38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Պուտինը երազում է նոր միութենական պետություն կառուցելու մասին

Պուտինը երազում է նոր միութենական պետություն կառուցելու մասին
02.06.2009 | 00:00

ՆՈՐ «ԿՈՄՈՒՆԱԼԿԱ»
Ռուսաստանի պարագայում վաղուց արդեն բնութագրական է դարձել «այս երկիրը տրամաբանությամբ չես ընկալի» հայտնի միտքը։ Ավելին, այս իրողությունը ոչ միայն բազմաթիվ հաստատագրումներ է ունեցել պատմության ընթացքում, այլև այսօր վերածվել է քաղաքական առաջնահերթության։ Երկրի ուժն ու հզորությունը ցույց տալու ձգտման մեջ Ռուսաստանի ղեկավարությունը Եվրամիության կառավարող վերնախավին նույնիսկ «քարշ տվեց» Խաբարովսկ։ ՈՒկրաինայի հետ «գազային» պատերազմի հերթական փուլի հրահրումն այն պայմաններում, երբ Եվրոպան ինտենսիվորեն էներգակիրների մատակարարման այլընտրանքային ուղիներ է որոնում, դարձյալ կարելի է դիտարկել «կայսերապետական ձգտումների վերականգնման» շրջանակում։ Եվ սա այն դեպքում, երբ ինտեգրացիոն գործընթացները նախկին ԽՍՀՄ տարածքում իրականում գնալով թուլանում են։
Բազմաթիվ փորձագետների պնդմամբ` Ռուսաստանի նախկին նախագահի և ներկա վարչապետի համար նոր միութենական պետության կառուցման գաղափարը կարևորագույնն է, քանի որ Պուտինը հենց դրանում է տեսնում իր քաղաքական ապագան։ Սակայն պատմական այս փուլում ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքներն ուղղելու ձգտումը գործնականում անհնարին է։ Խորհրդային նախկին հանրապետությունների բնակչությունն ու էլիտաներն արդեն վարժվել են սեփական անկախ պետականությունը կառուցելու անհրաժեշտությանն ու այդ ճանապարհին հասել որոշակի ձեռքբերումների։ Եվ այս համատեքստում բոլորովին անիմաստ են գաղափարախոսական այնպիսի որոնումները, ինչպես, օրինակ, Ռուսաստանի վարչապետի վերջին նախաձեռնությունը` սպիտակգվարդիական հայտնի գեներալ Անտոն Դենիկինին իբրև հայրենասիրության կուռք ներկայացնելը, հատկապես նկատի ունենալով նրա դատողությունները Մալոռուսիայի` ՈՒկրաինայի վերաբերյալ։ Այս կապակցությամբ ԶԼՄ-ներն անմիջապես հիշեցին, թե ինչպես էր Ռուսաստանի վարչապետը Ջորջ Բուշին ներկայացնում ՈՒկրաինան` որպես պետություն. «Հասկանո՞ւմ եք, Ջորջ, որ ՈՒկրաինան նույնիսկ պետություն չէ։ Նրա տարածքի մի մասը Արևելյան Եվրոպան է, իսկ մեծ մասն ուղղակի նվեր է մեր կողմից»։
Մինչդեռ, ռուս-ուկրաինական հարաբերություններից զատ, ակնհայտ լարվածություն է ստեղծվում Ռուսաստան-Բելառուս հարաբերություններում։ Վերջին սոցհարցումները Բելառուսում ցույց են տալիս, որ եթե երեք տարի առաջ երկրի բնակչության մեծամասնությունը կողմ էր Ռուսաստանի հետ միութենական պետություն կազմելուն, ապա այսօր նրանց 70 տոկոսն անհրաժեշտ է համարում պահպանել երկրի անկախությունը։ Հարցվածների 40 տոկոսը նպատակահարմար է համարում երկրի մուտքը Եվրամիություն, 54,8 տոկոսը կտրականապես դեմ է, որ Բելառուսն ու Ռուսաստանը կառուցեն միութենական պետություն` միասնական վալյուտայով, խորհրդարանով, նախագահով։ Այս գաղափարին կողմ է միայն 20,4 տոկոսը, և հարցվածների 14,4 տոկոսն է կողմնակից, որ Բելառուսը մտնի Ռուսաստանի կազմի մեջ։
Այս տրամադրությունները խրախուսում է, թերևս, հենց ինքը` նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ, որն արդեն որերորդ անգամ մեղադրում է Մոսկվային պայմանավորվածությունները չհարգելու մեջ. «Նախագահները որոշումներ են կայացնում, իսկ Ռուսաստանի կառավարությունը տապալում է դրանք։ Այն ամենը, ինչի մասին մենք պայմանավորվում ենք բարձր մակարդակով և փաստաթղթեր ստորագրում, շրջափակվում է և չի կատարվում։ Եթե Ռուսաստանն է դրա նախաձեռնողը և չի ցանկանում մեզ թույլ տալ մուտք գործել իր շուկա, ապա մեր ինչի՞ն է պետք այդպիսի ինտեգրացիան»։
Մինսկում Ռուսաստանի և Բելառուսի կառավարությունների համատեղ նիստն էլ ավելի շատ նոր հարցեր է առաջացրել, քան տվել հների պատասխանները։ Շատ փորձագետների գնահատմամբ` այսքան անհաջող նիստ չէր եղել։ Կողմերը վերջին տարիներին աշխատում են ոչ թե միութենական պետության կառուցման, այլ միմյանցից տնտեսական բնույթի զիջումներ պոկելու ուղղությամբ։ Միաժամանակ ակնհայտ է, որ երկու երկրների տնտեսական հետագա ինտեգրացիան հնարավոր է քաղաքական ինտեգրացիայի պայմաններում, ինչը չի եղել, չկա և չի լինելու, քանի դեռ Մոսկվան և Մինսկը չեն պայմանավորվել միութենական պետության շրջանակներում լիազորությունների տարանջատման շուրջ։ Մինչդեռ դրան ակնհայտորեն պատրաստ չեն ո՛չ Ռուսաստանի և ո՛չ էլ Բելառուսի քաղաքական էլիտաները։ Ալեքսանդր Լուկաշենկոն ձգտում է լուրջ քաղաքական լծակներ ձեռք բերել, որպեսզի կարողանա ուղղորդել նոր միութենական պետության զարգացումը, իսկ Կրեմլը դրա հետ ակնհայտորեն համաձայն չէ։
Դեռևս Պուտին-Լուկաշենկո հանդիպման նախօրեին բազմաթիվ դիտորդներ կանխատեսում էին, որ այն հեշտ չի լինելու, քանզի չափազանց շատ էին միմյանց նկատմամբ կուտակված պահանջները։ Մասնավորապես, Մինսկում խիստ ցավագին ընդունեցին ռուսական վարկի վերջին տրանշի դիմաց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու Կրեմլի փաստացի պահանջը, ինչպես նաև ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրի շրջանակներում ռուսաստանցի գործարարներին Բելառուսում տեղի ունեցող սեփականաշնորհմանը մասնակից դարձնելու Մոսկվայի առաջարկը։ Բելառուսն իր հերթին չհամաձայնեց վարկի վերջին մասը ստանալ ռուսական ռուբլով, ինչը Մոսկվայում գնահատեցին որպես «գոտկատեղից ներքև հարված»։ Ռուսաստանը փորձում է համոզել բոլոր հետխորհրդային պետություններին, թե ռուսական ռուբլին փոխադարձ հաշվարկներում հասել է այնպիսի ծավալների, որ ԱՊՀ երկրներին ձեռնտու է ռուբլու բաժնեմասի մեծացումը գործառնական ծախսերում։ Համապատասխանաբար տեղի տվեցին ՌԴ ֆինանսների նախարար ԱԼԵՔՍԵՅ ԿՈՒԴՐԻՆԻ նյարդերը, ով էլ հայտարարեց. «Ռուսաստանը կարող է բախվել բելառուսական տնտեսության անվճարունակության փաստի հետ այս տարվա վերջին։ Մինսկին շատ ծանր ժամանակներ են սպասում»։
Ակնհայտորեն սա կարող էր վերածվել լուրջ քաղաքական սկանդալի, ինչից չէր խուսափի օգտվել փորձառու քաղաքական «կոմերսանտ» Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այդ պատճառով էլ ոչ պակաս փորձառու Վլադիմիր Պուտինն անմիջապես փորձեց հարթել իր ֆինանսների նախարարի հռետորաբանության հետևանքները, ընդգծելով, թե ծայրահեղ գնահատականները տեղին չեն և խրախուսելով բելառուս գործընկերներին տնտեսական ձեռքբերումների համար։ Միաժամանակ նշվեց, թե Մոսկվան միշտ էլ պատրաստ է աջակցելու եղբայրական հանրապետությանը։ Այդ աջակցությունն արտահայտվեց նրանով, որ ռուսական «Գազպրոմը» 9 ամսվա կանխավճար տվեց Բելառուսին` դեպի Եվրոպա ռուսական գազի տրանզիտի դիմաց, միաժամանակ Մինսկը Մոսկվայից գազ է ձեռք բերելու միջինացված գնով։ Չի բացառվում նաև, որ Ռուսաստանը Բելառուսում կկառուցի նոր ԱԷԿ, որի համար անհրաժեշտ է 9 մլրդ դոլար։ Բանակցությունների ժամանակ խոսվեց միասնական մաքսային միություն ստեղծելու մասին, Պուտինը խոստացավ, որ եթե բելառուսական արտադրողներն այլ արտադրողների համեմատ անգամ 15 տոկոս ավելի թանկ ապրանքներ առաջարկեն, ապա մրցույթների ժամանակ առավելություն կտրվի բելառուսական ապրանքներին։
Այսպիսի զիջումներ Կրեմլը վաղուց ոչ մեկին չի արել, ինչը ոչ մի կերպ չի համադրվում հռչակված «իրատեսական մոտեցումների» հետ տնտեսական քաղաքականության ոլորտում։ Եվ չնայած «կառուցողական» հանդիպմանը, Բելառուսի նախագահը հերթական անգամ ցնցեց Կրեմլին իր հայտարարություններով։ Նա, մասնավորապես, պահանջեց կառավարությունից և պատասխանատու պաշտոնյաներից` դադարեցնել Ռուսաստանից օգնություն խնդրել և տնտեսական համագործակցության այլ ուղիներ որոնել։ «Այսօրվանից այդ ժամանակն ավարտված է, գալիս է ուրիշ ժամանակ։ Եթե որևէ բան Ռուսաստանում չի ստացվում, պետք չէ գնալ խոնարհվել ու լաց լինել։ Պետք է երջանկություն որոնել երկրագնդի այլ մասերում։ Ես սա ասում եմ գիտակցված և հրապարակավ»,- հայտարարեց Ալեքսանդր Լուկաշենկոն։
Սա, անշուշտ, չի նշանակում, թե նոր միութենական պետություն կառուցելու Կրեմլի փորձերը, քաղաքական և տնտեսական նախաձեռնություններն այսուհետ կդադարեն։ Այդ ամենը չի վերջանա այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանի քաղաքական դասակարգն ի վիճակի չի լինի ոչ թե թղթի վրա, այլ ներքին համոզմունքով ընկալելու ԱՊՀ երկրները որպես անկախ պետություններ։ Սակայն միաժամանակ փաստ է, որ ցանկացած գործընթաց, ինչը զուրկ է գաղափարական ընդհանրություններից ու իրական ձգտումներից, ԱՊՀ երկրների համար, այդ թվում` նույն Ռուսաստանի, դառնալու է պրոբլեմ, օտարացման ու թշնամանքի պատճառ հետխորհրդային տարածքում։ Հայտնի խորհրդային այլախոհ ԱՆԴՐԵՅ ԱՄԱՐԼԻԿԸ, որ դեռ 1960-ականների վերջին կանխատեսել էր ԽՍՀՄ-ի փլուզումը, գրել է. «Ինչպես քրիստոնեության ընդունումը 300 տարով երկարացրեց Հռոմեական կայսրության կյանքը, այնպես էլ կոմունիզմի գաղափարը մի քանի տասնամյակով ձգձգեց Ռուսական կայսրության գոյությունը»։
Փաստենք` այսօրվա ռուսական վերնախավը նախկին կոմունալ բնակարանի հարևաններին առաջարկելու որևէ բան այլևս չունի։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2644

Մեկնաբանություններ