Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Հայաստանը նահանջել է ըստ Economist-ի 2020 թ-ի Ժողովրդավարության ցուցանիշի

Հայաստանը նահանջել է ըստ Economist-ի 2020 թ-ի Ժողովրդավարության ցուցանիշի
20.02.2021 | 16:37

«Economist»-ը վերջերս հրապարակել է 2020-ի Ժողովրդավարության գլոբալ ինդեքսը (Global Democracy Index 2020), անդրադարձել է նաև Հայաստանի ժողովրդավարության զարգացման մակարդակին, տեղեկացնում է Ամերիկայի ձայնը:


165 պետությունների շարքում Հայաստանը զբաղեցրել է 89-րդ տեղը` նախորդ զեկույցի հետ համեմատած գրանցելով նահանջ: 2019-ի Ժողովրդավարության գլոբալ ինդեքսի ցուցանիշով Հայաստանը 86-րդ տեղում էր: Ընդհանուր 5.35 միավորով, երկիրը շարունակում է որակվել «հիբրիդային ռեժիմ»: Զեկույցում նշված է, որ Հայաստանի ցուցանիշները նահանջ են արձանագրել 2020-ին, այն դեպքում, երբ երկիրը զգալի առաջընթաց էր գրանցել 2018-19 թթ.-ին: Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ զինված ընդհարման արդյունքում, ըստ զեկույցի, Հայաստանի կառավարությունը ռազմական դրություն մտցրեց, որը զգալիորեն սահմանափակեց քաղաքացիների ազատությունները, ներառյալ խոսքի ազատությունը: Ռազմական դրությունը շարունակվում է նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից հետո, երբ հաստատվեց զինադադար: Ըստ զեկույցի, ռազմական դրությունը օգտագործվում է` հակակառավարական ցույցերը ճնշելու և ընդդիմության առաջնորդներին բերման ենթարկելու համար:


165 պետությունների և 2 տարածքների տվյալները հետազոտող Ժողովրդավարության ցուցանիշը հիմնված է հինգ կատեգորիաների վրա՝ ընտրական գործընթաց և բազմակարծություն, քաղաքացիական ազատություններ, կառավարության գործունեություն, քաղաքական մասնակցություն և քաղաքական մշակույթ: Այս կատեգորիաների շուրջ 60 ցուցանիշների հիման վրա է ձևավորվում ամեն մի երկրի դասակարգումը և պատկանելիությունը ռեժիմի չորս տեսակներից մեկին ՝ ամբողջական ժողովրդավարություն, անկատար ժողովրդավարություն, հիբրիդային ռեժիմ կամ ավտորիտար ռեժիմ:
Ըստ «Economist»-ի՝ 2020 թ-ի դրությամբ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում, որի մեջ մտնում են նաև հետխորհրդային երկրները, դեռևս չկան «ամբողջական ժողովրդավարության» տեսակի երկրներ: Տարածաշրջանում առաջին երկրորդ տեղերում են Էստոնիան և Չեխիան, իսկ ցանկի վերջին երկու տեղերում են Տաջիքստանն ու Թուրքմենստանը:

Ռեժիմի տեսակի փոփոխություն է գրանցել միայն Ալբանիան՝ «հիբրիդային ռեժիմից» տեղափոխվելով «անկատար ժողովրդավարություն» կատեգորիա: Վերջինումս ընդգրկված են 13 երկներ: Ութ երկիր դասվում է «հիբրիդային ռեժիմների» շարքին, որոնց թվում են Հյուսիսային Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Բոսնիա Հերցեգովինան, ինչպես նաև հետխորհրդային Ուկրաինան, Մոլդովան, Հայաստանը, Վրաստանը և Ղրղզստանը: Տարածաշրջանի մնացած երկրները՝ Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը, Տաջիքստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանն ու Ադրբեջանը «ավտորիտար ռեժիմներ» են:
Զեկույցում Վրաստանը զբաղեցնում է 91-րդ հորիզոնականը (անցած տարի՝ 89-րդ), Ադրբեջանը՝ 146-րդ (անցած տարի՝ 147-րդ), Թուրքիան՝ 104-րդ (անցած տարի՝ 110-րդ), Իրանը՝ 152-րդ (անցած տարի՝ 151-րդ), Ռուսաստանը՝ 124-րդ (անցած տարի՝ 135-րդ):

Ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրների առաջին տասնյակում են Նորվեգիան, Իսլանդիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Կանադան, Ֆինլանդիան, Դանիան, Իռլանդիան, Ավստրիան և Նիդերլանդները: Միացյալ Նահանգները 7.92 միավորով պահպանել է նույն 25-րդ տեղն՝ անցած տարվա ցուցանիշի համեմատ:

Դիտվել է՝ 10203

Մեկնաբանություններ