Ձերբակալված Գայանեին դատարանի բակում աջակցելը գուցե լավ, բայց թույլ ու հումանիտար գործ էր: Գայանեն իր գործողութունն արել է և իրավական համակարգի կողմից բռնաճնշվել, էստաֆետը փոխանցել, որ իրեն աջակցողներն անեն: Կասկած չունեի, որ կալանավորվելու է, որովհետև իշխանությունը գիտի՝ ինչպես բոլորին երկար պահել այն ներվի մեջ, որն իրեն ձեռնտու է և աստիճանաբար թմրեցնել այդ ներվը: Իրական աջակցությունը հետևյալն է՝ քանակով և կամքով պարալիզացնել այն համակարգը, որը պահում է Գայանեին: Դա չեն կարող անել որդեկորույս ծնողները, դա չի կարող անել սովորական ըմբոստ քաղաքացին միայնակ, դա ՔԱՂԱՔԱԿԱՆ գործընթաց է՝ իր ողջ էությամբ ու տրամաբանութամբ, դա պետք է անեն ՔԱՂԱՔԱԿԱՆ համարվող ուժերը իրենց ռեսուրսով, կազմակերպվածությամբ, հիերարխիայով և լիդերությամբ: Եթե դա չի արվում, հարցը չի քաղաքականացվում, ուրեմն լքվում են և՛ որդեկորույս ծնողները, և՛ ըմբոստ քաղաքացիները:
Փաշինյանը սեփական որդու միջոցով, նրան վահան սարքելով , սեփական շահի համար քաշում է պրոցեսից մաքսիմալ քաղաքական շահ: Նրան ըմբոստացողները ոչ թե պետք է չքաղաքականցնեն հարցը, այլ, իրավականից ապտակ ստանալով, անցնեն քաղաքական պահանջի և դրա ողջ մոդերացիան ու կուրացիան հանձնարարեն քաղաքական ուժերին ու դերակատարներին. դա իրենց գործն է, հացն ու ջուրը, ընտրած ուղին և առաքելությունը, դրա համար են նրանք կոչվում քաղաքական ուժ, գործիչ: Քաղաքական ուժերն էլ պետք ունենան մեկ պլան՝ եթե Գայանեն դուրս չի գալիս բանտից, և դատախազությունը չի վերացնում կալանավորումը, ապա Փաշինյանը չի մտնում իր աշխատասենյակ՝ կառավարելու, իսկ «Նիկոլ 100%» վերնաշապիկով որդեկորույս մորը նստեցնողը այլևս քաղաքական թիրախ է, ոչ թե՝ «առևանգման զոհ»: ՎԵ՛ՐՋ:
P.S. Այս հնարավոր ձախողումը ոչ թե ժողովրդինն է լինելու, ոչ թե որդեկորույս ծնողներինը, ոչ թե ըմբոստ քաղաքացիներինը, այլ միայն և միայն նրանցը, ովքեր տարբեր պատճառներով իրենց քաղաքական ֆունկցիայի և քաղաքական գործառույթի մեջ կթերանան և կողմ կքաշվեն:
Վլադիմիր Մարտիրոսյան