Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Որքան նման են իրար այս երկու ճիվաղներն իրենց հրեշավոր կեղծավորությամբ-2

Որքան նման են իրար այս երկու ճիվաղներն իրենց հրեշավոր կեղծավորությամբ-2
10.11.2023 | 14:47

(սկիզբը` այստեղ)

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն անցած կիրակի. Ինչպես, ТАСС- ի փոխանցմամբ , հաղորդել է ռադիո Kan- ը, հայտարարել է.

«Իսրայելը և ՑԱՀԱԼ- ը (Իսրայելի պաշտպանության բանակը.- Ա.Հ.) գործում են միջազգային իրավունքի բարձրագույն չափանիշներին համապատասխան, որպեսզի կանխեն ոչ մասնակցին (հակամարտությանը չմասնակցող խաղաղ բնակչությանը) վնաս հասցնելը, և մենք կշարունակենք դա անել մինչև հաղթանակ»:

Այնքան հրեշավոր է Ադրբեջանին ժամանակակից սպառազինությամբ նպատակային կերպով զինած հրեական պետության ղեկավարի այս կեղծիքը, որ դժվար է դրան չանդրադառնալ: Այն դեպքում, երբ Հայաստանի խորքային թշնամիներից Իսրայելը Գազայի հատվածում զբաղված է Պաղեստինի արաբների վատ սքողված ցեղասպանությամբ, իսկ նրա վարչապետը լկտիաբար հայտարարել է միջազգային իրավունքի բարձրագույն չափանիշներին համապատասխան գործելու մասին: Հուսանք կգա ժամանակ, երբ հենց իր և իր ցեղում բոլոր իր նմանների հետ կվարվեն այդպիսի միջազգային իրավունքի բարձրագույն չափանիշներով…

Շարունակենք ներկայացնել այն փաստերի ոչ ամբողջական շարքը, որոնք վկայում են ՑԱՀԱԼ- ի և Իսրայելի սիոնիստական վարչակարգի միջազգային մարդասիրական իրավունքի, «պատերազմի օրենքներ»- ի ոտնահարման մասին:

Առնվազն 15 մարդ Է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Գազա քաղաքի արևմտյան մասում գտնվող «Ալ- Շիֆա» կենտրոնական հիվանդանոցի մուտքի մոտ գտնվող տարածքի ռմբակոծման հետևանքով: Այս մասին հայտնել է Կատարի «Al Jazeera» հեռուստաալիքը։ Ինչպես «Al Hadath» հեռուստաալիքին հայտնել է բուժհաստատության տնօրենը, հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով «առնվազն 60 պաղեստինցի է սպանվել և վիրավորվել»:

Գազայի Կենտրոնական հիվանդանոցին հասցված հարվածի հետ գրեթե միաժամանակ իսրայելական ուժերն օդից գրոհել են «Ալ-Քուդս» հոսպիտալի մերձակա շրջանը և ինդոնեզիական հիվանդանոց տանող մուտքը: «Ալ- Շիֆա» հիվանդանոցի տնօրենի խոսքով՝ այդ ընթացքում նշված երեք բուժհաստատությունների կողքին եղել են շտապօգնության մեքենաներ, որոնք պատրաստ են եղել վիրավոր պաղեստինցիներին բուժման նպատակով «Ռաֆահ» անցակետով տեղափոխել Եգիպտոս:

Նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն է, նոյեմբերի 4- ին «РИА Новости»– ի տեղեկացմամբ , հայտարարել.

«Ես սարսափած եմ Գազայում «Ալ-Շիֆա» հիվանդանոցի մոտ շտապօգնության շարասյան վրա հարձակման մասին հաղորդագրությունից: Հիվանդանոցի մոտ փողոցում ցրված մարմինների պատկերները սրտաճմլիկ են»։

Ընդ որում, գլխավոր քարտուղարը նշել է, որ հիշում է ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակման մասին, ներառյալ՝ սպանություններն ու առևանգումները, և պահանջել է անհապաղ ազատ արձակել Գազայում պահվող պատանդներին:

Գուտերեշը միաժամանակ նշել է, որ արդեն գրեթե մեկ ամիս է, ինչ Գազայի քաղաքացիական անձինք, ներառյալ՝ երեխաները և կանայք, ենթարկվում են շրջափակման, նրանց մերժում են օգնություն ցուցաբերումը, սպանում և ստիպում ռմբակոծությունների միջոցով լքել տները:

«Դա պետք է դադարեցվի»,- ընդգծել է Գուտերեշը:

Գլխավոր քարտուղարը Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը սարսափելի է անվանել։ Նա նշել է, որ անկլավ բավարար քանակությամբ սնունդ, ջուր և դեղորայք չի մատակարարվում, այնտեղ վերջանում է հիվանդանոցներին և ջրի մաքրման կայաններին էլեկտրամատակարարման համար անհրաժեշտ վառելիքը:

«БАПОР- ի (Պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության.- ծանոթ. խմբ.) ապաստարաններում մարդիկ գրեթե չորս անգամ ավելին են տարողությունից և ռմբակոծվում են։ Դիահերձարանները լեփ-լեցուն են։ Խանութները դատարկ են»,- հայտարարել է Գուտերեշը և նշել հիվանդացության աճի մասին, հատկապես, երեխաների շրջանում։

ՄԱԿ- ի գլխավոր քարտուղարը կոչ է արել մարդասիրական հրադադարի հասնել և պահանջել է պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը և պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և բուժաշխատողներին:

Ինչպես հաղորդել է «РИА Новости»- ի թղթակիցը՝ վկայակոչելով ականատեսին, իսրայելական անօդաչու թռչող սարքը հարձակվել է «Ալ-Շիֆա» հիվանդանոցային համալիրի վրա՝ շտապօգնության մի քանի մեքենաների դուրս գալու ժամանակ:

Փորձելով կեղծ պատճառաբանություններով արդարացնել, կոծկել իր ոճրագործությունը, ՑԱՀԱԼ- ը հանդես է եկել հակասական հայտարարություններով. սկզբում ՑԱՀԱԼ- ի մամուլի ծառայությունը պնդել է, թե պաղեստինյան ՀԱՄԱՍ- ի հիմնական հրամանատարական շտաբը գտնվում է «Ալ-Շիֆա» հիվանդանոցի տարածքում, շտաբին է հարվածը հասցվել, իսկ հետո երբ անժխտելի էր, որ շտապօգնության մեքենաներին են հարվածներ հասցվել, պատճառաբանել է, թե շտապօգնության մեքենան իբր օգտագործվել է ՀԱՄԱՍ-ի բջջի կողմից, շարժման մի քանի մարտիկներ զոհվել են:

Մի պահ ենթադրենք, թե մեքենաներից մեկն օգտագործվել է ՀԱՄԱՍ-ի մարտիկների կողմից, բա մյուս մեքենաներին ինչու՞ են խփել, սպանել ու վիրավորել շտապ բուժօգնության կարիք ունեցող բազմաթիվ խաղաղ բնակիչների: Թե՞ ՄԱԿ- ի գլխավոր քարտուղարը չգիտի ինչ է հայտարարում և ահաբեկիչների հովանավոր է…

«Գազայի գիշերային մղձավանջն ավելին է, քան հումանիտար ճգնաժամը,- իր նախորդ հայտարարությունից մի քանի օր հետո հայտարարել է Գուտերեշը :- Դա մարդկության ճգնաժամն է»։

Գուտերեշը նշել է, որ տարածաշրջանում ՑԱՀԱԼ-ի գործողությունները և անկլավի ռմբակոծությունները «հարվածում են քաղաքացիական բնակչությանը, հիվանդանոցներին, փախստականների ճամբարներին, մզկիթներին, եկեղեցիներին և ՄԱԿ-ի օբյեկտներին, ներառյալ՝ ապաստարաններին», «Ոչ ոք անվտանգության մեջ չէ»:

Ալժիրի նախագահն օրերս, ТАСС- ի փոխանցմամբ, անհրաժեշտ է համարել ընդդեմ Իսրայելի հայց ներկայացնել Միջազգային քրեական դատարան՝ պաղեստինցիների դեմ կատարած հանցագործությունների համար:

Հիվանդանոցներին և շտապօգնության մեքենաներին հասցված հարվածներից գրեթե անմիջապես հետո Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող Ալ- Մագազի փախստականների ճամբարին, զոհվել է 51 մարդ, մոտ 100- ը վիրավորվել են. այս մասին, РБК- ի փոխանցմամբ , հայտնել է պաղեստինյան WAFA գործակալությունը:

Գործակալությունը նշել է նաև, որ նոյեմբերի 4-ի երեկոյան հարվածի տակ է եղել նաև փախստականների Ջաբալիա ճամբարը, ինչի հետևանքով զոհվել է 7 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Ջաբալիան հակամարտության ընթացքում Իսրայելի կողմից բազմիցս ենթարկվել է հարվածների: Հոկտեմբերի 31-ին անկլավի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ճամբարին հասցված հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, 150-ը վիրավորվել են։ Ավելի ուշ ՀԱՄԱՍ- ը հայտնել է նոր տվյալներ, որոնց համաձայն, զոհերի թիվը մոտեցել է 200-ի, իսկ վիրավորներինը՝ 800-ի:

Նոյեմբերի 4-ին Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է նաև Ջաբալիայում Ալ-Ֆահուրի դպրոցի վրա հարձակման մասին, ինչի հետևանքով զոհվել էր առնվազն 15 մարդ, տուժել՝ 54-ը: Այս դպրոցը ղեկավարում է БАПОР-ը: Այնտեղ ավելի ուշ հայտնել են, որ միայն զոհերը գերազանցում են երկու տասնյակը։

Իսրայելն ավելի վաղ էլ էր հարվածել Ջաբալիա ճամբարին, ավիահարվածների հետևանքով, ըստ նախնական տվյալների, առնվազն 400 մարդ է զոհվել ու վիրավորվել. այս մասին, հոկտեմբերի 31- ին «РИА Новости»– ի փոխանցմամբ , հայտնել Է Գազայի ներքին գործերի նախարարությունը և հավելել, որ զոհերի թվում մեծ թվով կանայք և երեխաներ կան:

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը խոստովանել է, որ իսրայելական զորքերը հարվածել են Գազայի հատվածի հյուսիսային հատվածում գտնվող Ջաբալիա փախստականների ճամբարին: Նրա խոսքով՝ քաղաքացիական անձանց զոհվելը հանդիսանում է «պատերազմի ողբերգությունը»։

Գազայի հատվածում ծանր վիրավորված հազարավոր խաղաղ բնակիչներ այլևս հիվանդանոցներ մուտք չունեն, անկլավում բուժհաստատությունների նկատմամբ բռնության ընդունումը կհանգեցնի մարդկանց անընդունելի մահվան. այս մասին, ինչպես նոյեմբերի 6- ին հայտնել է «РИА Новости»– ին , նշված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մամուլի հաղորդագրության մեջ:

Ահա թե ինչպես են Իսրայելը և ՑԱՀԱԼ- ը, ըստ Նաթանյահուի, գործում միջազգային իրավունքի բարձրագույն չափանիշներին համապատասխան:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 12117

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ