Երկրում ստեղծված իրավիճակի շուրջ երեկ խորհրդարանում լսումներ էին։ Մասնակցում էին դիվանագետներ, ճանապարհ անցած քաղաքական գործիչներ, թուրքագետներ, գիտնականներ, մտավորականներ, խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ։ Չկար ոչ մի իմքայլական։
Իհարկե, նրանց համար դժվարամարս քննարկում էր, պետք է քաղաքական ասելիք ունենային, որ լինեին, պետք է համարձակություն ունենային, որ այդ մարդկանց երեսին նայեին։ Բայց եթե իշխանությունն այս մարդկանց հետ չի կարող խոսել, առնվազն լսել, ուրեմն ինչու են իրենց գոյությունը շարունակում որպես իշխանություն։ Այս մարդիկ ոչ նախկին իշխանության ներկայացուցիչներ էին, ոչ էլ «հին» էին, նրանք իրավիճակը հասկացող և գնահատող քաղաքացիներ էին, որոնց պիտի լուռ լսեին, գոնե քաղաքական երկու միտք յուրացնեին, որպեսզի չշարունակեն այդքան բոբիկ լինել, խարխափել, տգիտության մեջ դեգերել։ Լիկբեզ էր իմքայլականների համար, բայց նրանք չկային։ Սակայն արի ու տես, որ նրանք իրենց հարմար եթերներից չեն խորշում հայտարարել, թե ժողովրդի հետ երկխոսում են։ Բա ու՞ր էիք, երբ ժողովրդի մտավոր հատվածը ձեր դուռն էր եկել՝ խորհրդարան, բարի լինեիք, գնայիք երկու խոսք ասեիք։ Վախենում էիք ծիծաղելի վիճակու՞մ հայտնվել, այդ դեպքում նման մակարդակով ի՞նչ գործ ունեք իշխանությունում։
Սա լավագույն ապացույցն է, թե այսօր Հայաստանում ինչ որակի իշխանություն է՝ փողոցից եկած ու փողոցի մակարդակին մնացած մարդկանց խումբ, որոնք բնական հակակրանք ունեն մտքի, գաղափարի հանդեպ։ Բայց ողբերգությունն էլ հենց այն է, որ նրանք դեռ շարունակում են մեր ժողովրդին ներկայացնել։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ