ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ վստահեցնում է՝ մեկ տասնյակից ավելի կուսակցությունների հայտարարությանը՝ պատերազմական այս ծանր օրերին օպերատիվ շտաբ ստեղծելու և այդ մարմինը որոշումներ ընդունելու իրավասություններով օժտելու առաջարկով, սահմանադրական է ու նախատեսվում է օրենքով. «Ռազմական դրության իրավական ռեժիմի օրենքի 6-րդ հոդվածի «Զ» ենթակետն ուղղակիորեն նախատեսում է, որ կառավարությունը կարող է ստեղծել պետական հատուկ մարմին և սահմանել նրա լիազորությունները: Այս մարմինը որևէ պետական կառույցի փոխարինելու խնդիր չունի: Այն պետք է ունենա կոնկրետ լիազորություններ, ու, բնականաբար, պետք է գործի ըստ ստեղծված իրավիճակի: Իսկ ստեղծված վիճակը, ինչպես բնութագրել են թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ Արցախի նախագահը, օրհասական է։ Մարմինը ձևավորելուց հետո անհրաժեշտ է հստակ դերաբաշխում իրականացնել, սահմանել գործառույթներն ու լիազորությունները, որպեսզի բոլոր այն անձինք, ովքեր անհրաժեշտ կարողություն, փորձառություն ու կապեր ունեն, արդյունավետ օգտագործվեն երկրի համար կարևորագույն այս շրջանում: ՈՒզում եմ կոչով դիմել բոլոր նրանց, ում համար պահը չափազանց կարևոր է. սթափվեք և գիտակցեք, որ սա ոչ թե իշխանության փոփոխության, այլ երկիրը պաշտպանելու, պետականությունը փրկելու խնդիր է»:
«Իրատեսի» հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆՆ էլ նշեց, որ դեռևս սպասում են կառավարության համապատասխան արձագանքին, ու մարմինն անպայմանորեն կձևավորվի. «Հուսով ենք՝ գործադիրում հետևություններ կանեն ու ընթացք կտան մեկ տասնյակից ավելի կուսակցությունների առաջարկին: Իսկ եթե կառավարությունը չարձագանքի, քննարկումներ կունենանք մնացած ուժերի հետ, կհասկանանք՝ ինչ ենք անում, ապա հայտարարությամբ հանդես կգանք: Այս պահին մնացած ուժերի մասով ոչինչ ասել չենք կարող, այդ ամենը քննարկումներից հետո պարզ կլինի»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ