:
«Հանրապետության նախագահը երկու տարի առաջ հռչակեց, որ այսուհետ գյուղատնտեսությունը լինելու է երկրի զարգացման առաջնահերթություններից մեկը: Կառավարությունը լրացուցիչ ջանքեր է գործադրում և միջոցառումներ իրականացնում, որպեսզի արդիականացվի գյուղատնտեսությունը»,- ասաց վարչապետը:
Հիշեցնելով, որ խաղողագործությունը և գինեգործությունը մեր գյուղատնտեսության մեջ ունեն իրենց ուրույն տեղը, վարչապետը նշեց, որ 1990-1995 թվականներին խաղողագործության ոլորտում արձանագրվել են լուրջ կորուստներ` շուրջ 65 տոկոսով կրճատվել էին գինեհումքի արտադրանքի ծավալները` մթերող կազմակերպությունների և գործարանների չգործելու պատճառով:
«ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ խաղողագործության զարգացման համար մենք ունենք մեծ ներուժ: ՈՒրախալի է նաև, որ այս ոլորտում կան նոր և լուրջ ներդրումներ: Այսօրվա վիճակագրական տվյալները վկայում են, որ խաղողի պահանջարկը մոտակա տարիներին գերազանցելու է առաջարկը: Միևնույն ժամանակ ավելի է խստացվելու խաղողի որակի հարցը, ինչն ստիպելու է ավելի մեծ ուշադրություն դարձնել այդ հանգամանքին:
Այստեղ էլ կարևորվում է խաղողագործությունը ժամանակակից մեթոդներով կազմակերպելու խնդիրը»,- նշեց Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը շնորհակալանքի խոսքեր ուղղեց արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին` ոլորտում ներդրումներ կատարելու և Հայաստանում ժամանակակից խաղողի այգիներ հիմնելու համար, ինչը լավ օրինակ է այլ գյուղացիական տնտեսությունների համար:


Համաժողովի շրջանակներում վաղը կանցկացվի հայկական գինիների համտես

Նշենք, որ «Ֆրութֆուլ Արմենիա» 8-րդ միջազգային համաժողովը նվիրված է Հայաստանում խաղողագործության և գինեգործության զարգացման հեռանկարներին: Միջոցառմանը մասնակցում են միջազգային հեղինակություն վայելող խաղողագործներ, գինեգործներ, գինեգետներ, մարկետոլոգներ, գիտնականներ, փորձագետներ` Ֆրանսիայից, Արգենտինայից, Ավստրալիայից և այլ երկրներից: Համաժողովի հիմնական թեման հայկական գինու աշխարհում ճանաչելի ապրանքանիշ (բրենդ) ստեղծելու հնարավորության քննարկումն է երեք բաղադրիչների շուրջ` որակյալ խաղողի մշակում, բարձրորակ գինու` արտադրություն, արտահանման և վաճառքի ճիշտ կազմակերպում: Ելույթներ կլինեն նաև հայկական գինու պատմության, արտադրության, արտահանման և մարկետինգի մասին:
Համաժողովի երկրորդ օրը` հոկտեմբերի 5-ին, աշխարհի ամենահայտնի գինեգետներից մեկի` Միշել Ռոլանի մասնակցությամբ տեղի կունենա հայկական գինիների համտես: Համաժողովականները կայցելեն գինու արտադրության և մշակման ձեռնարկություններ, ջերմատնային տնտեսություններ: Մասնակիցները ներկա կլինեն նաև Արմավիրի գինու նոր գործարանի բացման արարողությանը:
Համաժողովի աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի 5-ին:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 19307

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ