Երկրի վարչապետի պաշտոնը դե ֆակտո զբաղեցնողը շարունակում է նոր աղետների առաջ կանգնեցնել Հայաստանն ու Արցախը: Նա իր անգործությամբ ու ոչ հայանպաստ քայլերով շանս է տվել թշնամուն առաջ շարժվել և գրավել նորանոր տարածքներ, ընդ որում, չհանդիպելով հայկական բանակի որևէ դիմադրության:
Մեր աղբյուրներից ստացված տեղեկության համաձայն, հայ զինվորին արգելված է կրակել, իսկ հրահանգը նահանջն է։
Մինչ 2018-ը` Հայաստանում արտաքին ուժերի ձեռքով իրականացված իշխանափոխությունը, հայկական բանակը չէր հանդուրժում թշնամու որևէ շարժ, խոչընդոտում էր թշնամու դիրքավորման ցանկացած փորձ։ Հայկական զինված ուժերը, օգտագործելով հնարավոր ու անհնար առիթները, շարունակաբար բարելավում էին հայ-ադրբեջանական շփման գծին հարող դիրքերը, ամրանում նպաստավոր բարձունքներում` լիովին վերահսկողության տակ պահելով ադրբեջանական դիրքերը:
Իրավիճակը գլխիվայր փոխվեց 2018-ի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո: Պատկերն այսօր բոլորովին այլ է` թշնամին ոչ միայն գրավում է հայկական դիրքերը, այլև հասցնում է անգամ իրականացնել ինժեներական աշխատանքներ ու հանգիստ ամրանալ մեր բարձունքներում:
Այս ամենից հետո ո՞վ կարող է կասկածել, որ Հայաստանի իշխանության ղեկը ձեռք գցած հակահայ խունտայի ու Ադրբեջանի միջև կան հստակ բանավոր պայմանավորվածություններ: Ալիևը վստահ լինելով, որ Փաշինյանի հետ ունեցած պայմանավորվածությունների համաձայն հայկական կողմից որևէ դիմադրություն չի լինելու, ավելի ու ավելի է սեղմում օղակը` ստանալու իր ցանկալի «միջանցքը», վերջնականորեն հայաթափելու Արցախը, ձեռքի հետ էլ իրականացնելու հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում ու սահմանագծում:
Արցախն ու Սյունիքն այսօր թշնամու առաջ ամբողջովին միայնակ են թողնված` առանց պետական պաշտպանության:
ՓԱՇԻՆՅՆԱԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՄԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ԵՐԱՇԽԱՎՈՐԻՑ
«Ջերմուկը, Կապանը, Սևանը ադրբեջանական զինուժի տեսադաշտում են… ադրբեջանա-հայկական սահմանի ուղղությամբ մենք շատ շահեկան դիրքեր ունենք..»․ սա թշնամական պետության ղեկավարի հերթական ագրեսիվ հայտարարությունն է, ինչը պարզորոշ փաստում է այն մասին, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ պատրաստվում է նոր պատերազմի: Իսկ այս ծանրագույն իրավիճակում ի՞նչ քայլեր է անում Հայաստանի դե ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անցած տարվա նոյեմբերին նա հրաժարվեց Հայաստանի անվտանգության միակ երաշխավորի` ՀԱՊԿ-ի ռազմական աջակցությունից: Կեղծ պատճառաբանությամբ, թե ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական չհնչեցրեց ու Ադրբեջանը չճանաչեց ագրեսոր պետություն, Փաշինյանը կտրականապես հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ ռազամատեխնիկական աջակցության փաթեթը: Այնուհետև, հրաժարվեց ՀՀ տարածքում ընդունել ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունները։
Փաշինյանի քայլերի վերջնանպատակը պարզ է ու հասկանալի` ռազմավարական դաշնակից պետության` Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների խզում, ՀԱՊԿ-ից հրաժարում, ապա և 102-րդ ռուսական ռազմաբազայի դուրսբերում Հայաստանից: Արևմուտքի հակահայկական այս ծրագրի իրականացմանը լծված ՔՊ-ական պաշտոնյաները սկսեցին հաջորդաբար հնչեցնել այն անմիտ ձևակերպումը, թե. «Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է ուզում դուրս գալ Հայաստանից»: Չուշացավ ռուսական արձագանքը. ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Զախարովան ուղղակի ծաղրի ենթարկեց Փաշինյանին: Չլսված բան` Հայաստանի Հանրապետության պատմության մեջ:
Եվ չնայած ՀՀ իշխանության հակառուսական խաղերին, ռուսական կողմը չի դադարում խոսել ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օժանդակելու մասին: Մեկ ամիս առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վերստին հավաստեց, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելության անձնակազմը լիովին պատրաստ է 1-2 օրվա ընթացքում տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանին: Սակայն ի պատասխան Լավրովի` Փաշինյանը գնաց մյուս հակաքայլին` մարտի 10-ին հայտարարելով, թե Հայաստանը հրաժարվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։
Օրերս ՀԱՊԿ միացյալ շտաբի ընդլայնված նիստում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դարձյալ խոսեց Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, ասելով` «ռիսկերը շարունակում են մնալ արդիական»։ Իսկ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը վերահաստատեց ՀԱՊԿ պատրաստակամությունը` օգնելու ծանր իրավիճակում գտնվող ՀԱՊԿ անդամ Հայաստանին: Շուվալովն ասել է. «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ կովկասյան տարածաշրջանին, ապա կազմակերպությունը մշտապես պատրաստակամ է ՀԱՊԿ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման և այլ օգնություն ցուցաբերելու շահերից»:
ՀԱՊԿ հերթական առաջարկից անցել է մեկ շաբաթ, սակայն առ այսօր Հայաստանի իշխանությունը չի արձագանքել` պահպանելով լռություն:
ԹՈՒՂԹ ՈՒ ԳՐԻՉՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԵԿԱԾ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ
Պատերազմական իրավիճակում գտնվող երկրի վարչապետը մերժեց ՀԱՊԿ ռազմական օժանդակությունը, փոխարենը Հայաստան հրավիրեց թուղթ ու գրիչով «զինված» եվրոպացիներին: Հիշենք, որ եվրոպացի դիտորդների առաջին խմբաքանակը Հայաստան էր եկել 2022-ի նոյեմբերին: Թե ինչ էին անում, ինչով էին զբաղված անզեն եվրոպացիները հայ-ադրբեջանական սահմանին` դժվար է ասել: Եթե եկել էին Ադրբեջանին զսպելու համար, ապա դա նրանց ամենևին չհաջողվեց, որովհետև թշնամին այդ ամիսներին և՛ կրակում էր հայկական դիրքերի ուղղությամբ, և՛ սպանում հայ զինվորին: Հետո ասվեց, թե ԵՄ դիտորդները փաստեր են հավաքում, որպեսզի զեկույց պատրաստեն: Բայց մինչ օրս հայտնի չէ` գրվե՞ց, թե չգրվեց այդ զեկույցը, ու՞ր գնացին այդ ռազմական տվյալները, ինչի՞ն ծառայեցվեցին: Կան կասկածներ, որ իրականում ԵՄ «դիտորդների» անվան տակ հանդես եկող խումբը եվրոպական կառույցներից Հայաստանում ներդրված գործակալներ են, որոնք գտնվելով մեր դիրքերում, զբաղված են հայկական, ռուսական, իրանական զորամիավորումների շարժը դիտարկելով:
Եվ հիմա դարձյալ` 2023-ի փետրվարից, Հայաստանում են Եվրամիության 100 բացառապես քաղաքացիական առաքելության դիտորդները` 50-ը զինված` 50-ը անզեն: Սրանք նորից շրջագայում են ՀՀ սահմաններով ու փաստեր հավաքում…
Ի դեպ, տարօրինակ է, որ ԵՄ դիտորդների տեսադաշտից ամբողջովին դուրս է մնացել հիմնական վտանգը` թուրքական ու ադրբեջանական զորամիավորումների շարժը: Եվրոպացիները ոչինչ չեն խոսում Նախիջևանի, Քարվաճառի, Ջերմուկի ուղղությամբ նկատվող ադրբեջանական, թուրքական զինված ստորաբաժանումների կուտակումների մասին: Իսկ օրերս ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ասել էր. «Եվրոպացի դիտորդներն Ադրբեջանի տարածք մուտք չունեն, հետևաբար, չեն կարող հայտնաբերել հարձակման նախապատրաստվող զորքերի տեղաշարժը»։ Ռիտերը նաև անկեղծացել էր. «Մենք չենք կարող միջամտել, քանի որ ունենք միայն հեռադիտակներ և տեսախցիկներ»: Հիմա ի՞նչ, շնորհակալ լինե՞նք եվրոպացուն իր անկեղծության համար:
Հարց է առաջանում, այդ դեպքում ի՞նչ են զննում ու քննում, ի՞նչ փաստեր են անդադար հավաքում այս մարդիկ: Եվ ամենասարսափելին` ինչու՞ են իրենց ներկայությամբ փափուկ բարձ դնում հայ ժողովրդի գլխի տակ, երբ չեն կանխելու ագրեսոր Ադրբեջանի ռազմական գործողությունները, ինչո՞ւ են հիմարացնում հայ ժողովրդին ու ցինիկաբար հայտարարում, թե հայերը շատ ուրախ ու ապահով են իրենց զգում ԵՄ դիտորդների ներկայությամբ: Սո՛ւտ, սո՛ւտ սո՛ւտ` բոլոր կողմերից, մեջտեղում մոլորված Հայաստան, Արցախ ու հայ ժողովուրդ…
Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ…
ՔՊ-ական դավադիր իշխանության ձեռքով Հայաստանը ներքաշվել է Արևմուտքի հակառուսական, նաև հակաիրանական սցենարների մեջ: Պարզ է Արևմուտքի նպատակը` խամաճիկ Ադրբեջանի ձեռքով Ռուսաստանն ու Իրանը ներքաշել զինված հակամարտության մեջ, Հարավային Կովկասում երկրորդ ճակատ բացել` թուլացնելով Ռուսաստանը: Ցավալի է, որ իսրայելա-բրիտանա-ադրբեջանա-թուրքական այս հայակործան սցենարի իրականացման ուղղակի մասնակիցը Հայաստանի ներկայիս իշխանությունն է` Փաշինյանի խունտան:
Արմինե Սիմոնյան
Հ.Գ. ՀՀ վարչախմբի ազգադավ քայլերից մտահոգ, օրերս երեք ուժային կազմակերպությունները («Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն, «Պահեստազորի սպաների» շարժում, «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն), հանդես եկան հայտարարությամբ, որով պահանջում են Փաշինյանից`
– ստորագրել ՀԱՊԿ կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակության փաթեթը,
-անհրաժեշտության դեպքում խնդրել ՀԱՊԿ-ին`Հայաստանի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ տեղակայելու մասին:
Ուժայիններն իրենց հայտարարությունն ավարտում են վարչախմբին ուղղված զգուշացմամբ. «Հակառակ դեպքում երկրի համար կործանարար հետևանքների ամբողջ պատասխանատվությունը մնում է Նիկոլ Փաշինյանի վրա»։
Մանրամասները` https://livenews.am/press/2023/220525/31/18/13/?fbclid=IwAR3T2FhV9QIaqxCJnfwDmHhYCgbbIjYvrV3LWAockqFWYXgaUuBBmqMEflM