Հետագիծ չունեցողներն ուրիշի անցյալին են որակումներ տալիս
15.05.2020 | 00:30
Այս իշխանության ամենալուրջ խնդիրը ոչ այնքան նախկիններին նմանվելն է, անելն ու արդարացնելը այն, ինչ նախկինում քննադատել են, որքան սեփական կարգավիճակից բխող պատասխանատվության չգիտակցումը։ Այսօր իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես խորհրդարանական մեծամասնության անդամները երբեմն այնպիսի ելույթներ ու հայտարարություններ են անում, որ տարակուսում ես` գիտե՞ն, թե որտեղ են ու ինչ են ասում։ Երբ չկայացած, փողոցից անմիջապես պատգամավորի աթոռին նստած, կենսագրություն չունեցող մարդն ամենավերջին որակումներով քննադատում է նախկին համարվող պաշտոնյայի, քաղաքական գործչի, ճանապարհ անցած մարդու, մի պահ ուզում ես պատկերացնել, թե նա ինչ կդառնար, եթե քաղաքական նույն ճանապարհն անցած լիներ։ Եթե ունենային այդքան լիազորություններ, որքան իրենց մշտական քննադատության սուբյեկտ դարձած որոշ անձինք, քանի անգամ սայթաքած կլինեին, իշխանություն պահելու գայթակղությունից դրդված ինչեր կանեին ու ինչ թալանի մասնակից կլինեին։ Ընդամենը երկու տարվա իշխանություն են, բայց արդեն կոռուպցիոն տարբեր գործարքների մեջ են կասկածվում, նույն հիմքով քրեական գործեր են հարուցված։ Մեկ բան աներկբա է. քննադատության թիրախում հայտնվածներից շատերն իրենց սխալներով, լավ ու վատ քայլերով, փորձառությամբ անցել են մի ճանապարհ, որի կես տոկոսը նրան քննադատող երիտասարդ իմքայլականները դեռ չեն էլ անցել, բայց դա չի խանգարում նրանց ամբիոններից հաթաթաներ տալ, սպառնալ, մերկապարանոց հայտարարություններ անել ու իրենց անտեղյակության անհեթեթ իրավիճակներում հայտնվել։ Քաղաքական ճանապարհի մեկնարկի համար հաստատ լավ ճանապարհ չեն ընտրել և, դեռ չսկսած, մեծ բիծ են թողնում վաղվա հետագծի վրա։
Սրան զուգահեռ մեկ այլ իրականություն էլ կա այս իշխանությունում, մասնավորապես «Իմ քայլը» խմբակցությունում. անցյալ ունեցողներն էլ ամբիոնից սեփական սխալներն արդարացնում են մարտական ճանապարհի որոշ դրվագներ, կոպիտ ասած, «գովազդելով»։ Սա նման է այն բարեգործությանը, որն արվում է ընդամենը հեռուստաընկերություններով ցույց տալու, և էժան հեղինակություն վաստակելու համար։ Քաղաքական վաճառասեղանին մի դրեք հայրենիք պաշտպանելու գործը, ամոթ է։
Միով բանիվ, սա մի իշխանություն է, որը չգիտի, թե ինչ է իշխանությունը, պատասխանատվությունը, պետական գործչի վարքագիծը, խոսքի կշիռը, իսկ մնացածն այս ամենի ածանցյալն է, ընդամենը հետևանք։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ