Անցնող կիրակի Le Figaro-յում հրապարակված իր ինտերվյուի մեջ Ստոլտենբերգը նախազգուշացնում է, որ պետք չէ սպասել ուկրաինական կոնֆլիկտի շուտ ավարտին, այն կձգձգվի։
Նա, որպես այդ պնդման կողմնակի ապացույց, նշում է. «Պատերազմների մեծ մասը տևում է շատ ավելի երկար, քան ենթադրվում է դրանց սկզբում»։
Այս ասվածի մեջ կա ճշմարտության մեծ բաժին և, որ կարևորն է, այն վերաբերում է ոչ միայն պատերազմներին, այլև մարդկանց բոլոր նախաձեռնություններին։
Մարդկանց, շատ թե քիչ բոլոր լուրջ նախաձեռնություններն ունենում են նպատակ, ֆինանսավորում, անհրաժեշտ աշխատուժ և, վերջապես, բարդություն և այդ բարդությունը հաղթահարելու հետ կապված անորոշություններ։
Բացի դրանից, մարդկանց կողմից իրականացվող ցանկացած նախաձեռնություն կամ նախագիծ բնութագրվում է իր նախնական դրվածքի հստակության աստիճանով և այդ դրվածքի մեջ անորոշությունների հնարավորինս բացակայությամբ։
Մարդկանց այն նախաձեռնությունները, որոնք ունենում են հստակ դրվածք և լուրջ նպատակ, ֆինանսավորման հետ միասին՝ դիտվում են որպես նախագծեր։
Եթե ուկրաինական պատերազմին նայում ենք այս տեսանկյունից, ապա տեսնում ենք, որ այն համարյա 150 տարի տևող հակառուսական նախագծի մի վերջին հատվածն է միայն, հատված, որն ունի ինքնուրույն նախագծի բոլոր բնութագրական գծերը՝ նպատակ, բարդություն, ֆինանսավորում, իրար բախվող բանակներ, և այլն։
Եթե շարունակենք դիտարկել ուկրաինական կոնֆլիկտը որպես նախագիծ, ապա շատ հետաքրքիր է նրա նախնական դրվածքի կամ սպեցիֆիկացիայի հստակության անալիզը կամ նրանում պարունակվող լուրջ անորոշությունների ու զարմանալի թյուրիմացությունների մեծ քանակությունը։
Սկսած Արևմուտքի կողմից ռուսական էկոնոմիկայի հզորության խիստ իջեցված գնահատականները, որոնք արդյունք էին նյութական և ոչ նյութական արժեքների արհեստական հավասարեցման, և որը տպված թուղթ փողի և աշխարհի հարստության համարժեքության մասին կեղծ պնդման մասնավոր դեպքն էր միայն, բայց, որը սակայն, ուներ նաև ահռելի ռազմաքաղաքական նշանակություն։
Զարմանալի թյուրիմացության մյուս օրինակը ուկրաինական սպասվելիք դիմադրության գնահատականն էր ռուսական կողմից, որով սպասում էր Ղրիմի դեպքերի նման ընդունելություն, և որի վկայականն են ռուսների կողմից հենց առաջին շաբաթներում կատարված ստրատեգիական ու տակտիկական փոփոխությունները։
Բացի դրանից, եթե ինչ-որ չափով սպասելի էր Արևելքի աջակցությունը Ռուսաստանին, ապա Արևմուտքի համար անսպասելի էր Գլոբալ Հարավի վերաբերմունքը ուկրաինական կոնֆլիկտին, որի հիմքում ընկած էին երկու կարևոր հանգամանքներ։
Այդ հանգամանքներից առաջինը Գլոբալ Հարավի ընդհանուր դժգոհությունն էր Արևմուտքից և սեփական հարստություններին տեր կանգնելու բնական ձգտումը, իսկ մյուս կարևոր հանգամանքը կայանում էր նրանում, որ Ռուսաստանը իր գրաված տարածքներում Արևմուտքի նման գաղութատիրական քաղաքականություն երբեք չի վարել։
Ուկրաինական կոնֆլիկտի հետ կապված անորոշությունների ու թյուրիմացությունների շարքը կարելի է երկար շարունակել, բայց մյուս կողմից էլ դրանք բնական ու հասկանալի են, քանի որ այդ ամենը ոչ ավել-ոչ պակաս 300 և ավել տարի տևած աշխարհակարգի փոխվելու հետևանքն է։
Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ այդ կոնֆլիկտի հետ կապված անորոշություններն ու թյուրիմացություններն ապագայում էլ են շարունակվելու, քանի որ նման բաների պոտենցիալը դեռ շատ հեռու է սպառվելուց։
Մյուս կողմից էլ, այդ կոնֆլիկտը հնարավորություն է տալիս ավելի իրական պատկերացում կազմել հակամարտ կողմերի ուժի ու հզորության մասին, որը կարող է ունենալ շատ կարևոր սթափեցնող դեր տաքգլուխների համար, որոնք, քանի գնում, այնքան ընդունելի են համարում միջուկային զենքի սահմանափակ կիրառումը, որը լի է նույն միջուկային զենքի անսահմանափակ կիրառման կործանարար ռիսկերով։
Հուսանք, որ կյանքի հարատևման հավերժական ձգտումը կգերակշռի կործանարար պատերազմում իրար հոշոտելու ու հաղթելու մոլուցքին, որն էլ մեզ համար էլ մի դուռ կբացի։
Աշխարհակալ ուժերի այս գլոբալին մոտ բախումը պետք է ինչ-որ չափով դաս լինի նաև մեզ համար և առաջին հերթին այն, որ առանց համապատասխան փորձի ու հզորության պոչատ էշով քարավանին խառնվելն ինքնին շատ մեծ ռիսկեր է պարունակում միամիտ թույլերի համար։
Պավել Բարսեղյան