Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Տարոն Սիմոնյան. Փաշինյանի ստորագրած հայտարարությամբ ջուրն ենք գցել 1993-1994-ից վարվող արտաքին քաղաքականությունը

Տարոն Սիմոնյան. Փաշինյանի ստորագրած հայտարարությամբ ջուրն ենք գցել 1993-1994-ից վարվող արտաքին քաղաքականությունը
19.11.2020 | 15:02

Այն դրույթները, որոնք ամրագրվել են Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթում, միջազգային պայմանագրին հատուկ դրույթներ են, որոնք ենթակա են ԱԺ-ում վավերացման: Եթե այդ գործընթացը չի կատարվել, սրանք առոչինչ դրույթներ են՝ խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ նշելով, որ կանգնած ենք փաստի առաջ:

«Թուրքիան Հայաստանի հետ սահմանին զորք է կուտակում. եթե ուշադիր լինենք Թուրքիայի՝ վերջին շրջանում արած հայտարարություններին, կարելի է հստակ տեսնել մի փաստ՝ Թուրքիան ասում է, թե մտավախություն ունի, որ հետքայլ է կատարվելու ստորագրված փաստաթղթից, և ցանկանում է երաշխիքներ ունենալ, որ որևէ կողմ փաստաթղթից հետքայլ չի կատարի: Սա կարելի է դիտարկել Թուրքիայի կողմից ուժի ցուցադրություն»,-ասաց պատգամավորը: Նա ընդգծեց՝ սա միակ փաստաթուղթն է, որտեղ ՀՀ-ն՝ ի դեմս վարչապետի, ընդունել է, որ ՀՀ-ն ոչ միայն հակամարտության կողմ է, այլև զորքեր է տեղակայել Արցախում: «Սա նշանակում է, որ 93-94 թվականից սկսած մեր արտաքին քաղաքականությունը մի հայտարարության տեքստով պատռել, ջուրն ենք գցել: Ով ուզում է լինի վարչապետ, բայց չի կարող լինել մի մարդ, որն այս խայտառակ փաստաթղթի տակ ստորագրել է: ՀՀ շահի տեսանկյունից սա ամենախայտառակ փաստաթուղթն է վերջին երեք տասնամյակի ընթացքում»,-ասաց Սիմոնյանը:


ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց՝ Սահմանադրության համաձայն՝ եռակողմ հայտարարությունը համարվում է քաղաքական կամ ռազմական բնույթ կրող փաստաթուղթ, որը չի վավերացվել խորհրդարանում: «Այն մեզ համար առաջացնում է այլ խնդիրներ՝ տարածքային ամբողջականության հետ կապված, որովհետև մենք այս փաստաթղթով զիջում ենք տարածքային ամբողջականությունից ինչ-որ իրավիճակ, ասում ենք՝ թույլ կտանք՝ մեր տարածքով անցնեն: Ճանապարհ ենք տալիս այն դեպքում, երբ փաստաթղթում նշված է, որ բոլոր շրջափակումները ապաարգելափակվում են, բացվում են: Սա խայտառակություն է, և Արցախի հակամարտության հետ կապված երբևէ որևէ թուղթ չի ստորագրվել, որը կազդեր ՀՀ տարածքային ամբողջականության վրա կամ որևէ ձևով ՀՀ-ին որևէ հարցում պարտավորության մեջ կդներ»,-ասաց Մարուքյանը:


Անդրադառնալով վարչապետի հրաժարականը պահանջող ուժերի հետ համագործակցելու հարցին՝ Մարուքյանն ասաց, որ քաղաքական ուժերի հետ քննարկումներն ընթացքի մեջ են. «Մեր խորհրդարանական գործիքակազմը չի սպառվել, չի էլ սպառվելու: Պարզ է, որ իշխանությունը միշտ դա տապալելու շատ գործիքակազմ ունի, բայց ընդդիմությունն էլ շատ գործիքակազմ ունի: Մենք ինչ էլ որ անենք, անելու ենք Սահմանադրության և օրենքների տրամաբանության մեջ, և որևէ ձևով իշխանությանը հնարավորություն չենք տալու մեր նկատմամբ որևէ օրենք կիրառել»,-ասաց պատգամավորը:


Կառավարության փոփոխության և վարչապետի հեռանալու մասին Մարուքյանն ասաց, թե դա շատ հստակ են արձանագրում. «Չի կարող այս փաստաթուղթն ստորագրած վարչապետը ապագայում սրանից քաղել հայանպաստ տեքստեր»,-նշեց նա:

Դիտվել է՝ 2969

Մեկնաբանություններ