ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Судный день

Судный день
05.04.2024 | 21:56

Այսօր փրկվելու ենք:

Մինչ ՈՒրսուլա ֆոն դեր Լայեն-Բլինքեն-Փաշինյան հանդիպումը Հայաստանի լուրթ երկնակամարում «եվրաէյֆորիան» է թևածում, Ազգային ժողովում էլ ՀՀ իշխանությունների պատվերով եվրաինտեգրում է քննարկվում, Եվրոպան միակ հույսի դուռ ու ապավեն ներկայացվում, «Հայաստանը Եվրոպա է և վերջ» արտահայտություններ են հնչում՝ սեփական նախաձեռնությամբ Ալիևին է զանգում նախ Բլինքենը, այնուհետև ՈՒրսուլա ֆոն դեր Լայենը:

Ալիևին «հաշվետվություն» տալու ու հանգստացնելու համար երկուսն էլ հաստատում են, որ այսօրվա եռակողմ հանդիպումը ոչ մի կերպ ուղղված չէ Ադրբեջանի դեմ և որ օրակարգի հիմնական հարցը Հայաստանի տնտեսական զարգացումն է:

Ավելին՝ հաստատում են Ադրբեջանի հետ ունեցած և մոտ ապագայում ունենալիք փոխշահավետ համագործակցության, մեգանախագծերի իրականացման, նոր պրոյեկտների կյանքի կոչման մասին:

Ոչ մի հասցեական քննադատություն Ադրբեջանի մասին:

Ընդհակառակը, որքան Բաքուն խոսում է շանտաժի ու սպառնալիքի լեզվով, այնքան Վաշինգտոնից ու Բրյուսելից հավաստիացումներ են հնչում, որ Հայաստանին անվտանգային աջակցություն չի լինելու:

Ինչ խոսք, Ալիևը բառի բուն իմաստով իր տեղում է:

Միաժամանակ նա չգտնվելով Բրյուսելում, այդուհանդերձ մասնակցում է եռակողմ հանդիպման օրակարգի ձևավորմանն ու արդեն իսկ տեղյակ է վերջնարդյունքից:

Այնպես որ, միայն այս զանգերը բավարար է եզրակացնելու, որ Արևմուտքը չի կարող որևէ լուրջ անվտանգության երաշխիքներ տալ Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի։

Ի դեպ, մի օր չտեսանք, ու չենք էլ տեսնելու, որ նման բովանդակությամբ զանգեր գան վերոնշյալ անձանցից մեր երկրի ղեկավարին:

Այնպես, ինչպես մի օր չտեսանք, որ Արևմուտքը՝ «հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմական լուծում չունի» տխրահռչակ արտահայտությունից անդին այլ բան ասի, առավել ևս անի:

Երբ կյանքը ցույց տվեց, որ այս կոնֆլիկտը լավ էլ ռազմական լուծում ունի և որ միակ լուծումը հենց դա էր:

Ինչևէ՝ մերոնք գնացել են հանդիպման անվտանգային երաշխիքների ու ապահովության բարձիկների հետևից, բայց արի ու տես՝ օրակարգը կառուցված է այլ կոմպոնենտներից:

Ինչ խոսք, անվտանգությունից կխոսվի, երաշխիքներ տալուց՝ միգուցե ևս:

Սակայն արդյո՞ք գործնականում մենք կտեսնենք պայմանավորվածությունների արգասիքը՝ փաստ չէ:

Իսկ թե անվտանգության ապահովման քողի տակ Հայաստանի վրա ինչ է «վաճառելու» Հավաքական Արևմուտքը՝ դժվար չէ ենթադրել:

ՈՒղղակի ցավալի է, որ բրյուսելյան հանդիպման հետ կապված հայ հասարակության մոտ չափազանց ուռճացված սպասումներ, անսահման լավատեսություն ու երևակայական ակնկալիքներ են ձևավորվել:

Եվ այստեղ է, որ իռացիոնալ սպասումները, ավելորդ հույսերն ու ինքնախաբեությունը հաղթում են բանականությանը։

Փաստն այն է, որ.

* Հավաքական Արևմուտքը չի կարող և չի լինելու Հայաստանի դաշնակիցն ընդդեմ Ադրբեջանի:

Ավելին՝ չի զսպելու ալիևյան ծավալապաշտական նկրտումները:

* Որ Հայաստանը վերածվելու է Հավաքական Արևմուտք-Ռուսաստան բախման թատերաբեմ-պալիգոնի:

Անգամ ՌԴ ԱԳՆ-ի և ԱՄՆ Պետդեպի հայտարարություններն են այդ մասին խոսում:

* Որ օդից կախված խոստումների ու պատրանքների արդյունքում՝ Հայաստանը դեմարշի ՌԴ-ին ու սառնություն դրսևորի Իրանի հանդեպ:

* Որ այս հանդիպումը մեծ հաշվով «Հայաստան գործիքով» ուղղված է Ռուսաստանի և Իրանի դեմ:

Այս համատեքստում Հավաքական Արևմուտքից անկեղծ հավաստիացումով հանդես է եկել ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ով այսօր հայտարարեց, որ «ԵՄ-ն մտադիր է էականորեն աջակցել Հայաստանին, բայց ոչ մահաբեր զենքերի հարցում»:

Օրինակ, մեր ռազմական արսենալը կարող է համալրվել շարիկով ու ջրով ատրճանակներով, օպտիկայով դիպուկահար պարսատիկներով, գազի բալոնչիկներով ու էլեկտրաշոկերներով:

Ինչևէ, կարևորը մեզ բոլորիս ուզում են փրկել:

ՈՒ մեկը մյուսից է մեզ փրկում, նույն ժամանակահատվածում:

Մե՛կ մեր ոխերիմ դաշնակից ու բարեկամ Ռուսաստանն է մեզ փրկում, մե՛կ էլ՝ Արևմուտքը:

Ինքներս մեզ փրկելը, մեր անվտանգությունն ապահովելը այլևս ակտուալ չէ:

Մեզ համար դա անհնար մի բան է:

Մենք միշտ պետք է Խրիմյան Հայրիկ ու Իսրայել Օրի լինենք:

ՈՒ քանի դեռ օտարներով փրկվելու, երաշխիքներ փնտրելու, ուրիշներով սեփական հայրենիքը պաշտպանելու դեգերումների մեջ ենք՝ դեռ հիասթափվելու ենք, կորցնելու ենք, չենք խրատվելու կամ ի վերջո խրատվելու ենք, բայց արդեն ուշ է լինելու:

Ե՞րբ ենք հասկանալու, որ մեզ անվտանգության երաշխիքներ չեն տալու, որ մեր փոխարեն ոչ մեկը մեր հայրենիքը չի պաշտպանելու, մեր փոխարեն չի կռվելու, իր զինվորին Հայաստան չի ուղարկելու:

Երբ ենք հասկանալու, որ մենք դաշնակիցներ ու երաշխավորներ չունենք:

Որ մեր անելիքը սեփական բանակը զինելն ու անվտանգային միջավայր ստեղծելն է:

Իսկ դրա համար վստահեցնում եմ՝ կան նախադրյալներ:

Առավել ևս, որ Հայաստանը կաշկանդված չէ ցանկացած երկրի հետ հաստատել ռազմաքաղաքական հարաբերություններ ու ձեռք բերել սպառազինություն:

Այս առումով կան երկրներ, որոնք պատրաստակամ են համագործակցել Հայաստանի հետ:

Այո՛, Արևմուտքի, վերպետական կառույցների հետ համագործակցել միանշանակ պետք է:

Բայց համագործակցությունը պետք է լինի բալանսավորված ու հաշվարկված, այլ ոչ թե սեփական անվտանգության համար ռիսկեր ու նոր մարտահրավերներ ստեղծող:

Մանավանդ, երբ ամենօրյա ռեժիմով մեր հանդեպ տարբեր տրամաչափի սպառնալիքներ են հնչում ինչպես Ադրբեջանից ու Թուրքիայից, այնպես էլ՝ Ռուսաստանից:

Ինչևէ, հետևենք զարգացումներին:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 967

Մեկնաբանություններ