ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Կոչեմ ապրողաց

Կոչեմ ապրողաց
31.01.2024 | 14:04

Ավետյաց երկրի մորմոքը սրտում
նահատակվելու վսեմ ցանկությամբ
խոյահարում է ամպի մի ծվեն․․․
Մինչ մութ ձորերում
մառախուղի ծանր ընթացքով
ծավալվում է չարագույժ ահազանգը․
-Արքա, թագուհին շնանու՜մ է․․․
(«Պարտություններ» շարքից, Գրական Լոռի, օգոստոս, 1991 թ․ )

Կարծես երեկ լիներ։ Արցախի մի բուռ հերոս ժողովուրդը և հայաստանցի մի քանի հազար անձնուրաց կամավորականներն Ավետյաց Երկրի վերստեղծման ու վերակերտման վեհ գաղափարով ոգեշնչված ահեղ հերոսամարտի էին ելել, մինչ Հայաստանի ներսում քանդում էին, ապամոնտաժում ու արտահանում էին ԽՍՀՄ-ից մնացած թե՛ տնտեսական , թե՛ հոգևոր ողջ ժառանգությունը:
Երեսուն և ավելի տարիներ , հույժ կարևոր մի ժամանակաշրջան իզուր կորցրինք տարբեր աչքակապություններով, բայց երկիր չկառուցեցինք: Եվ ընդամենը վերջերս դավաճանությամբ հանձնվեց Արցախը, արցախահայությունը դարձավ տարագիր ու մենք բոլորից բողոքավոր ենք։ Բոլորը մեղավոր են: Միայն մեր սխալները չենք տեսնում:
Երկիրը մե՛նք անապատ դարձրինք ու հիմա չենք կարողանում լիարժեք՝ ապրելու ու ապրեցնելու ունակ նոր համակարգ վերստեղծել։ Թեև կոմունիստական զսպաշապիկը հանելուց հետո մեզնից յուրաքանչյուրի ներսի այն գազազած, անկշտում բորենին վաղուց հափռել է ու հոգնել, սակայն դեռևս «առնող-թռցնողի հոգեբանական արատը չենք հաղթահարել։ Այնինչ պատեհապաշտությունը, երիցս կրկնել եմ, բացարձակ անհարիր է Հայաստան-Ավետյաց Երկիր վերակերտման զուգորդումում։
ԴԵպի Ավետյաց Երկիր ձգվող ճանապարհը յուրաքանչյուրիս համար դեպի հայրենիք ու հարազատ օջախ վերադարձի ճանապարհ է։ Այն յուրաքանչյուրիս ներսում վերակերտված Հոգևոր Հայաստանի ողջ ժառանգության ու նշխարների միջով է անցնում, որովհետև չկարոտած, չերազած ու չսրբացված երկիր չեն վերադառնում։

Այդ ճանապարհը, հասկանու՞մ եք, իր մեջ է ներառում Հայաստանի բոլոր մեծ ու փոքր ճանապարհները, փողոցներն ու նրբանցքները, լեռների ու ձորերի բոլոր կածանները, ուր ամեն հողակոշտ ու քար, տուն ու ապարանք, եկեղեցի ու գործարան մեզ համար պարտավոր են սրբություն լինել։ Որովհետև այստեղ ամեն ինչ ցողված է մեր նախնիների քրտինքով և արյամբ։ Եվ սա երբեք չի կարելի մոռանալ, որովհետև պատեհապաշտությունը այս հինավուրց երկրում անեծք է դառնում։

Որվհետև Ավետյաց Երկրում յուրաքանչյուր ժուլիկություն արդեն խաչագողություն է ՝ նախնիների կողմից աներկբա նզովքի արժանացող ճակատագրի խարան․․․․

ՈՒղղակի ապշեցուցիչ է հինգերորդ հազարամյակը կիսած հայ ժողովրդի ներկա հասարակության հոգևոր նման անգրագիտության աստիճանը:
Բազմադարյա առաքելական հայոց եկեղեցու տոներին հաջորդող «մեռելոցները» նույնպես մեզ, ըստ էության, խորհելու առիթներ են ընձեռում։

Երբ մենք ննջեցյալների հիշատակներն ենք հարգում և ասում ենք «խաղաղությամբ ննջեցեք», ապա ինքնըստինքյան պարտավորվում ենք շարունակել նրանց գործը, պահել, պահպանել ու զարգացնել մեզ ավանդվածը:
Ավետյաց Երկիրը թշվառ Հայաստանը չէ, որտեղից անընդհատ ժողովուրդը փախչում է։ Այն ծաղկուն, հզոր ու բարգավաճ երկիր է, որն ստեղծելու ռեալ հնարավորություններն ունենք։ Ընդամենը պետք է հույսներս դնենք մեր վրա, մեր գիտական, ֆիզիկական, տեխնիկական, հումքային և մյուս բոլոր ռեսուրսները հաշվառելով ու , թեկուզ քիչ, բայց ամեն օր կառուցելով ու բարեկարգելով, արտադրելով ու շրջանառելով: Ընդամենը ինքնաքննադատություն և պատվասիրություն է հարկավոր ներարկել մեր գիտակցություններում, որպեսզի կարողանանք ստեղծել , աշխատել ու արժանապատիվ ապրել։
Քսաներորդ դարում կոմունիստները շատ հասկացություններ ձևափոխեցին․ Աստծո առջև խոնարհումը՝ Լենինի պաշտամունքով, քրիստոնեական ուսմունքը ՝ մարքսիզմ-լենինիզմով, մեկլեզվյա ժողովուրդը ՝ սովետական ռուսախոս ժողովուրդ հասկացությամբ, ապաշխարհանքը ՝ ընդհանուր ժողովների ժամանակ ինքնաքննադատությամբ և այլն․․․Սակայն ԽՍՀՄ-ը փլուզվեց ու բթացված ժողովուրդներս առանց ինքնապաշտպանական ԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ ԿՈԴԻ հեշտությամբ ավար դարձանք արտասահմանյան «քեռիների» համար, ովքեր մեր խոպան ուղեղներում քարոզեցին ապրել շնագայլի նման՝ միայն առօրյաով, առանց պլանվորման՝ ձգտումի և նպատակի, շնագայլի նման երբեք չզղջալով․ մեր վատ արարքներին նորերն ավելացնելով, ինքներս մեր վատի գերին ու զոհը դառնալով։ Որը, խնդրեմ, այսօր համազգային ցավալի իրականություն է:
Հայկի ավանդած երկրի այս մեկ տասներորդում հայորդիների օտարամետ բազմակուսակցական և բազմաղանդավորական իշխանամետ ողջ պայքարն ինձ միջնադարյան մղձավանջն է հիշեցնում, երբ Հայաստանը պայքարի և ավարառության թատերաբեմն էր արաբական, քրդական, պարսկական և թյուրքական արյունարբու բազում ցեղախմբերի։

Ճիշտ մեր օրերի նման միջնադարում ևս հայությունը ստվար զանգվածներով արտագաղթում էր: Ճիշտ մեր օրերի նման այն ժամանակ ևս ընչազուրկ դարձանք ու հատանք սեփական երկրում։
Դեպի Ավետյաց Երկիր տանող միակ ճանապարհը՝ պարտքերի տակ ճկռած ՀՀ պետականության ազատագրումն ու վերջնական կայացումը, համազգային ապաշխարհանքի միասնությամբ պիտի կոփվի։ Միայն համազգային ապաշխարհանքը կարող է արմատախիլ անել խաբեբայի և կաշառակերի, դավաճանի ու ամբարտավանի, ուրացողի և ամբաստանողի, պատեհապաշտի ու շնացողի, ծույլի և տկարի, փառամոլի ու խեղկատակի, ցավոք, արդեն ազգային դիմագիծ կազմող հատկանիշները:
- Ապաշխարեցեք,-ասում եմ Ձեզ՝ Ավետյաց Երկրի մորմոքն իմ սրտում։

- Ապաշխարեցեք, որպեսզի հաղթահարենք մեր արատներն ու սխալները, որ ճիշտ ճանապարհ ընտրենք՝ ապրենք ու ապրեցնենք։
- Ապաշխարեցեք, որ Երկրի պահապան ոգիները վստահեն մեզ ու փրկենք մեզ ու մեր սերունդներին:

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 3703

Մեկնաբանություններ