Նիկոլ Փաշինյանը անկախ Հայաստանի պատմության մեջ այն միակ ղեկավարն է, ով ԵԽԽՎ բարձր ամբիոնից այդպես էլ չխոսեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորության մասին: Առ այսօր ՀՀ իշխանությունը չի հայտարարել, որ Հայոց ցեղասպանությունը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում: ՀՀ ներկայիս իշխանությունը ոչնչացնում է Հայկական հարցը, սրանք աշխատում են Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դեմ, անում այն, ինչ տասնամյակներով արել ու չի հաջողել Թուրքիան:
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանն ու ՔՊ-ականները սկսեցին խոսել այն մասին, թե պետք է վերանայվեն Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ, որ հայկական դիվանագիտության մեջ պետք է կառուցողական շտկումներ արվեն, Թուրքիան ու Ադրբեջանն այլևս թշնամի պետություններ չեն, և որ մենք պետք է երկու երկրների հետ հաստատենք խաղաղ հարաբերություններ: Փաշինյանը շարունակում է վստահեցնել հայ ժողովրդին, թե հնարավոր է թշնամանքը, ատելությունը դարձնել կառավարելի, «խաղաղության դարաշրջան» բացել ցեղասպանական քաղաքականություն իրականացրած և այն շարունակող Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Նիկոլի ծրագիրն է՝ ներել արտաքին թշնամիներին և պատժել ներքին «թշնամիներին»՝ իր ազգակործան ծրագրերի ընդդիմախոսներին։
Հայաստանի արտաքին քաղաքական առանցքային դիրքորոշումների վերաբերյալ Փաշինյանի աննախադեպ ու տարակուսանք առաջացնող հայտարարությունները հաջորդում են մեկմեկու: Ինչպես Արցախի, այնպես էլ Հայոց ցեղասպանության հարցում նա խեղաթյուրում է փաստերը, գլխիվայր ներկայացնում նախկինների կողմից իրականացված բանակցային գործընթացը: Հիշեցնեմ մեկ օրինակ. 2022-ի ասուլիսներից մեկում Փաշինյանը հայտարարեց, թե. «Հայաստանը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել։ 2005 թվականին Ռոբերտ Քոչարյանը հրապարակային հայտարարել է, որ Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ չունի և տարածքային հավակնություններ չունի։ Այս հայտարարությանը հղում է արել նաև Սերժ Սարգսյանը: Այսինքն՝ Հայ դատը երբեք Հայաստանի քաղաքականություն չի եղել: Լոկոմոտիվը, շարժիչ ուժը միշտ էլ եղել են Սփյուռքն ու Սփյուռքի կազմակերպությունները»: Ո՞րն է այստեղ ողջ կեղծիքը, մանիպուլյացիան: Նախկին նախագահների օրոք, այո, Հայաստանը երբեք Թուրքիային տարածքային կամ հողային պահանջ չի ներկայացրել, բայց դա չի նշանակել, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչել է բոլշևիկյան Ռուսաստանի ու քեմալական Թուրքիայի միջև 1921-ին ստորագրված Կարսի պայմանագիրը: Ավելին, Հայաստանը մշտապես անօրինական, ոչ լեգիտիմ է համարել Կարսի պայմանագիրը: Երկրորդ, Փաշինյանը ստում է հայտարարելով, թե Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացում առաջամարտիկը եղել է Սփյուռքը: Սա բացարձակ կեղծիք է, քանի որ առանց Հայաստանի պետական քաղաքականության անհնար կլիներ սփյուռքյան ներուժի կազմակերպումն ու արդյունավետ օգտագործումը: Հայոց ցեղասպանության ճանաչման գործում համատեղ գործել են՝ Հայաստանի իշխանությունները, Հայ դատի, Սփյուռքի տարբեր կառույցները: Իսկ այսօր իրավիճակը բոլորովին այլ է. Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը ձեռքերը լվացել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից: Ի դեպ, երբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հայտարարում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի գործը չէ, այլ Սփյուռքի, բնականաբար, ստեղծում է անհասկանալի իրավիճակ նաև աշխարհի այն երկրների համար, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը: Սա հայ ժողովրդի համար նվաստացուցիչ ու անարժանապատիվ քաղաքականություն է: Փաշինյանը տակնուվրա է արել հայկական արտաքին քաղաքականությունը: Այն, որ ՈՒրուգվայում Թուրքիայի դեսպանության առաջ ցույց անող հայերի վրա ծիծաղում է Թուրքիայի ԱԳ նախարարը և սպառնում՝ ցույց տալով «գորշ գայլերի» նշանը, սա ուղիղ հետևանքն է Փաշինյանի կողմից վարվող հակահայ քաղաքականության:
Եթե նախկին իշխանությունների համար Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նպատակը Հայաստանի անվտանգությունն ապահովելն էր, ապա Փաշինյանի ու իր թիմի համար առաջնայինը ամեն գնով՝ ի հաշիվ Հայաստանի ու Արցախի անվտանգության, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ առևտուր անելը: Բարեկամության քարոզի հետ մեկտեղ ժողովրդին ոգևորում են, թե ճանապարհները երբ կբացվեն, տնտեսական թռիչքային աճ ենք ունենալու, «հարևանների հետ լոլիկի, վարունգի, պանրի առևտուր կանենք» ու լավ կապրեք: Անհայրենիք մարդկանց ստամոքսային քաղաքականություն, այլ կերպ չես կարող բնորոշել:
Օրերս Ազգային ժողովում Փաշինյանը խոսում էր «հայրենասիրության մոդելը» փոխելու անհրաժեշտության մասին, կոչ արեց փոխել պատմության ընկալման դիտանկյունը: Բերեց Արագած լեռան օրինակը, թե տանը չենք կախում Արագածի նկարները, բայց կախված են Արարատինը, ավելի քիչ բանաստեղծություններ են գրվել Արագածի մասին, քան Արարատ լեռան: Ամենևին պատահականություն չէր հայկական երկու սարերը՝ Արարատն ու Արագածն իրար հակադրելը, ինչպես պատահականություն չէր այդ մասին Հայոց ցեղասպանության 108 տարելիցի նախաշեմին հայտարարելը: Սրանք պատրաստվում են հրաժարվել Արարատից, Հայաստանի զինանշանից պոկել-հանել Հայոց Մասիսները՝ իրականացնելով Թուրքիայի վաղեմի նպատակներից մեկը: «Փաշինյանը առաջ է մղում Հայոց Ցեղասպանության հարցում հայ ժողովրդի ընկալումների փոխման անհրաժեշտությունը։ Սա Հայոց ցեղասպանության ժխտման փորձ է Հայաստանի վարչապետ հանդիսացող անձի կողմից, ինչը քրեորեն հետապնդելի արարք է»,- ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը:
Հայ ժողովուրդը, որ կանգնած է գոյութենական վտանգի առաջ, պե՛տք է իմանա, որ Հայաստանի ՔՊ-ական ռեժիմը՝ Փաշինյանի գլխավորությամբ, գնում է Թուրքիայի բոլոր նախապայմանների կատարման ճանապարհով, իսկ դա նշանակում է՝ հրաժարում Հայ դատից՝ Ցեղասպանության միջազգային օրակարգից, հրաժարում հայկական պահանջատիրությունից, ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, դրանով ճանաչել Կարսի պայմանագիրը, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Արցախը դիտելով Ադրբեջանի անքակտելի մաս: Փաշինյանը նաև իր համաձայնությունն է տվել թուրքական մյուս՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման նախապայմանին:
Այսօր չկա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթաց, ինչպես չկա Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթաց, այսօր կա Հայաստանի վիլայեթացում ու Արցախի հանձնում Ադրբեջանին: Նիկոլի ու իր ՔՊ-ական ազգակործանների համար ինչպես Արցախն է բեռ, այնպես բեռ է Հայոց ցեղասպանության իրողությունը, բեռ է հայկական պետականությունը:
Ինչպես խոստովանեց ազգակործանը՝ «Էս խաղը պրծած խաղ է»: Հայկական պետականության կորուստը կանխելու մեկ ճանապարհ կա՝ դա հայ ժողովրդի անվտանգության սպառնալիք համարվող Նիկոլ Փաշինյանի հեռացումն է:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ