38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Վոլֆ Մեսսինգը և փաստահավաք խմբի եզրակացությունը

Վոլֆ Մեսսինգը և փաստահավաք խմբի եզրակացությունը
08.05.2009 | 00:00

ՔԱՂԱՔԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ
Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի ուսումնասիրությունների առաջին արդյունքը՝ ոստիկանության սպա Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքներին վերաբերող նյութերը խորհրդարանական հանձնաժողով ուղարկելուց անմիջապես հետո, հայտնվեց մամուլում։ Ըստ հրապարակված փաստաթղթի, նախաքննության մարմինն ամեն ինչ արել է՝ թաքցնելու որոշակի փաստեր։ Նշենք, որ հանրապետության նախագահի կարգադրության համաձայն՝ փաստահավաք խմբի աշխատանքը գործունեության ամբողջ ընթացքում լուսաբանման ենթակա չէ։ Խմբի նիստերն անցկացվում են դռնփակ։ Խմբի անդամներն իրավունք չունեն զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ մեկնաբանել կամ բացահայտել խմբի քննարկած հարցերը, կատարած աշխատանքները, ձեռք բերած փաստերը։ Եվ այս դեպքից հետո փաստահավաք խումբը մայիսի 4-ից 18-ը ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը. խմբի 5 անդամներից 3-ը որոշել են արձակուրդ գնալ։ Ընդդիմությունն այս գործելաոճը համարում է իշխանությունների ճնշման հետևանք և կարծում է, որ խումբն արձակուրդ գնալու իրավունք չունի։
Այնուամենայնիվ, ինչո՞ւ որոշվեց արձակուրդ գնալ. այս հարցն ուղղեցինք խմբի՝ կոալիցիան ներկայացնող անդամ ՌՈԲԵՐՏ ԱՎԱԳՅԱՆԻՆ
։
-Խմբի ղեկավարը համոզված է, որ ճիշտ կլիներ երկու շաբաթով արձակուրդ գնալ։ Մենք էլ կարծում ենք, որ առանց ղեկավարի իմաստ չունի շարունակել աշխատանքները։ Անձամբ ես նույնպես արձակուրդի մեջ եմ մինչև մայիսի 18-ը։
-Խումբն արձակուրդ գնալու իրավական հիմքեր ունի՞։
-Համաձայնեք, որ արձակուրդ չգնալու իրավական հիմքեր էլ չկան։ Եվ, բացի այդ, չկան նաև ինֆորմացիայի արտահոսք տալու իրավական հիմքեր։ Ավելին, ՀՀ նախագահի կարգադրության մեջ ուղղակիորեն նշված է, որ խումբը պետք է աշխատի փակ ռեժիմով։
-Ըստ Ձեզ, այդ արտահոսքն ո՞ւմ կողմից է եղել։
-Ժողովրդական ասացվածք կա. 40 օրվա մեջ ամեն ինչ բացահայտվում է։ Եվ երկրորդ՝ ես չեմ թերագնահատում մեր լրագրողների ու լրատվամիջոցների կարողությունները։ Նրանք բոլոր հնարավորություններն ունեն՝ պարզելու, թե արտահոսքը ե՞րբ և ո՞ւմ կողմից է եղել։ Համենայն դեպս, մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նախագահը հավաստիացրել է, որ ինքն այդ փաստաթուղթը դրել է չհրկիզվող պահարանի մեջ, և կարծեմ ժամանակին ունեինք Վոլֆ Մեսսինգ անունով մի անձնավորություն, որը կարողանում էր կարդալ, թե չհրկիզվող պահարանում ինչ կա։ Հիմա կա՛մ այդպիսի մեկն է հայտնվել, կա՛մ ինքներդ փնտրեք և գտեք։ Ես կարծում եմ՝ հաջողության կհասնեք։
-Իսկ ինչո՞ւ փաստահավաք խումբը որոշեց արձակուրդ գնալ հենց փաստաթղթի հրապարակումից հետո։
-Եթե ինձ հետ համաձայնվեք, որ մեր իրականության մեջ ամեն ինչ փոխկապակցված է, երևույթները գտնվում են պատճառահետևանքային կապի մեջ, և եթե հրապարակումից հետո արձակուրդը կայացավ, ապա կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, այդ թվում՝ այնպես, ինչպես Դուք ասացիք։
-Փաստահավաք խմբի ներսում կոալիցիայի և ընդդիմության անդամների փոխհարաբերությունները նորմա՞լ են, աշխատանքայի՞ն, թե՞…
-Մենք անկախ փորձագետներ ենք, և եթե ինձ կոալիցիան է ուղարկել, չի նշանակում՝ ես կոալիցիայի ներկայացուցիչն եմ։ Եվ փառք Աստծո, ոչ ոք ոչ մի տեղ ինձ չի կանչել ու ոչինչ չի թելադրել։ Ես անկախ փորձագետի կարգավիճակում եմ ու ինձ իսկապես անկախ եմ զգում։ Ինչ վերաբերում է խմբում տիրող մթնոլորտին, ապա պատասխանելով այդ հարցին՝ ես դուրս կգամ նախագահի կարգադրության շրջանակներից։ Այդ ամենի մասին՝ մեր առաքելության ավարտից հետո։
-Չե՞ք կարծում, որ այն ամենը, ինչ տեղի ունեցավ, Երևանի ավագանու ընտրություններից առաջ քաղաքական իրավիճակը լարելու նպատակ ունի։
-Եթե Դուք պարզեք արտահոսքի աղբյուրը, կպարզվի նաև՝ մարդիկ իրավակա՞ն նկրտումներ ունեին, թե՞ քաղաքական։ Բացի այդ, ըստ իս՝ հարցը հանրայնացնել դեռ չի նշանակում բացահայտել դրա իրավաբանական կողմը, որովհետև համապատասխան մարմնի կողմից եղավ նաև հրապարակում փաստահավաք խմբի դեմ, որտեղ խումբը մեղադրվում է փաստերը կեղծելու համար։
-Պարոն Ավագյան, ամեն կերպ պատասխաններից խուսափում եք։
-Եթե ես՝ որպես իրավաբան, հարազատ եմ մնում նախագահի կարգադրության նորմերի բովանդակությանը, և եթե դա համարում եք խուսանավում, ապա համարեք։ Ես մեկ անգամ նշել եմ, որ եթե մեզ համար թանկ է 10 զոհերի հիշատակը, պետք է թողնեն՝ հանգիստ աշխատենք։ Իսկ հանգիստ աշխատելու հիմքեր մենք ունենք։
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2702

Մեկնաբանություններ