Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը փորձում է մեղքն ու պատասխանատվությունը վանել իրենից և գլխավոր շտաբի պետից, գտնել քավության նոխազներ-4

Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը փորձում է մեղքն ու պատասխանատվությունը վանել իրենից և գլխավոր շտաբի պետից, գտնել քավության նոխազներ-4
27.04.2023 | 22:42

Հաղորդում հանցագործության մասին

(սկիզբը` այստեղ)

Թշնամական պետությանը՝ Ադրբեջանին, Հայաստանի պետական մի շարք պաշտոնյաների կողմից դավաճանաբար ցուցաբերվել է օգնություն, կատարվածն այլ կերպ հնարավոր չէ գնահատել:

Վերոնշյալ օգնության շնորհիվ, թշնամին Հայաստանի համապատասխան պաշտոնյաների (բացառված չէ՝ նաև Նիկոլի, կամ առաջինը՝ հենց Նիկոլի) կողմից նախապես ծանուցված լինելով, որ հայկական կողմը Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ և Կոռնիձոր- Տեղ երթուղու հատվածում իր ԶՈւ բանակային ստորաբաժանումը փոխարինելու է իր զինվածությամբ ու զինծառայողների քանակով վերջինիս էապես զիջող ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողներով, ս. թ. մարտի 30-ին առնվազն հինգ տեղից, առանց զինված դիմադրության հանդիպելու, մի քանի հարյուր մետր (եթե ոչ ավելին) ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք, գրավել է այն, ավելին՝ իր զբաղեցրած տարածքում ինժեներական ամրաշինական աշխատանքներ կատարելով, ամրապնդվել և առ այսօր մնում է այնտեղ:

Ընդ որում, ինչը Նիկոլն ու նիկոլենք չեն կարող ժխտել, Հայաստանի համապատասխան պաշտոնյաների կամ առնվազն նրանցից մեկի կողմից Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նախապես ծանուցվել է նաև, թե հայկական կողմն իր վերոնշյալ փոփոխությունը որոշակի որ օրը, երբ և որտեղ է կատարելու, և Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներն ավելի շուտ եկել կանգնել են Հայաստանի տարածքում ու դիրքավորվել:

Ավելին. Նիկոլն ու նիկոլենք չեն կարող ժխտել նաև, որ իրենց նախապես քաջ հայտնի է եղել վերոնշյալ փոփոխության առնչությամբ Ադրբեջանի ուխտադրուժ լինելը, այսինքն՝ Ադրբեջանի հետ հայկական կողմի ձեռքբերած պայմանավորվածությունների խախտումը, ինչի հետևանքով, ինչպես «Սիվիլնեթ»-ին ապրիլի 14-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի «Անվտանգության խորհուրդ» կոչվածի քարտուղար Արմեն Գրիգորյանը, տեղի է ունեցել մարտի 30-ի միջադեպը, այսինքն՝ Հայաստանի տարածքային անձեռնմխելիության, ամբողջականության, իր տարածքի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանության խախտումը:

Այսպիսով, ինչպես բխում է վերը շարադրվածից, առերևույթ կատարվել է Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածով նախատեսված արարք՝ պետական դավաճանություն, ավելի որոշակի՝ օտարերկրյա (ավելին՝ նույնիսկ թշնամական) պետությանը (Ադրբեջանին) թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն է ցուցաբերվել՝ ի վնաս Հայաստանի և՛ ինքնիշխանության, և՛ տարածքային անձեռնմխելիության, և՛ արտաքին անվտանգության (թվարկված հետևանքներից նույնիսկ միայն մեկի առկայությունը բավարար է արարքը պետական դավաճանություն որակելու համար): Ընդ որում, վերոնշյալ արարքը պարտադիր պետք է դիտարկել ու գնահատել Քառասունչորսօրյա պատերազմին առնչվող պետական դավաճանության ու նշված պատերազմի պարտվողական բնույթի համատեքստում:

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլն այս ամենից հետո փորձում է մեղքն ու պատասխանատվությունը վանել իրենից և գլխավոր շտաբի պետից, իր կամ (և) յուրայինների կողմից կատարված առանձնապես ծանր հանցագործությունը՝ պետական դավաճանությունը, կոծկել, և իրականությունը կեղծելով, կատարվածի հետևանքը (Տեղ գյուղի մոտ ապրիլի 11-ի միջադեպը, որի արդյունքում մի շարք զոհեր ու վիրավորներ ունենք ) ներկայացնել իբրև ինչ- որ անձանց կողմից թույլ տրված զանցանք, վարչական պատասխանատվության ենթակա արարք, ընդ որում, չհրապարակելով այն անձանց պաշտոնները և անունները, ովքեր իբրև թե, իր ասելով, չեն կատարել իրենց տրված հանձնարարությունները:

Շարունակելով իր գեղցու «շուստրիությունը», Նիկոլը փորձում է յուրայիններից դուրս գտնել քավության նոխազներ, բայց ոչ թե իրականում կատարվածի՝ պետական դավաճանության, այլ իրենց իբրև թե տրված ինչ- որ հանձնարարությունների կատարումը ձախողելու համար, որին, իր իսկ խոսքով, «պետք է հետևեն և վարչական, որոշակի ադմինիստրատիվ հետևանքներ»:

«Եվ այդ սցենարը (Ադրբեջանի ուխտադրժությունը, նրա կողմից պայմանավորվածությունների խախտումը.- Ա. Հ.) նույնպես կանխատեսվել է, և այդ սցենարի շրջանակներում նույնպես կոնկրետ անձանց տրվել են կոնկրետ հանձնարարություններ, և այդ հանձնարարությունների կատարումը ձախողվել է, և, իհարկե, դրան պետք է հետևեն և վարչական, որոշակի ադմինիստրատիվ հետևանքներ, բայց նաև պետք է ավելի խորը քննենք, և հասկանանք ինչն է այդպես դասավորվել և ինչու է այդպես դասավորվել»,- «Ազգային ժողով» կոչվածում ապրիլի 12-ին հայտարարել է Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլը:

Ինչպես արդեն նշեցինք, Նիկոլն իր ասած «կոնկրետ անձանց» անունները, պաշտոնները չի հայտնել (վստահ ենք՝ միտումնավոր կերպով): Թեև նրա վերոնշյալ հայտարարությունից արդեն 2 շաբաթ է անցել, սակայն տվյալ անձանց անունները, պաշտոններն առ այսօր էլ հրապարակված չեն:

Հասարակությանն առ այսօր չի տեղեկացվել նաև, թե նրանք վարչական (ադմինիստրատիվ) որոշակի ի՞նչ պատասխանատվության են ենթարկվել, ինչից կարելի է եզրակացնել, որ Նիկոլը հերթական անգամ ստել է, ստել է նաև այստեղ, այս հարցում, այսինքն՝ նրա ասած «կոնկրետ» անձինք ապրիլի 12-ից հետո էլ նույնիսկ վարչական պատասխանատվության չեն ենթարկվել, և Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի համար կարևորն իր զոմբիների ու հասարակության միամիտ հատվածի գլխի տակ փափուկ բարձ դնելն ու նրանց հանգստացնելն է եղել՝ խաբելով, թե «իհարկե, դրան (հանձնարարությունների կատարումը ձախողելուն.- Ա.Հ.) պետք է հետևեն և վարչական, որոշակի ադմինիստրատիվ հետևանքներ»:

Բնականաբար, հարց է առաջանում, թե ի՞նչ հանձնարարությունների կատարումը ձախողելու մասին է Նիկոլի խոսքը: Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, իհարկե, խորամանկաբար այս մասին էլ չի հայտնել, բայց «Ազգային ժողով» կոչվածում ապրիլի 13-ին լրագրողի հարցից՝ «Ի՞նչ հանձնարարություններ են տրվել, որ չի կատարվել», հավանաբար նեղն ընկնելով, Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի (ԳՇ) պետ Էդվարդ Ասրյանը խոստովանել է ՝ «Պետության ռազմական անվտանգությունն ապահովելու»:

Ուրեմն պետության ռազմական անվտանգությունն ապահովելու հանձնարարությունը չկատարելու համար, որի հետևանքով բազմաթիվ զոհեր և վիրավորներ ունենք, մեղավոր անձինք պետք է վարչակա՞ն պատասխանատվության ենթարկվեն (իհարկե, եթե նույնիսկ ենթարկվեն…)՝ այն դեպքում, երբ տվյալ արարքի համար Քրեական օրենսգրքով նախատեսված է քրեական պատասխանատվություն: Կատարվածին այս վերաբերմունքը ոչ միայն անհեթեթ է, այլև, թերևս, հանցանք՝ հանցագործության պարտակում Նիկոլի կողմից: Նրա խնդրո առարկա հայտարարությունը դժվար է այլ կերպ ընկալել, գնահատել, քան, լավագույն դեպքում, համապատասխան պաշտոնյաներին տրված անուղղակի ցուցում՝ բանն ավարտել վարչական պատասխանատվությամբ:

Իսկ գիտե՞ք ինչու է Նիկոլն այսպես վարվում, այսինքն՝ ինչու է հայտարարել միայն վարչական հետևանքների մասին: Որովհետև եթե հայտարարեր քրեական հետևանքների մասին և, ի վերջո, «ԱԱԾ» կոչվածի, նրա սահմանապահ զորքերի որևէ սպայի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնվեր, ապա վերջինս գոնե դատավարության ընթացքում կարող էր բացահայտել, հայտարարել ու հիմնավորել, որ Տեղ գյուղի մոտ և Կոռնիձոր- Տեղ երթուղու հատվածում մարտի 30-ին տեղի ունեցածը պետական դավաճանության, համենայն դեպս, հանցագործության հետևանք է, և այդ հանցագործության հետևում կանգնած է կամ Նիկոլը, կամ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, կամ ԳՇ հատուկ բանակային կորպուսի ղեկավարը, պատասխանատուն, կամ էլ նրանցից երկուսը կամ երեքը միասին:

Եթե որոշ ստահակների թվում է, թե պաշտոնից ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանի ազատմամբ (ի դեպ, եթե իր դիմումով չի եղել, ապա ոչ թե վարչական, այլ կարգապահական պատասխանատվությամբ), ընդ որում, չհայտնելով, չհստակեցնելով ազատման պատճառը և այն թողնելով ենթադրությունների դաշտում, հաջողվել է, այսպես ասած, «գազը բաց թողնել» կամ հասարակության աչքերին թոզ փչել, ապա չարաչար սխալվում են:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մանրամասները` https://livenews.am/press/2023/224632/26/22/15/?fbclid=IwAR0uUwDCQzodGNnfZRniNanWB3sSgAP14VeBZqFrOOIYHj9-rafgopCrqlU

Դիտվել է՝ 10876

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ